Հանրագիտարան

Իրաք

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Բաղդադ
Տարածքը՝ 434,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 29,6 մլն
Պետական լեզուները՝ արաբերեն, քրդերեն
Դրամական միավորը՝ իրաքյան դինար

 

Իրաքը արաբական պետություն է Հարավարևմտյան Ասիայում: Այս երկիրը, հյուսիսից և հարավից սեղմված լինելով Տավրոսի ու Զագրոսի լեռներով, հիմնականում տեղաբաշխված է Տիգրիսի և Եփրատի ցածրավայրում, որը հնում կոչվում էր Միջագետք: Այսօրվա Իրաքը, իհարկե, շատ ավելի մեծ է, քան Միջագետքը. այն հյուսիսում ընդգրկում է Քրդստանի լեռները, հարավում և հարավ-արևմուտքում՝ ավազուտային Սիրիա-Արաբական սարահարթը: Թեպետ Իրաքը գտնվում է Պարսից ծոցի մոտ և ունի ընդամենը 50կմ ծովափ, սակայն այստեղից է առաջացել նրա «իրաք» (արաբերեն նշանակում է ափ կամ ծովափ) անվանումը:
 
Իրաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնցից գլխավորը նավթն է: Հետազոտված պաշարներով (ավելի քան 5 մլրդ տ) Իրաքը աշխարհի՝ նավթով հարուստ 5 երկրների թվում է: Կան նաև գազի, ծծմբի, երկաթաքարի, ֆոսֆատների, քարաղի, մարմարի, պղնձի պաշարներ:
 
Կլիման երկրի հյուսիսում և կենտրոնական մասում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային: Ամենաշոգը օգոստոսն է, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +52օC: Հաճախակի են ավազահողմերը (խուջաջներ). այդ ժամանակ այնքան է մթնում, որ ավտոմեքենաները երթևեկում են վառվող լուսարձակներով: Ձմռանը (դեկտեմբեր-փետրվար) առատ անձրևներ են գալիս, լեռներում՝ նաև ձյուն:
Խոշոր գետերը Եփրատն ու Տիգրիսն են, որոնց միախառնումից առաջանում է Շատ էլ Արաբը, որի խորությունը խոշոր ծովային նավերին հնարավորություն է տալիս բարձրանալու մինչև Իրաքի ծովային դարպաս Բասրա քաղաքը:
Բուսական աշխարհն աղքատ է, բայց Միջագետքի ցածրավայրը փյունիկյան արմավենիների իսկական անտառ է: Դարեր շարունակ փյունիկյան արմավենին այստեղի բնակիչներին տվել է սնունդ, ջերմություն, շինանյութ: Արմավենուց ստացել են դեղ, շաքար, հյութեր, կորիզներից՝ սուրճի փոխարինիչ: Իրաքն արմավի արտադրությամբ ու արտահանությամբ առաջինն է աշխարհում:
Բազմազան է Իրաքի կենդանական աշխարհը. բնորոշ են եղջերուն, վայրի խոզը, շնագայլը, բծավոր բորենին, գայլը, ընձառյուծը: Հարուստ է թռչնաշխարհը. տարածված են ցիներ, քարարծիվներ, անգղեր, հավալուսներ, կարապներ, ֆլամինգոներ:
 
Միջագետքում մարդիկ բնակվել են դեռևս 60 հզ. տարի առաջ: Միջագետքի հնագույն մշակույթը պատմությանը հայտնի է որպես բաբելա-ասուրական մշակույթ: Այն սկիզբ է առել շումերներից, որոնք 5 հզ. տարի առաջ ունեցել են գիր (մ. թ. ա. IV հազարամյակի վերջին՝ պատկերագիր, III հազարամյակի կեսին՝ սեպագիր), ջրովի դաշտավարություն, ստեղծել են գրականություն ու արվեստի գործեր: Տարածաշրջանում գրագիտությունը համարվել է «պատվարժան մարդկանց շնորհ»: 3 հզ. տարի անց`   Բաբելոնյան թագավորության օրոք, այստեղ կազմվել են մարդկության պատմության մեջ առաջին օրենքների ժողովածուն, լուսնային օրացույցն ու աստղային երկնքի քարտեզը, կարողացել են կանխատեսել արեգակի ու լուսնի խավարումները, դրվել են երկրաչափության, թվաբանության և կիրառական քիմիայի հիմքերը, ունեցել են չափի ու կշռի սեփական համակարգ, ուսումնասիրել են մարդակազմությունն ու դեղաբույսերի հատկությունները:
Միջագետքը տարբեր ժամանակներում մտել է վաղ պարսկական թագավորությունների`   Աքեմենյանների, Սելևկյանների, Պարթևական և Սասանյան Պարսկաստանի կազմերի մեջ: 637 թ-ին Միջագետքը նվաճել են արաբները: 762 թ-ին նրանց կառուցած Բաղդադ քաղաքը դարձել է Աբբասյանների (կամ Բաղդադի) խալիֆության մայրաքաղաքը: Աբբասյանների անկման, թուրք-սելջուկների, մոնղոլների, Լենկթեմուրի հրոսակների արշավանքների հետևանքով երբեմնի հարուստ ու բարգավաճ երկիրը XVII դարում դարձավ Օսմանյան կայսրության հետամնաց ծայրամասերից մեկը: Այդ կայսրության քայքայումից հետո Անգլիան ստանձնեց Իրաքը կառավարելու մանդատը կամ խնամակալությունը: Երկիրն անգլիական տիրապետությունից ազատվեց միայն 1958 թ-ին, երբ Իրաքի ժողովուրդը տապալեց անգլիամետ միապետական կարգերը և հռչակեց անկախ իրաքյան հանրապետության ստեղծման գործընթացի սկիզբը: Իշխանության գլուխ անցավ Արաբական սոցիալիստական վերածնության կուսակցությունը: 1980 թ-ին սկսվեց իրաքա- իրանյան 8-ամյա պատերազմը, որը մարդկային և նյութական մեծ կորուստներ պատճառեց Իրաքի ժողովրդին: Իսկ 1990 թ-ին Իրաքը ռազմական գործողություններ ծավալեց և զավթեց հարևան փոքրիկ Քուվեյթը: Սակայն այդ ագրեսիան դատապարտեց Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), և նրա նախաձեռնությամբ օգնության եկած ԱՄՆ-ի ու եվրոպական միացյալ ուժերը հարկադրեցին Իրաքին զորքերը դուրս բերել այդ երկրից: Ավելի ուշ Իրաքի վարչակարգը՝ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ, ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների կողմից հայտարարվեց սպառնալիք աշխարհի անվտանգության համար: 2003թ-ին ԱՄՆ-ը զորք մտցրեց Իրաք, տապալեց Հուսեյնի վարչակարգը (2006 թ-ի դեկտեմբերի 30-ին Սադամ Հուսեյնը ենթարկվեց մահապատժի՝ իրաքյան դատարանի որոշմամբ): Երկրում կարգուկանոն հաստատելու նպատակով ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի սահմանափակ քանակներ ցայսօր մնում են Իրաքում: Երկրում ընտրվել է նոր իշխանություն, և ջանքեր են գործադրվում նրա քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:
 
Իրաքը բազմազգ պետություն է. մեծ մասը արաբներ են, բնակվում են նաև քրդեր, թուրքմեններ, ասորիներ, հայեր և այլք:
Բաղդադից բացի, որը բարձրահարկ եվրոպական շինություններով ու լայն պողոտաներով ժամանակակից խոշոր քաղաք է, Իրաքի կարևոր արդյունաբերական, տրանսպորտային ու մշակութային կենտրոններ են Մոսուլը, Բասրան, Կիրկուկը, Ամարան, Ռամդին:
Իրաքի տարածքով անցնում են միջազգային նշանակության օդային մայրուղիներ, ինչպես նաև Բաղդադի երկաթուղին, որը Արևմտյան Եվրոպան կապում է Պարսից ծոցի հետ: Այստեղից են սկիզբ առնում դեպի միջերկրածովյան Տրիպոլի (Լիբանան), Բանիյաս (Սիրիա), Դորթյոլ (Թուրքիա) և Պարսից ծոց տանող հզոր նավթամուղները:
Երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Արտադրում են նաև էլեկտրատեխնիկական սարքեր, ցեմենտ, տեքստիլ արտադրանք, ապակի, դեղորայք, կոշիկ, գյուղատնտեսական տեխնիկա, պողպատ:
Զարգանում է նաև գյուղատնտեսությունը, որով զբաղված է երկրի բնակչության կեսից ավելին: Մշակում են ցորեն, բրինձ, բամբակենի, ծխախոտ, բանջարեղեն, մրգեղեն: Բուծում են ուղտեր, ձիեր, ոչխարներ, այծեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: