Հանրագիտարան

Ալբանիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Տիրանա
Տարածքը՝ 28,7 հզ. կմ քռ
Բնակչությունը՝ 3,2 մլն
Պետական լեզուն՝ ալբաներեն
Դրամական միավորը՝ լեկ

 

Ալբանիան (ալբաներեն՝ Shqipëria, պաշտոնական անվանումը`   Republika e Shqipërisë) պետություն է Բալկանյան թերակղզու արևմտյան մասում`   Ադրիատիկ ծովի և Հոնիական ծովի ափին: Մայրաքաղաքն է Տիրանան։
Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում`   Չեռնոգորիային, արևելքում`   Մակեդոնիային, հարավ-արևելքում`   Հունաստանին։
 
Անվան ծագումնաբանությունը
Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով: Shqipëria ինքնանվանումը նշանակում է «արծվի երկիր» (ալբաներեն արծիվ՝ shqiponjë)։ Ըստ այլ վարկածի, այդ անվանումը ծագում է ալբաներեն shqip՝ «խոսել հասկանալի» բառից։
 
Պատմություն
Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։
Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով`   իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը`   սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։
Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան`   Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։
1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։
1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։
1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտի տարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։ 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին`   Ալբանիայի թագավոր։
1939թ. ապրիլի 7-ին Իտալիան Ալբանիա մտցրեց 50 հազարանոց կորպուս և ապրիլի 10-ին անեքսիայի ենթարկեց նրա տարածքը։ Զոգուն հեռացավ Հունաստան։ Երկիրը կառավարվում էր իտալական թագավորի տեղապահ փախարքա Ֆրանչեսկո Յակոմոնի դի Սան-Սավինոն, իսկ անցումային կառավարության վարչապետ դարձավ Շեֆքետ Վերլաջին։ (1940թ. դեկտեմբերից մինչև 1941 թ. ապրիլը Հունաստանը կրկին օկուպացրեց հարավային Ալբանիան (հյուսիսային Էպիրոս)։ 1941թ. օգոստոսի 12-ին իտալական թագավոր Վիտտորիո Էմմանուիլի հրամանագրով ալբանական օկուպացված տարածքներում հաստատվեց Ալբանիա մեծ դքսությունը, որն իր մեջ ընդգրկում էր նաև Մետոհիան, կենտրոնական Կոսովոն և արևմտյան Մակեդոնիան։
1943 թ. երկրում ծավալվեց մասսայական պարտիզանական շարժում և սկսվեց ազգային-ազատագրական բանակի ձևավորումը։ 1943 թ. Մուսսոլինիի ռեժիմը տապալվեց, Իտալիան անգլո-ամերիկյան զորքերի կողմից կապիտուլյացիայի ենթարկվեց և դուրս եկավ պատերազմից, սակայն սպտեմբերի 10-ին երկիր մտան գերմանական զորքերը։ Մեկ տարի անց ռազմական դրությունը Բալկաններում փոխվեց և ազատագրական պայքարը վերածվեց ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության։ 1944թ. նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը ազատագրեց Տիրանան, իսկ նոյեմբերի 29-ին ավարտին հասցրեց երկրի ազատագրումը։
1946թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Հոջան։ Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։
1985 թ. Էնվեր Հոջայի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրեց Ռամիզ Ալիան, ով սկզբում փորձեց շարունակել նախկին քաղաքականությունը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հաշվի նստել Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած փոփոխությունների հետ և թույլատրեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 1992 թ. համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ Ալբանիայի Դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստական ռեժիմի անկումը հանգեցրեց մեծ չափերի արտագաղթի։
1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: