Հանրագիտարան

Հունաստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Աթենք
Տարածքը՝ 131,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 11,1 մլն
Պետական լեզուն՝ հունարեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ դրահմա)

Հունաստան (հունարեն՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս տարածքի մեջ է մտնում նաև Պիրեուս համայնքը). Համաձայն 2011 թ. մարդահամարի նախնական տվյալների ունի 11 միլիոն բնակիչ։ Հունաստանը հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի տարածքը արևելքից ողողում է Էգեյան ծովը, արևմուտքից`   Հոնիական ծովը, իսկ հարավից`   Միջերկրական ծովը։

Հունաստանը ջրափնյա գծի երկարությամբ (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտավորապես 1․400, որից 227-ը բնակեցված), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի 80%-ը լեռներ են, որոնցից ամենաբարձրը Օլիմպոսն է`   2917 մ բարձրությամբ։
Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության, Արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, Արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և Արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, ծննդավայրն է։
Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։
Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության անդամ է, իսկ 2001-ից Եվրագոտու, ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով, Համաշխարհային բանկի 2010 թ. տվյալներով կյանքի որակի մակարդակով աշխարհում 21-րդն է։
 
Անվանում
Երկրի հայերեն անվան հիմքում ընկած է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափի և հարակից կղզիների հին հունական Հոնիա անունը։ Հույներն իրենք իրենց երկիրն անվանում են Հելլաս (Հելլադա), որը նշանակում է «հելլենների երկիր»։ Այս ինքնանվանումն առաջացել է հունական գաղութացման դարաշրջանում (մ․թ․ա․ 8-6 դդ․)։ Ըստ հունական առասպելների այն ծագում է հույների առասպելական նախահոր Հելլենոսի անունից։
Հռոմեացիները հին հույներին անվանել են գրեկներ։ Սկզբում այս անվանումը միայն վերաբերում էր հարավային Իտալիայի հույն գաղութաբնակներին, սակայն հետագայում լայն տարածում գտավ եվրոպական ժողովուրդների մոտ։ Հունաստանը լատիներեն կոչվում է Graecia, ֆրանսերեն՝ Grèce, անգլերեն՝ Greece, գերմաներեն՝ Griechenland, ռուսերեն՝ Греция։

 

 

Աշխարհագրություն
Հունաստանը լեռնոտ երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավային մասում, որն ավարտվում է Պելոպոնես թերակղզով (բաժանված է մայրցամաքային մասից ջրանցքով) և երկրի մայրցամաքային մասի ու Փոքր Ասիայի ափերին հարող կղզիների վրա։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 131 994 կմ²։ Սահմանակից է Ալբանիա, նախկին Հարավսլավական Մակեդոնիա հանրապետության, Բուլղարիայի և Թուրքիայի հետ: Հունաստանը շրջապատում է Միջերկրական ծովը, իր Հոնիական, Էգեյան ծովերով, իսկ Կրետեի հարավային ափերը նաև Լիբիական ծովը։
Իր չափազանց կտրտված ափեզրի պատճառով, Հունաստանը աշխարհում 11-րդն է ափեզրի երկարությամբ`   13 676 կմ, այն դեպքում երբ նրա ցամաքային սահմանը ընդամենը 1160 կմ է։ Երկիրը գտնվում է մոտավորապես 34° և 42° աստիճանի հյուսիսային լայնությունների, և 19° և 30° E արևելյան երկայնությունների միջև։
Հունաստանի տարածքի մեջ են մտնում մեծ քանակով կղզիներ, կղզու տարբեր սահմանումներով 1,200-ից 6,000[55], որոնցից 227 բնակեցված են։ Կրետեն ամենամեծ և ամենաշատ բնակչությամբ կղզին է, երկրորդը Էուբեան է, այն բաժանված է մայցամաքից ընդամենը 60 մ լայնությամբ Էուրիպուս նեղուցով, այս երկու կղզիներին հետևում են Հռոդոսը և Լեսբեսը։
Հունական կղզիները ավանդորեն բաժանված են հետևյալ խմբերի`   Արգո-Սարոնիկ կղզիներ տեղակայված Սարոնիկ ծոցում, Աթենքի մոտ, Կիկլադներ խիտ կղզիների խումբ է տեղակայված Էգեյան ծովի կենտրոնական մասում, Հյուսիսային Էգեյան կղզիներ, նոսր կղզիների խումբ Թուրքիայի արևմտյան ափեզրի մոտ, Դոդեկանես ևս մեկ նոսր խումբ հարավ-արևելքում Թուրքիայի և Կրետեյի միջև, Սպորադներ, փոքր խիտ խումբ Էուբեայի ափեզրին մոտ, և Հոնիական կղզիներ որոնք տեղակայված են Հոնիական ծովում երկրի արևմտյան ափեզրի մոտ։
 
Հունաստանի մոտ ութսուն տոկոսը լեռնային կամ բլրոտ տարածքներ են, երկիրը Եվրոպայի ամենալեռնային երկրներից մեկն է։ Երկրի ամենաբարձր կետն է Միթիկաս պիկը (2917 մ) որը գտնվում է Օլիմպոս լեռան վրա։ Արևմտյան Հունաստանը ունի մի քանի լճեր և ջրա-ճահճային տարածքներ և շրջապատված է Պինդուս լեռնաշղթայով։ Պինդուսը, որը հանդիսանում է Դինարյան Ալպերի շարունակությունը, վեր է խոյանում մինչև 2637 մ (Սմոլիկաս լեռը, Հունաստանում բարձրությամբ երկրորդը) և պատմականորեն եղել են մեծ խոչնդոտ արևելք-արևմուտք առևտրի համար։
Պինդուս լեռնաշղթան շարունակվում է դեպի կենտրանական Պելոպոնես, հատում է Կիթերա և Անտիկիթերա կղզիները և շարունակվում է դեպի Էգեյան ծով հարավ-արևմտյան մասը, որտեղ այն ավարտվում է Կրետե կղզով: Էգեյան ծովի կղզիները ստորջրյա լեռների պիկերն են։ Պինդուսի առանձնահատկություններն են բարձր, ուղղաձիգ գագաթները, որոնք հաճախ կտրտված են բազմաթիվ կիրճերով և ձորերով, և մի շարք այլ կարստային լանդշաֆտներով։ Պինդուսում, Վիկոս Աուս Ազգային պարկում է գտնվում Վիկոս կիրճը, որը գրանցված է Գինեսի գրքում, որպես աշխարհի ամենախորը կիրճը: Մեկ այլ նշանակալի ձևավորում է Մետեորաի ժայռե սյուները, որոնց գագաթների վրա կառուցվել էին միջնադարյան Հունական ուղղափառ վանքեր։
Հյուսիս-արևելյան Հունաստանում է գտնվում ևս մի բարձրադիր լեռնաշղթա`   Ռոդոպի լեռնաշղթան, որը տարածվում է արևելյան Մակեդոնիա և Թրակիա շրջանում, այս տարածքը ծածկված է ընդարձակ, խիտ, հնագույն անտառներով, այստեղ է գտնվում նաև հայտնի Դադիա անտառը է։
Թեսալիայում, Կենտրոնական Մակեդոնիայում և Արևմտյան Թրակիայում հիմնականում հարթավայրեր են։ Դրանք կարևոր տնտեսական նշանակություն ունեն, քանի-որ երկրի սակավ մշակվող հողատարածքների մեծ մասը այստեղ է գտնվում։
 
Ռելիեֆ
Հունական լանդշաֆտը ժայռոտ, հաճախ ողորկ լեռների, խիտ բնակեցված հովիտների, բազմաթիվ կղզիների, նեղուցների և ծոցերի հաջորդականություն է։ Լայն տարածում ունեն կիրերը, հատկապես երկրի արևմտյան մասում, սա բերել է կարստային ձագարների և քարանձավների առաջացմանը։ Լեռնային մասիվները զբաղեցնում են Հունաստանի տարածքի համարյա չորրորդ մասը: Սա հիմնականում միջին բարձրության լեռներ են (մինչև 1200—1800 մ)։ Հունաստանի ամենաբարձր կետն է Օլիմպոս լեռը (2917 մ)։ 2000 մետրից բարձր են խոյանում նաև Պինդոսները, Պարնասը, Կենտրոնական Հունաստանի լեռնաշղթան և Տայգետը: Հարթավայրերը քիչ են, հիմնականում գտնվում են երկրի կենտրոնական մասում և Պելոպոնեսում։

 

 

Կլիմա
Հունաստանի կլիման կարելի է բաժանել երեք տեսակի`   միջերկրածովյան, ալպիական և չափավոր, որոնցից ամեն մեկը խիստ կապված է տեղանքի հետ։ Պինդոս լեռնաշղթան ուժեղ ազդեցություն ունի երկրի մայրցամաքային մասի կլիմայի վրա, նրանից արևմուտք գտնվող շրջանները (Էպիրոս) ստանում են ավելի շատ տեղումներ, քան արևելքում գտնվող Թեսալիան։
Միջերկրածովյան կլիման բնութագրվում է փափուկ խոնավ ձմեռներով և շոգ ու չոր ամառներով։ Այս տեսակի կլիմայական գոտում են գտնվում Կիկլադները, Դոդեկանեսը, Կրետեն, Պելոպոնեսի արևելյան մասը և Կենտրոնական Հունաստանը։ Այստեղ ջերմաստիճանը հաճախ հասնում է ռեկորդային արժեքների, իսկ ձմռանը նույնիսկ Կիկլադներում և Դոդեկանեսի կղզիներում հնարավոր է ձյան տեղումներ։
Կլիմայի ալպիական տեսակը ավելի բնորոշիչ է երկրի լեռնային հատվածներին`   Էպիրոս, Կենտրոնական Հունաստան, Արևմտյան Մակեդոնիա, Թեսալիայի մի մասը, ինչպես նաև Աքեա, Արկադիա և Լակոնիա նոմերը։
Արևելյան Մակեդոնիա և Թրակիա շրջանը կարելի է հատկացնել չափավոր կլիմայական գոտուն, համեմատաբար ցուրտ և խոնավ ձմեռնեով և տաք ու չոր ամառներով։
Աթենքը գտնվում է անցումային գոտում, որտեղ միավորվում են երկու կլիմայական գոտիները`   միջերկրածովյան և չափավոր։ Աթենքի հյուսիսային մասում գերակայում է չափավոր կլիման, իսկ կենտրոնական և հարավային մասերը ունեն միջերկրածովյան կլիմայի հատկանիշներ։
 
Գետեր
Նեղ և լեռնոտ Հունական թերակղզում մեծ գետային համակարգեր չէին կարող առաջանալ։ Գերակշռում են լեռնային գետակները, գեղատեսիլ սահանքներով և ջրվեժներով, որոնք հոսում են դեպի ծովը նեղ կիրճերով։ Հունաստանի ամենաերկար գետը Ալյակմոնն է (ավելին քան 300 կմ)։ Մյուս մեծ գետերն են Էվրոսը, Նեստոսը, Ստրիմոնը, Վարդարը և Աքելոոսը։ Գետերը նավարկելի չեն, սակայն ունեն կարևոր դեր որպես էլեկտրաէներգիայի աղբյուր։
 
Լճեր
Հունաստանում հաշվվում են ավելին քան 20 լիճ, որոնց մակերեսը գերազանցում է 10 կմ²։ Ամենախոշորները և խորերը ունեն տեկտոնական ծագում, դրանցից են Տրիխոնիսը (95,5 կմ²), Վոլվին (75,6 կմ²), Վեգորիտիսը (72,5 կմ²)։ Շատ են կարստային ծագման լճերը, նրանք որպես կանոն մեծ չեն և սնվում են հիմնականում ստորերկրյա ջրերով։ Դրանցից ամենամեծն է Յանինան (22 կմ²)։
 
Կղզիներ
Նավագիո ծովածոցը, Զակինթոս կղզու վրա
Հունաստանի կազմի մեջ են մտնում ավելին քան 2000 կղզիներ, խոշոր Կրետե և Էուբեա կղզիներից մինչև փոքրիկ Պատմոս, Քրիսի և Կաստելորիզո կղզիները: Կղզիները կազմում են ամբողջ Հունաստանի տարածքի մոտ 20%։
Բոլոր կղզիները բաժանվում են մի քանի խմբերի`  
Հոնիական կղզիներ, գտնվում են Հոնիական ծովում, Հունաստանի արևմտյան ափերի մոտ։ Ամենամեծ կղզին է Կեփալոնը։
Հյուսիսային Էգեյան կղզիներ, գտնվում են Էգեյան ծովի հյուսիսային մասում, Թուրքիայի ափերի մոտ։ Ամենամեծ կղզին է Լեսբոսը։
Կիկլադներ, գտնվում են Էգեյան ծովի կենտրոնում։ Հինավուրց զարգացած Կիկլադական մշակույթի կենտրոնը։ Այստեղ գտնվում են հիմնականում ոչ մեծ կղզիներ`   Անդրոսը, Նակսոսը, Միկնոսը, Սանտորինին։
Դոդեկանես, գտնվում է Էգեյան ծովի հարավային մասում, Թուրքիայի ափերի մոտ։ Երբեմն նրանց անվանում են Հարավային Սպորադներ։ Սա Հունաստանի զբոսաշրջիկության կարևորագույն կենտրոն է: Ամենամեծ կղզին է Հռոդոսը։
Կրետե, Հունաստանի ամենամեծ կղզին: Հինավուրց Կրետեական քաղաքակրթության կենտրոնը։ Կղզու մոտակայքում գտնվում են բազմաթիվ փոքր կղզիներ (Քրիսի և այլն)։ Կղզու հարավային ափերը լվացվում են Լիբիական ծովով։
 
Օգտակար հանածոներ
Հունաստանը չունի օգտակար հանածոների զգալի պաշարներ։ Առավել լայնորեն տարածված և մշակվում են լիգնիտի հանքերը, կամ թույլ-ածխացած կարմիր ածուխ։ Այն հանդիսանում է Հունաստանի հիմնական ջերմային պաշարը: XX-րդ դարի վերջում Էգեյան ծովում հայտնաբերվեցին նավթի և գազի փոքր հանքավայրեր, կատարվում է դրանց մշակումը։
Հունաստանը համեմատաբար հարուստ է հանքաքարային օգտակար հանածոներով։ Դրանք են երկաթի, մանգանի, նիկելի, քրոմի, պղնձի և պոլիմետաղական հանքաքարեր: Ատտիկայում, Լավրիում քաղաքի մոտ, հին Աթենքի ժամանակներից կատարվում է արծաթի և կապարի արդյունահանում։
Թրակիայում արդյունահանվում են սուլֆիդային և նիկելային ապարներ։
Նակսոս կղզու վրա է գտնվում աշխարհում ամենախոշոր հղկաքարի հանքը։ Սանտորինի և Նիսիրոս կղզիների վրա կատարվում է պեմզայի զանգվածային արդյունահանում։ Կիկլադների վրա արդյունահանում են շինարարական նյութեր`   մարմար, գրանիտ, կրաքար և ավազաքար։
Հունաստանում կան բոքսիտների, կամ ալյումինի հանքաքարի զգալի պաշարներ։ Երկրաբանների գնահատականներով դրանք կազմում են մոտ 650 միլիոն տոննա, ինչը դարձնում է Հունաստանը Եվրոպայում այս տեսակի հանքաքարի խոշորագույն արդյունահանող։
 
Բնություն
Հունաստանի տարածքում պահպանվել են ոչ այնքան շատ վայրի կենդանիների տեսակներ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող մարդու ազդեցությամբ ակտիվորեն վերացել են տեղի բույսերը և կենդանիները։ Այստեղ բնակվող կենդանիներից բնորոշիչ են փոքր կենդանիները`   նապաստակները, փորսուղները, մացառախոզերը և տարբեր մկներ։
Խոշոր կաթնասուններից առավել տարածված են գորշ արջը, շնագայլը, աղվեսը, լուսանև և վայրի խոզը։ Բազմաթիվ կենդանիների տեսակներ մտցված են Կարմիր գրքի մեջ, նրանց մեջ միջերկրածովյան ծովային կրիան և ճգնավոր-փոկը։ Հունաստանում տարածված են սողունները, օձեր և մողեսներ։ Թռչյուններից այստեղ առավել հաճախ կարելի է հանդիպել վայրի բադեր, ծղնիներ և կաքավներ, ինչպես նաև գիշատիչներից`   բվեր, արծիվներ և ուրուրներ։ Ափամերձ տարածքներում պատահում են շատ որորներ, իսկ Հունաստանի ջրերում կա կակղամորթների և ձկների հսկայական բազմազանություն, չնայած վերջին ժամանակներուն նրանց պաշարները զգալիորեն նվազել են։
Հունաստանի տարածքում տարածված են ավելին քան 5000 տեսակի բույսեր։ Լայն տարածում ունեն ոչ մեծ բույսերը և թփուտները`   մակվիսները, մշտադալար, փշոտ թփուտներ։ Խալկիդիկի թերակղզու վրա հաճախ հանդիպում են սոճու անտառներ: Տարածված են նոճիները և սոսիները։ Այս ծառերից որոշների տարիքը հասնում է մի քանի հազար տարի։ Շատ տարածված է ձիթենիները, Հունաստանի և ամբողջ միջերկրածովյան շրջանի առավել թանկ գնահատվող ծառերը։
 
Վարչական բաժանում
Նախկինում Հունաստանը բաժանվում էր 13 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանվում էին 54 նոմերի (կամ պրեֆեկտուրաների)։ Ինչպես նաև Հունաստանի կազմի մեջ էր մտնում մեկ ինքնավար շրջան՝ Այոն Օրոս (Սուրբ լեռը) Աֆոն լեռան շրջակայքում, եկեղեցական պետություն, որը կառավարվում է 20 աֆոնյան վանական միաբանությունների ներկայացուցիչների խորհրդով։ Իրական ինքնավարություն գոյություն ուներ նոմերի մակարդակում և ավելի փոքր կազմավորումներում՝ համայնքապետարաններում։ Համայնքապետարանը գլխավորում էր համայնքապետը, նոմերը՝ նահանգապետերը։
Սակայն, 2011 թվականի հունվարի 1-ից, համաձայն Կալիկրատիսի ծրագրի, Հունաստանի վարչական կառավարման համակարգը արմատապես փոխվեց։ Նախկին 13 վարչական շրջաններ, 54 նոմեր և 1033 համայնքապետարաններ համակարգը փոխվեց 7 ապակենտրոնացված վաևչակազմերով, 13 շրջաններով և 325 համայնքապետարաններով։ Շրջանները և համայնքապետարանները ամբողջովին ինքնավար են, սկսած արդեն իսկ առաջին ընտրություններից, որոնք տեղի էին ունեցել 2010 թվականի նոյեմբերի 7-ին և 14-ին։ Իսկ ապակենտրոնացված վարչակազմերը կառավարվում են գլխավոր քարտուղարի կողմից, որին նշանակում է Հունաստանի կառավարությունը։ Ինքնավար վանական միաբանության պետությունը ազատված է այդ ռեֆորմներից։
Հունաստանի մայրաքաղաք, Աթենքը (հունարեն՝ Αθήνα), աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և միաժամանակ Եվրոպայի ամենաերիտասարդ մայրաքաղաքներից մեկն է, այս կարգավիճակը քաղաքը ստացել է միայն 1834 թվականին XIX-րդ դարի Հունաստանի ազգային ազատագրական պատերազմից հետո։ Այժմ մայրաքաղաքում են ապրում երկրի ամբողջ բնակչության մոտ 35%-ը։
Սալոնիկը (հունարեն՝ Θεσσαλονίκη, Հունական Մակեդոնիա շրջանի մայրաքաղաքն է, գտնվում է Թերմանիկոս ծովածոցի ափեզրին։ Երկար դարերի ընթացքում Սալոնիկը եղել է Հելլադայի կարևորագույն մշակութային և կրոնական կենտրոն։ Այսօր, այն նաև հզոր տնտեսական և կրթական կենտրոն է։ Ամեն տարի Սալոնիկում անցկացվում է աշխարհում ամենախոշոր Միջազգային ցուցահանդեսներից մեկը, իսկ այստեղ գտնվող Արիստոտելի համալսարանը խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է Հունաստանում։
Ինքնավար շրջանի կարգավիճակ ունի Աֆոն վանական միաբանության պետությունը, որը գտնվում է Խալկիդիկի թերակղզու արևելյան թևի, Այոն Օրոսի, կենտրոնական և հարավային մասում։ Դա քսան վանքերի ինքնավար համայնք է, որը սկսած 1313 թվականից գտնվում է Կոնստանտինոպլսի Պատրիարքի անմիջական եկեղեցական ենթակայության տակ։ Ի տարբերություն Կոնստանտինոպլսի Պատրիարքայանի մյուս թեմերի այստեղ օգտագործվում է հուլյան օրացույցը, այդ թվում նաև վարչական փաստաթղթերում։ Ամբողջ աշխարհի ուղղափառների համար Աֆոնը ամենասուրբ վայրերից մեկն է, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգություն։

 

 

Մուտքը Եվրամիություն
Հիմնվելով մի շարք չափանիշերի վրա (գնաճ, բյուջեի դեֆիցիտ, պետական ​​պարտք, երկարաժամկետ տոկոսադրույքներ, փոխարժեք)՝ 2000թ հունիսի 19-ին Հունաստանը Եվրախորհրդի կողմից ընդունվեց Եվրամիության Արժույթի միջազգային հիմնադրամ։ 2004թ նոր ժողովրդավարական կառավարության կողմից կատարված աուդիտից հետո, Եվրոստատը ցույց տվեց, որ բյուջեի դեֆիցիտի վիճակագրությունն իջել է։ 
Վերստուգված բյուջեի դեֆիցիտի տարբերությունների մեծ մասը կապված էին նոր կառավարության հաշվապահական հաշվառման ժամանակավոր փոփոխության հետ, այսինքն՝ արձանագրված ծախսերի մեջ է մտել ռազմամթերքը, որն ավելի շատ պատվիրվել է, քան ստացել։ Ինչևէ դա Եվրոստատի Եվրոպական հաշիվների համակարգի մեթոդաբանության ետգործուն կիրառումն էր, որը վերջապես բարձրացրեց 1999թ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.38%-ի՝ գերազանցելով 3%-ի սահմանը։ Սա հանգեցնում է այն պնդմանը (նման պնդումներ արվել են նաև եվրոպական այլ երկրների՝ օրինակ Իտալիայի շուրջ), որ Հունաստանը չի բավարարում բոլոր 5 չափանիշերին, և որ երկիրը մտել է Եվրագոտի «կեղծ» դեֆիցիտային թվերի շնորհիվ։
2005թ Հունաստանի վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցում պարզորոշ ասվում է, որ հաշվապահական հաշվառման նոր կանոնների ազդեցությունը 1997-1999թթ ֆինանսական ցուցանիշերի վրա տատանվում էր ՀՆԱ-ի 0.7%-1%: Մեթոդաբանության ետգործուն այս փոփոխությունն առաջացրել է վերստուգված դեֆիցիտը, որը 1999 թվականին՝ Հունաստանի՝ Եվրամիության կազմի մեջ մտնելու տարում գերազանցել է 3%-ը։ Այս ամենն ստիպեց Հունաստանի ֆինանսների նախարարին պարզաբանել այն փաստը, որ 1999թ բյուջեի դեֆիցիտը ցածր էր նկարագրված 3% սահմանից, որը հաշվակվել էր Եվրոպական հաշիվների համակարգի կողմից Հունաստանի՝ Եվրամիության կազմի մեջ մտնելուց, և որի շնորհիվ էլ Հունաստանը բավարարել էր նախադրված չափանիշերին։ 
Ռազմական ծախսերի հաշվապահական հաշվառումն ավելի ուշ վերանայվեց Եվրոստատի խորհրդով, որը տեսականորեն էլ ավելի իջեցրեց 1999թ Եվրոպական հաշիվների համակարգի կողմից հաշվարկած Հունաստանի բյուջեի դեֆիցիտի 3%-ը (1999թ Եվրոստատի պաշտոնական հաշվարկը դեռևս չի ստացվել)։
Մամուլում թույլ տրվող հաճախակի սխալներից է Հունաստանի՝ Եվրագոտի մտնելու շուրջ բանավեճերի և այլ միջոցների օգտագործման շուրջ բանավեճերի խառնումը, որով պայմանագրեր են կնքվել ամերիկյան և Եվրագոտու այլ երկրների բանկերի հետ, որպեսզի արհեստականորեն կրճատվի երկրի կողմից զեկուցված բյուջեի դեֆիցիտը։ Արտարժույթի փոխանակումը, որն իրականացվել է Գոլդման Սաքս ընկերության միջոցով, թույլ տվեց Հունաստանին թաքցնել $1մլրդ-ի հասնող պարտքը, որը 2001թ հետո իր ազդեցությունն ունեցավ դեֆիցիտի վրա (երբ Հունաստանն արդեն ընդունվել էր Եվրագոտի) և որը կապված չէ Հունաստանի՝ Եվրագոտի մտնելու փաստի հետ։ 
Դատական հաշվապահների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հունաստանի կողմից Եվրոստատին ներկայացրած տվյալները վկայում են մանիպուլյացիայի մասին։ 
 
Ճգնաժամ (2010–2012)
100000 մարդ դուրս է եկել բողոքի Աթենքում կառավարության առջև (մայիսի 29, 2011թ
2009թ վերջում Հունաստանի տնտեսությունը կանգնեց խորը ճգնաժամի առաջ, որը մեկ էլ եղել էր 1974թ, երբ կառավարությունը վերանայեց դեֆիցիտը ՀՆԱ-ի 6%-ից 12.7%-ի։
 
2010թ սկզբներին բացահայտվեց այն փաստը, որ Գոլդման Սաքս, ՋեյՓիՄորգան Չեյս և բազմաթիվ այլ բանկերի օգնությամբ ֆինանսական միջոցներ են մշակվել, որոնք թույլ են տվել Հունաստանի, Իտալիայի և հնարավոր է այլ երկրներին թաքցնել իրենց պարտքը։ Տասնյակ նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Եվրոպայում, որտեղ բանկերը կանխիկ գումար են տվել պարտքով կառավարություններին․ գումար վերցրած երկրների պարտավորությունները նշված չէին ոչ մի տեղ։
Սա թույլ տվեց հունական կառավարություններին ծախսել ավելի շատ՝ դուրս չգալով Եվրամիության դեֆիցիտի թիրախների սահմաններից։ 2010թ մայիսին Հունաստանի կառավարության դեֆիցիտը կրկին վերանայվեց և գնահատվեց 13.6%, որն աշխարհի երկրորդ ամենաբարձր ցուցանիշն էր․ առաջին տեղում Իսլանդիան էր 15.7%-ով, իսկ երրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը 12.6%-ով։  Ըստ որոշ կանխատեսումների՝ պետական պարտքը պետք է հասներ ՀՆԱ-ի 120% 2010 թվականին։ 
Այս ամենի արդյունքում կասկած առաջացավ, որ Հունաստանը ունակ է մարել իր պարտքը։ Որպեսզի խուսափեն նման տարբերակից, 2010թ մայիսին Եվրագոտու երկրները և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնվեցին Հունաստանին փրկել այդ իրավիճակից՝ նրան անմիջապես տրամադրելով €45մլրդ՝ ընդհանուր պարտքը հասցնելով €110մլրդ-ի։ Ֆինանսավորումն ապահովելու համար Հունաստանից պահանջեցին խիստ միջոցներ ձեռք առնել իր դեֆիցիտը կառավարելու համար։ 
2010 թ նոյեմբերի 15-ին Եվրամիության վիճակագրական մարմինը՝ Եվրոստատը, վերանայեց պետական ֆինանսները և պարտքը, որին հաջորդեց Աթենքում կայացած հանդիպումը՝ նվիրված երկրի չափազանց մեծ դեֆիցիտին, որը 2009թ կազմում էր ՀՆԱ-ի 15.4%, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 126.8%-ը՝ դարձնելով նրան Եվրամիության երկրների շրջանում ամենամեծ դեֆիցիտը (թեև որոշ մասնագետներ կարծում են, որ 2010թ Իռլանդիայի դեֆիցիտը ավելի բարձր էր)։
2011 թ ակնհայտ դարձավ, որ երաշխավորությունը բավարար չի լինի և 2012թ երկրորդ երաշխավորությունն իրականացվեց՝ €130մլրդ ($173մլրդ) տեսքով և կառավարությունից պահանջվում էր ֆինանսական բարեփոխումներ կատարել և խիստ միջոցներ ձեռք առնել։  Գործարքի մի մասն էր կազմում Հունաստանի պարտքի 53%-ի կրճատումը․ մասնավոր վարկառուների և Եվրագոտու կենտրոնական բանկերի ստացած ցանկացած շահույթ վերադարձվում է ետ Հունաստան։  Աթենքում հաստատվելու է դիտորդների թիվ, ովքեր կհետևեն համաձայնեցված բարեփոխումների իրականացմանը և խիստ վերահսկողության տակ կպահեն պարտքի վերադարձման գործընթացը։
 
Ժողովրդագրություն
Հունաստանի ELSTAT վիճակագրական վարչությունը (ELSTAT) պաշտոնական վիճակագրական մարմինն է Հունաստանում: Ըստ ELSTAT-ի, Հունաստանի ընդհանուր բնակչությունը 2011 թվականին կազմել էր 10 787 690:[1]
Ծնելիության ընդհանուր ցուցանիշը 2003 թվականին 9,5 էր 1000 բնակչի հաշվով (1981 թվականին 14,5՝ 1000 բնակչի հաշվով) Միևնույն ժամանակ աճել է մահացության ցուցանիշը, 1981 թվականին 1000 բնակչի հաշվով գրանցվել է 8.9 մահ, իսկ 2001 թվականին 1000 բնակչի հաշվով գրանցվել է 9,6 մահ: 2001 թվականին, բնակչության 15,18 տոկոսը`   մինչև 14 տարեկան էին, 68,12 տոկոսը 15-ից 64 տարեկան, և 16,71 տոկոսը 65 տարեկան և բարձր:
Հունական հասարակությունը նույնպես արագ փոփոխվեց ժամանակի ընթացքում։ Ամուսնության ցուցանիշը ընկնում էր 1981 թվականին 1000 բնակչի հաշվով 71-ից մինչև 2002 թ, սակայն 2003 թվականին աճեց դառնալով 1000 բնակչի հաշվով 61, բայց կրկին ընկավ 2004 թվականին գրանցվելով 51 ամուսնություն 1000 բնակչի հաշվով:
Ամուսնալուծության ցուցանիշը, մյուս կողմից, աճ է տեսել 1991 թվականից, երբ գրանցվել էր 191,2 ամուսնալուծություն յուրաքանչյուր 1000 ամուսնությունների, 2004 թվական, երբ գրանցվել էր 239,5 ամուսնալուծություն յուրաքանչյուր 1000 ամուսնությունների:
 
Քաղաքներ
Հունացի գրեթե երկու երրորդն ապրում են Հունաստանի քաղաքային բնակավայրերում։ Հունաստանի ամենամեծ և ամենաազդեցիկ կենտրոններն են Աթենքն և Սալոնիկը, որի բնակչությունը մոտավորապես 4 միլիոն և 1 միլիոն բնակիչ համապատասխանաբար: Այլ նշանավոր քաղաքները, որոնց բնակչությունը անցնում է 100 000 թիվը հետևյալն են՝ Պատրաս, Հերակլիոն, Լարիսա, Վոլոս, Ռոդոս, Հոնինա, Խանյա և Խալկիդա։
Ստորև բերված աղյուսակում թվարկվում են Հունաստանի խոշոր քաղաքները ըստ բնակչության* Արդյունքները բերված են 2011 թ. մայիսին Հունաստանում տեղի ունեցած մարդահամարից։

 

Կրոն
Հունաստանի սահմանադրությունը որպես ազգության գերակայող կրոն ճանաչում է Ուղղափառ քրիստոնեությունը (ուղղափառությունը) և ազատություն է ապահովում կրոնական մյուս հավատքների համար։ Հունաստանի կառավարությունը տվյալներ չի հավաքում երկրի կրոնական խմբակցությունների մասին և մարդահամարի ժամանակ կրոնական պատկենելիություն չի հարցնում: Ըստ ԱՄՆ-ի պետ դեպարտամենտի հույն ազգաբնակչության 97%-ն իրենց համարում եմ ուղղափառ քրիստոնյաներ և պատկանում են Հելենական Ուղղափառ Եկեղեցուն։ Ըստ Եվրոստատուսի 2005 թ.-ի հարցման հույն ազգաբնակչություն 81%-ը հավատում է, որ "Աստված գոյություն ունի" և այդ ցուցանիշով երրորդ տեղն է ընկել Եվրոմիության Երկրներում`   զիջելով միայն Մալթային և Կիպրոսին: Ըստ այլ աղբյուրների համաձայն հույների 15.8% -ը "չափազանց կրոնական" են, որը համարվում է ամենամեծ ցուցանիշը եվրոպական երկրների միջև: Հարցումը նաև ցույց է տվել, որ բնակչության միայն 3.5%-ն է, որ ընդհանրապես եկեղեցի չի հաճախել: Համեմատության համար նշենք, որ Պոլշայում այդ ցուցանիշը 4.9% է, իսկ Չեխական Հանրապետությունում`   59.1%:
Գնահատականները ցույց են տվել նաև, որ հույն մուսուլմանները կրոնական փոքրամասնություն են և հիմնականում գտնվում են Թրակիայում։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 98,000-ից մինչև 140,000, որը ընդհանուր ազգաբնակչության 0.9% - 1.2% է: Միևնույն ժամանակ էմիգրանտ մուսուլմանների թիվը կազմում է 200,000 - 300,000։ Ալբանական էմիգրանտները Հունաստանում որպես կանոն պատկանում են իսլամ դավանանքին, չնայած նրան, որ նրանք մեծամասամբ աշխարհիկ համոզմունքների տեր են։ 1919–1922 թթ. Հունա-թուրքական պատերզամից և 1923 թ.-ի Լոզանի համաձայնագրից հետո Հունաստանը և Թուրքիան համաձայնվեցին բնակչության փոխակում կատարել ըստ կրոնական և մշակութային պատկանելիությամբ։ Հունաստանից մոտ 500,000 մուսուլմաններ`   մեշամասամբ թուրքեր, ինչպես նաև այլ մուսուլմաններ, փոխանակվեցին Փոքր Ասիայի (այժմ Թուրքիա) ավելի քան 1,500,000 հույների հետ:
Աթենքը համարվում է միակ եվրոպական մայրաքաղաքը, որտեղ մուսուլման ազգաբնակչության աղոթելու համար հատուկ շինություն չի սարքվել:
Հուդայականությունը Հունաստանում գոյություն է ունեցել մոտ 2000 տարի։ Ստեֆարդի հրեաները հիմնականում գտնվում են Սալոնիկում (1900 թ.-ին մոտ 80,000, որը կազմում էր քաղաքի գրեթե կեսը), բայց ներկա դրությամբ Գերմանիայի օկուպացիայից և Հոլոքոստից հետո կենդանի մնացած հունա-հրեական բանկչությունը կազմում է մոտ 5,500 մարդ։
Կաթոլիկ հույների քանակը գնահատվում է մոտ 50,000-ի կարգի, իսկ հռոմեա-կաթոլիկական էմիգրանտների համայնքի հետ մոտ 200,000 է: Հին օրացույցով առաջնորդվողների թիվը կազմում է 500,000: Բողոքականները, այդ թվում նաև Հունական Ավետարանչական Եկեղեցին և Ազատ Ավետարանչական Եկեղեցիները, կազմում են 30,000 հետևորդ: Աստծո ԸնկերակցությունԱստծո Ընկերակցության, Քառանկյուն Ավետարանչական Միջազգային Եկեղեցու և Հիսունականների եկեղեցիների հետևորդները 12,000 են: Հիսունականների Ազատ Ավետարանչական Եկեղեցին հանդիսանում է Հունաստանի ամենամեծ բողոքական աղանդը: Այն ունի 120 եկեղեցիներ: Չկա ոչ մի պաշտոնական տվյալներ Հիսունականների Ազատ Ավետարանչական Եկեղեցու հետևորդների քանակի մասին, բայց Ուղղափառ Եկեղեցին այդ թիվը գնահատում է 20,000-ի կարգի: Եհովայի վկաների հաշվետվությունների համաձայն իրենք Հունաստանում ունեն 28,859 հավատացյալներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: