Հանրագիտարան

Թուրքիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Անկարա
Տարածքը՝ 779,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 68, 6 մլն
Պետական լեզուները՝ թուրքերեն
Դրամական միավորը՝ լիրա

 

Թուրքիա (թուրք.՝ Türkiye) (Թուրքիայի Հանրապետություն (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti)), երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին`   Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։
Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից`   Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև ծով, Միջերկրական ծով, Էգեյան և Մարմարա ծովեր։
 
Աշխարհագրական դիրք
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:
Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:
 
Կլիմա
Թուրքիան առավելապես լեռնային երկիր է՝ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսից եզերվում է Պոնտական, հարավից՝ Տավրոսի լեռներով: Երկրի արևելքում, ՀՀ-ի հարևանությամբ, Արաքս գետի աջ ափին վեր են խոյանում Մեծ ու Փոքր Մասիսները: Տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը: Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ: Արեվելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) 1720 մ բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին (X դար, թուրքական կառավարության կողմից 2007 թ-ին վերականգնվել  է և վերածվել թանգարանի):
 
Կենդանական աշխարհ
Կենդանիներից երկրի լեռնային անտառներում հանդիպում են այծյամներ, գորշուկներ, վարազներ, սկյուռներ, իսկ տափաստաններում՝ աղվեսներ, շնագայլեր, գետնասկյուռներ:
 
Տնտեսություն
Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր: Զարգացած է նաև շերամապահությունը:
Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը: Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում: Սև ծովի ափերին ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են: Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ:
 
Պատմություն
Փոքրասիական թերակղզում տարբեր ժամանակներում ձևավորվել ու զարգացել են Խեթական և մասամբ Արարատյան կամ Ուրարտական թագավորությունները, տարածքին տիրել են Մարաստանի, Աքեմենյան Իրանի, Ալեքսանդր Մակեդոնացու տերությունները, Հռոմեական կայսրությունը, որոնց բազմաթիվ մշակութային հուշարձանների այսօր էլ կարելի է հանդիպել ներկայիս Թուրքիայի տարածքում:
XI դարի 2-րդ կեսից թերակղզի են թափանցել թուրքական օղուզ քոչվոր ցեղերը և հրով ու սրով նվաճել են հույներով, հայերով ու արաբներով բնակեցված այդ հողերը և այնտեղ հիմնել իրենց սելջուկյան պետությունը: Ավելի ուշ`   XIII դարում, մոնղոլների հարվածների տակ այդ պետությունը բաժանվեց տարբեր իշխանությունների, որոնց մեջ XIII–XIV դարերի սահմանում աչքի ընկավ Օսման տիրակալի իշխանապետությունը, որի անունով և կոչվեց նորաստեղծ Օսմանյան կայսրությունը: Իսկ արդեն XIV–XVI դարերում այդ նվաճած կայսրության մեջ էին մտնում Փոքր Ասիան, Բալկանյան թերակղզին, Հարավարևմտյան Ասիայի արաբական երկրները, Հյուսիսային Աֆրիկան: Օսմանյան ցեղապետերը դարձան սուլթաններ և միաժամանակ խալիֆներ, այսինքն՝ բոլոր մահմեդականների հոգևոր պարագլուխներ:
XIX դարում Օսմանյան կայսրությունն սկսեց կորցնել իր երբեմնի հզորությունը, սկիզբ առան հույների, բուլղարների, արաբների և հայերի ազգային-ազատագրական շարժումները: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես քայքայվեց: 1920-ական թվականներին կայսրության մի հատվածում, որը ներառում էր նաև Արևմտյան Հայաստանի տարածքը, ստեղծվեց այժմյան Թուրքական Հանրապետությունը:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում է գտնվել նաև Կիլիկիայի հայկական պետությունը:
Թուրք ազգը ձևավորվել է թուրքմենական օղուզ քոչվոր ցեղերի ու տեղաբնիկների միաձուլումից: Թուրքիան բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն:
Դեռ բոլորովին վերջերս Թուրքիան գերազանցապես գյուղատնտեսական երկիր էր: Այժմ զարգանում է ծանր արդյունաբերությունը՝ սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավթամշակման, քիմիական արդյունաբերությունը: Արդյունահանում են քրոմ, պղինձ, քարածուխ, բոքսիտներ, նավթ: Ֆաբրիկաներն արտադրում են գործվածք, վերամշակում ձիթապտուղ, ծխախոտ: 
Վերջին շրջանում խոսում են տնտեսության զարգացման «թուրքական ուղու» մասին, որը երկիրը հանել է տնտեսական ծանր վիճակից, բայց գործազուրկների թիվն այնտեղ տակավին մեծ է, և նրանց մի մասը հարկադրված աշխատանքի է մեկնում այլ երկրներ:
Բոսֆորի զառիթափ ափերին փռված է Թուրքիայի ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը՝ Ստամբուլը: Հնում Ստամբուլը եղել է Արևելահռոմեական կայսրության (Բյուզանդիա) մայրաքաղաքը և կոչվել է Կոստանդնուպոլիս (Կոստանդինի քաղաք՝ հիմնադիր կայսեր անունով): 1453 թ-ին քաղաքը գրավեցին թուրքերը և այն կոչեցին Ստամբուլ, որը, ըստ երևույթին, Կոստանդնուպոլսի աղավաղված արտասանությունն է: Մինչև 1923 թ. Ստամբուլը երկրի մայրաքաղաքն էր: 
 
Ճարտարապետություն
Հազարամյա հուշարձանները, միջնադարյան տաճարներն ու պալատներն այստեղ ներդաշնակորեն զուգակցվում են ժամանակակից գործարանների ու ֆաբրիկաների համայնապատկերի հետ: Թուրքական քաղաքներն առանձնանում են հոծ կառուցապատումով, բլուրներն ի վեր բարձրացող ծուռումուռ փողոցներում երկինք են խոյանում մզկիթների մինարեներն ու բազմերանգ լուսագովազդներով ժամանակակից երկնաքերները: Ամենուր լսվում են այլալեզու խոսակցություններ, հազարավոր ավտոմեքենաների աղմուկ: Օրվա ընթացքում մի քանի անգամ լսվում է մոլլաների`   աղոթքի (նամազ) կանչող ձայնը: Ոչ մեծ քաղաքները սովորաբար բարեկարգ չեն, շատ են կավաշեն տները:
Խոշոր քաղաքների շուրջը, չնայած վերջին տարիների առաջադիմությանը, դեռևս պահպանվում են հետնախորշերը՝ գեջեկոնդուները: Ծավալված շինարարությունը զգալիորեն փոխել է քաղաքների տեսքը. կառուցվել են լայն պողոտաներ և բազմահարկ շենքեր:
 
Մշակույթ
Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: Կառուցվել են դամբարաններ, մզկիթներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղ ձևավորված շատրվաններ: Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները: Զարգացած է կիրառական արվեստը (խեցեգործություն, կերպասագործություն, պղնձագործություն, ոսկերչություն), որի զարգացմանը նպաստել են բազմաթիվ հայ արհեստավորներ: Հայկական ասեղնագործությունն աչքի է ընկել իր շքեղությամբ, մետաքսի ու ոսկեթելի հարուստ օգտագործմամբ, զանազան կարատեսակների զուգորդումներով: Աշխարհում լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված Ստամբուլի Գումգափու թաղամասի հայ արհեստավորների գործած «Գումգափու» գորգերը: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: