Հանրագիտարան

Չինաստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Պեկին
Տարածքը՝ 9,6 մլն կմ2
Բնակչությունը՝ 1.294,4 մլն
Պետական լեզուն՝ չինարեն
Դրամական միավորը՝ յուան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ, Չինարենի մանդարինյան բարբառով`   |v=中华人民共和国|t=中華人民共和國 - Չուգուո Րենմին Գուխըակո) հաստատված Է 1949 թվականից, և ղեկավարվում է կոմունիստական կուսակցությամբ։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորորդը աշխարհում`   Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆից հետո։ Մայրաքաղաքը Պեկինն է, որն իր անունը ստացել է և հռչակվել մայրաքաղաք 1215թ.-ին`   մոնղոլների տիրապետության ժամանակ։

 

Աշխարհագրական դիրքը, Ֆլորան և Ֆաունան
Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում (9,6 մլն կմ2)։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։ Դրանք են`   Վիետնամը, Լաոսը, Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը`   4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով։ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ։ Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված։ Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8%-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)`   արևադարձային բույսեր։ Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը։ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն։
 
Կլիման
Կլիման բազմազան է. արևելքում մուսսոնային է, արևմուտքում և կենտրոնում`   ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչ։ Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է։ Երկրի հարավը տաք է. տարեկան ստանում են 2–3 բերք։
 
Բնակչությունը
Չինաստանը բազմազգ պետություն է`   1.6 մլն բնակչությամբ, սակայն բնակչության 94%-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում)։ Ապրում են նաև ավելի քան 50 այլ ազգերի ներկայացուցիչներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք)։ Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն։ Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր)։ Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը։ Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հազարի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հազարը։
 
Գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ։ Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ։ Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ։

 

Պատմություն
Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի։ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում ներկայիս Չինաստանի տարածք են գաղթում նեոլիթական մշակույթի առաջին զարգացած ցեղերն ու ժողովուրդները և բնակություն են հաստատում խոշոր գետերի գետաբերաններում։ Սկիզբ են առնում Յանգշաո, Ցզինլի և Միջաբանգ քաղաքակրթությունները։ Մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, բրոնզե դարի սկզբում բոլոր այս հնագույն ժողովուրդներն ու էթնոսները վերանում են, կազմավորվում են նորերը, որոնցից են Սանցզինգդուին (մ.թ.ա. 12-11 դարեր), որոնք ապրում են ժամանակակից Չինաստանի Սիչուան նահանգում, կամ Էրլիտուները`   արևմուտքում։ Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը։ Բրոնզե դարի ծաղկման շրջանում Չինաստանում սկսվում է դինաստիաների դարաշրջանը։ Պատմության մեջ առաջին հայտնի դինաստիան Շանգ-դինաստիան է։ Ժողովուրդը գոյություն է ունեցել մ.թ.ա. 16-11րդ դարերում։ Այս ժամանակներից են ծագում ոսկորների վրա գրված հնագույն արձանագրությունները, որոնք գտնվել են Չինաստանում։ [1] Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը։ 1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության։ XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի`   սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը)։
 
Մշակույթը
Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը։ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից։ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է։ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները։ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ։ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից։ Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»։ Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: