Հանրագիտարան

Բուլղարիա

Բուլղարիան, կամ Պուլկարիան՝ արևմտահայերէնով, (բուլղարերեն՝ България, Bălgariya, ՄՀԱ՝ [bɤlˈgarijə]), պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն (բուլղարերեն: Република България, Republika Bălgariya, ՄՀԱ՝ [rɛˈpubliˌkə bɤlˈgarijə]), բալկանյան երկիր է՝ Հարավարևելյան Եվրոպայում։

Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում: Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։ Հինգ դարվա Օսմանյան տիրապետությունից հետո Բուլղարիայում ստեղծվել է սահմանադրական միապետություն՝ 1878 թվին։ Բուլղարիան այժմ ժողովրդավարական և սահմանադրական հանրապետություն է։ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ է։

 

Բուլղար և հայ ժողովուրդների միջև փոխհարաբերություններ եղել են տակավին V դարում, երբ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով պարսիկների հետապնդումներից, իրենց զորքերով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզում:
XIII–XVIII դարերում մոնղոլական ու թուրքական արշավանքների հետեվանքով հայերի նոր գաղթ տեղի ունեցավ դեպի Բուլղարիա: 1800 թ-ին Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը շուրջ 10 հզ. էր, արդեն դարավերջին՝ մոտ 15 հզ.: Հայերի թիվը Բուլղարիայում զգալիորեն ավելացավ 1890-ական թվականներին՝ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից հետո: Հանրահայտ են բուլղար հայտնի բանաստեղծ Պեյս Յավորովի արձագանքն այդ կոտորածներին և նրա «Հայեր» բանաստեղծությունը: Հայերը մեծ մասամբ արհեստավորներ էին, կային նաև բժիշկներ, իրավաբաններ, ճարտարագետներ, պետական պաշտոնյաներ: Բուլղարահայերն անմասն չէին նաև թուրքական լծի դեմ բուլղար ժողովրդի մղած դարավոր պայքարին, իսկ 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմներում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հայ կամավորների մի հատուկ վաշտ մասնակցում էր Թուրքիայի դեմ մարտերին: Բուլղարահայերից շատերն աչքի ընկան նաև բուլղար ժողովրդի մղած հակամիապետական ու հակաֆաշիստական պայքարում:
Բուլղարիայում գործել են հայկական դպրոցներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մշակութային միություններ, լույս են ընծայվել բազմաթիվ թերթեր: 1946 թ-ին մոտ 6 հզ. բուլղարահայեր հայրենադարձվեցին:
1990 թ-ին կոմունիստական վարչակարգի տապալումից հետո ազգային զարթոնքի ժամանակաշրջան է սկսվել նաև բուլղարահայ համայնքի կյանքում: 1990 թ-ից հիմնվել են նոր միություններ ու կազմակերպություններ, վերաբացվել են հայկական վարժարանները, լույս են տեսնում հայերեն-բուլղարերեն շաբաթաթերթեր:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմը կազմավորվել է XIX դարում: Առաջնորդանիստը Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին է:
Ներկայումս Բուլղարիայում բնակվում է 15–20 հզ. հայ, հիմնականում Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս և Ռուսե քաղաքներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: