Տրուբադուր | Ջ. Վերդի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ջ. Վերդի

ՏՐՈՒԲԱԴՈՒՐ

Օպերա 3 գործողությամբ

Լիբրետո` Սալվատորե Կամարանո

 Անտոնիո Գարսիա Գուտյերեսի համանուն դրամայի մոտիվներով

 

Գործողությունները տեղի են ունենում

Իսպանիայի Արագոն և Բիսկայ նահանգներում XV դարում:

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ա պատկեր

Կոմս դի Լունայի պահակախմբի հրամանատար Ֆերանդոն արթնացնում է զինվորներին և պատվիրում զգաստ լինել, քանի որ կոմսը շուտով վերադառնալու է: Չքնաղ Լեոնորային սիրահարված` նա ամբողջ գիշերն անցկացրել է աղջկա պատուհանի տակ: Սակայն ինքնավստահ ֆեոդալին մրցակից է հայտնվել` մի անծանոթ տրուբադուր, թափառաշրջիկ ասպետ-պոետ:

Որպեսզի գիշերը կարճեն և վանեն քունը, զինվորները Ֆերանդոյին խնդրում են պատմել կոմսի ընտանիքի ողբերգական պատմությունը` կրտսեր եղբոր խորհրդավոր անհայտացման մասին:

…Դի Լունայի հայրը երկու որդի ուներ: Մի անգամ ծեր կոմսի կրտսեր որդու օրորոցի մոտ, գիշերով, նկատում են մի տարեց գնչուհու, որն ինչ-որ հմայական խոսքեր էր շշնջում: Նրան ծեծում են և ամրոցից վռնդում: Միջադեպից հետո երեխան սկսում է հյուծվել: Կախարդ գնչուհուն գտնում են և այրում խարույկի վրա: Նրա դուստրը` Ազուչենան, երդվելով վրեժխնդիր լինել մոր մահվան համար, հափշտակում է երեխային և անհետանում…

Ֆերանդոյին հաջողվում է վարձկաններին սնոտիական սարսափ ներշնչել: Նա շարունակում է պատմել այն մասին, թե ինչպես մի անգամ, երբ կեսգիշերին հնչում է աշտարակի զանգը, գնչուհին բուի կերպարանքով ներս է խուժում դղյակ, չարագուշակ բվվում, և նրան հետապնդող զինվորն անշնչացած տապալվում է: Ֆերանդոյի այս խոսքերը դեռ չլռած` հնչում է կեսգիշերային չարագուշակ կոչնակը…

 

Բ պատկեր

Գիշեր է. Լեոնորան սպասում է իր սիրեցյալին` խորհրդավոր տրուբադուրին: Աղջիկն ընկերուհուն` Ինեսին, պատմում է, թե ինչպես մի անգամ, ասպետների մրցամարտի ժամանակ, դափնեպսակով զարդարել է անծանոթ հաղթողի ճակատը, որը հետո չքացել է:

Ընկերուհու խռովահույզ վիճակն անհանգստացնում է Ինեսին: Նա խորհուրդ է տալիս մոռանալ տրուբադուրին: Բայց ՝ ապարդյուն. ոչ մի վտանգ և նախազգուշացում չեն կարող մթագնել Լեոնորայի սերը:

Հայտնվում է Լեոնորայի տառփածուն` կոմս դի Լունան: Հենց այդ պահին էլ հեռվից հնչում է տրուբադուրի սիրային սերենադը:

Սիրո կանչը լսելով, Լեոնորան այգի է իջնում: Կոմսին իր սիրեցյալի տեղ ընդունելով, աղջիկը նետվում է նրա գիրկը:

Հայտնվում է Մանրիկոն. նրան ցնցում է Լեոնորայի արարքը: Վերջինս զուր է  փորձում համոզել ասպետ-պոետին, որ շփոթվել է մթության մեջ: Խանդից գազազած դի Լունան պահանջում է, որ տրուբադուրը հայտնի իր ով լինելը: Մանրիկոն անվանում է իրեն…Կոմսին ապշեցնում է իր ախոյանի հանդգնությունը:

Գ պատկեր

Գնչուների հանգրվանը: Ազուչենան հիշում է խարույկի հանված իր մորը, պատմում է որդուն` Մանրիկոյին, թե ինչպես է ինքը մոր վրեժը լուծելու համար, քսան տարի առաջ առևանգել ծեր կոմսի կրտսեր որդուն, և սակայն ճակատագրական սխալմունքով սեփական երեխային է կրակը նետել: Մանրիկոն ապշած է` մի՞թե Ազուչենան իր մայրը չէ: Գնչուհին ցրում է նրա կասկածները և հավաստիացնում, որ իր պատմածը միայն ցնորք է:  Տրուբադուրը հիշում է, որ կոմսի հետ մենամարտելիս իրեն համակել է մի  անհասկանալի խղճահարության զգացում: Բայց այժմ չի խնայի դի Լունային և կլուծի մոր վաղեմի վրեժը: Մանրիկոյի մտորումներն ընդհատում է ընկերը և հայտնում, որ Լեոնորան կեղծ լուր ստանալով, թե իբր Մանրիկոն մենամարտում սպանվել է, վճռել է մենաստան մտնել: Մանրիկոն շտապում է այդ խելահեղ քայլից ետ պահել սիրած աղջկան:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

 Դ պատկեր

Գիշեր է: Մենաստան: Կոմս դի Լունան, Ֆերանդոյի ու զինվորների օգնությամբ, փորձում է առևանգել Լեոնորային: Միանձնուհիները աղջկան ուղեկցում են ձեռնադրման: Կոմսի փորձը խափանում է Մանրիկոն, որն իր ջոկատով փրկում է օրիորդին:

Ե պատկեր

Խանդից այրվող դի Լունան պաշարել է այն ամրոցը, ուր պատսպարվել են Մանրիկոն և Լեոնորան: Ֆերանդոն հայտնում է կոմսին, որ իրենց ճամբարում բռնել են մի լրտես գնչուհու: Ազուչենան է: Իմանալով, որ նա տրուբադուր  Մանրիկոյի մայրն է, կոմսը կրկնակի հրճվանք է ապրում` իր ձեռքն է ընկել միևնույն անձը` թե եղբորն սպանողը և թե իր երդվյալ թշնամու և ախոյանի ծնողը:

Զ պատկեր

Լեոնորան և Մանրիկոն պատրաստվում են պսակադրության: Շտապ գալիս է Ռյուիցը և հայտնում, որ տրուբադուրի մայրը կալանված է և նրան մահապատիժ է սպառնում: Մանրիկոն վճռում է անմիջապես մարտի նետվել:

 

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Է պատկեր

Մարտում պարտված Մանրիկոն ու մայրը կալանված են: Ռյուիցը գաղտնաբար բանտ է բերում Լեոնորային: Հայտնվում է կոմս դի Լունան: Նա վերջին կարգադրություններն է անում բանտարկյալների մահապատժի վերաբերյալ: Լեոնորան աղերսում է նրան խնայել Մանրիկոյի կյանքը, իսկ դրա փոխարեն ինքը  պատրաստ է կոմսի կինը դառնալ: Դի Լունան համաձայն է և Լեոնորային թույլատրում է հրաժեշտ տալ տրուբադուրին: Լեոնորան խմում է իր մատանու մեջ թաքցրած թույնը:

Ը պատկեր

Զնդան: Ազուչենայի բորբոքված գիտակցության մեջ իրար են հաջորդում մոր հրկիզման զարհուրելի պատկերները: Մանրիկոն գուրգուրալից հանգստացնում է նրան:

Մտնում է Մանրիկոյի համար անձնազոհաբար ազատություն նվաճած Լեոնորան: Մանրիկոն գրկում է նրան և ուզում իմանալ, թե իր ազատությունն ինչ գնով է նա ձեռք բերել: Լեոնորան հայտնում է ճշմարտությունը և հանգչում սիրեցյալի գրկում:  

Հայտնվում է կոմսը: Լեոնորայի խաբեությունից գազազած` նա հրամայում է Մանրիկոյին գլխատել: Ուշքի եկած Ազուչենան հարցնում է. «Ու՞ր է Մանրիկոն»: «Նա այնտեղ է` կառափնարանի վրա: Գլխատվել է»: Ազուչենան ճչում է վրեժխնդիր. «Նա քո հարազատ եղբա՜յրն էր»…

 

Ժանր՝
օպերա

Հեղինակ՝
Ջ. Վերդի

Նկարիչ՝
Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Բեմադրիչ՝
Նորայր Սարգսյան /ՀՀ արվեստի վաստ. գործիչ/

Կոմպոզիտոր՝
Ջ. Վերդի

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
1
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ