Հանրագիտարան

Հոմերոս

Հոմերոսը (հին հունարեն՝ Ὅμηρος) հին հույն էպոսագիր բանաստեղծ է։ Ըստ ավանդության`   կույր երգիչ: Հոմերոսի գրչին են պատկանում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ`   «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները։

 

Կյանքը
 
Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել: Ստույգ հատնի չէ, անգամ, թե հունական որ քաղաքում է նա ծնվել: Հնում 7 քաղաք`   Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը: Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան արշիպելագի Իոս կղզում:
 
Հոմերոսյան հարցը
 
Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել: Սակայն 1795թ. գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է: Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին», այսինքն այն հարցին, թե ո՞ւմ է պատկանում Հոմերոսին վերագրվող երկու պոեմների հեղինակությունը: Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
  • պոեմների հեղինակը Հոմերոսն է
  • պոեմներն ունեն բանահյուսական ծագում և խմբային ստեղծագործության արդյունք են
  • պոեմները կազմված են առանձին երկերից, որոնք մեկը վերցրել և կցել է իրար
  • պոեմների հիմքը եղել է փոքրածավալ մի ստեղծագործություն, որի վրա տարբեր հեղինակներ ժամանակի ընթացքում ավելացրել են նոր հատվածներ:
Հոմերոսի պոեմները
 
Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.: Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը: «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ: Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով:
 
Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–`   շեշտված վանկ, ս`   անշեշտ/: Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել: Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել: Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: