Հանրագիտարան

Ագամեմնոն

Ագամեմնոնը (հունարեն՝ Ἀγαμέμνων), հին հունական առասպելներում՝ Միկենեի (կամ Արգոսի) թագավորն էր, Միկենեի թագավոր Ատրեոսի և թագուհու՝ Աերոպեի որդին, և Մենելաոսի եղբայրը։

Կենսագրություն

Թիեստեսի կողմից Ատրեոսի սպանությունից հետո Ագամեմնոնը և իր եղբար Մենելասը ապաստան գտան Սպարտայի արքա Տինդարեոսի մոտ, որտեղ և ամուսնացան նրա դուստրների՝ Կլիտեմնեստրայի և Հեղինեի հետ։ Կլիտեմնեստրայից Ագամեմնոնը ունեցավ մեկ որդի՝ Օրեստես և երեք դուստր՝ Իփիգենիա, Էլեկտրա և Քրիսոթեմիս։ Մինելաոսը հաջորդեց Տինդարեոսին՝ որպես Սպարտայի թագավոր, իսկ Ագամեմնոնը հաստատվեց իր հոր գահին։
 
Տրոյայի պատերազմ
 
Երբ Տրոյայի արքա Պրիամոսի որդի Պարիսը (Ալեքսանդրը) առևանգեց Հեղինեին՝ Մենելաոսի կնոջը, Ագամեմնոնը կոչ հղեց երկրի բոլոր իշխանավորներին՝ միավորվել տրոյացիների դեմ պատերազմում և Տրոյայից վրեժ առնել՝ այդ առևանգության դիմաց։ Ինքն անձամբ պատրաստեց և անձնակազմով ապահովեց 100 նավ և ընտրվեց միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։ Նավատորմը հավաքվեց Բեովտիայի Ավլիդա նավահանգստում և պատրաստվում էր ուղղվել դեպի Փոքր Ասիայի ափերը, բայց մեռյալ անհողմությունը և նույնիսկ հանդիպակաց քամիները խոչընդոտ հանդիսացան իրենց։ Խանգարող քամիները ուղարկել էր Արտեմիս աստվածուհին, որովհետև Ագամեմնոնը նախկինում ինչ-որ կերպով անարգել էր նրան։ Արտեմիսի զայրույթը մեղմացնելու համար Ագամեմնոնը զոհաբերում է իր դստերը՝ Իփիգենիային։
 
Ագամեմնոնի սպանությունը
 
Հույների կողմից Տրոյան գրավելուց հետո Պրիամոսի դուստր Կասանդրան հայտնվեց Ագամեմնոնի սեփականությունը դարձած գերևարված տրոյացիների խմբում։ Հունաստան վերադառնալով, Ագամեմնոնը կայանեց Արգոլիսում, որտեղ ինքը, իր զինակիցները և Կասանդրան դավադրորեն սպանվեցին Էգիսթոսի կողմից, որը մինչ այդ սիրային հարաբերությունների մեջ էր Ագամեմնոնի կին Կլիտեմնեստրայի հետ։ Սակայն հույն բանաստեղծ Էսքիլոսի համաձայն, Ագամեմնոնի սպանությունն ի կատար է ածվել միայն Կլիտեմնեստրայի կողմից։ Հոր սպանության վրեժն առավ Օրեստեսը, որը վերադառձավ և սպանեց իր մորն ու նրա սիրեկանին։
 
Ագամեմնոնի պաշտամունքը
 
Ըստ երևույթին, Ագամեմնոնը պատմական անձ էր, մայրցամաքային Հունաստանի միկենական կամ աքեական պետությունների արքայից արքա։ Հելլենական ժամանակաշրջանում նա Սպարտայում պաշտվում էր որպես «Զևս Ագամեմնոն» աստվածություն։
 
Ագամեմնոնը Հոմերոսի Իլիականի գլխավոր գործող անձանցից մեկն է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: