Քրիստինե Սահակյան

ՀՀ վաստակավոր արտիստ /մեցցո-սոպրանո

Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում: 
1990-99թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը, այնուհետև ասպիրանտուրան (Գոհար Գասպարյանի դասարանում):
1998թ. փայլուն մենահամերգից հետո հրավեր է ստացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունից՝ հանդես գալու Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում Փառանձեմի դերերգով: Դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, նրան վստահվել է մեցցո-սոպրանոյի գլխավոր դերերգերը: 1998թ.-ից հանդիսանում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի:
Մասնակցել է մի շարք օպերային ներկայացումների պրեմիերաներին` «Արշակ Բ», «Ալմաստ», «Աիդա», «Տրավիտա», «Սևիլյան սափրիչ» և այլն: Նրա օպերային դերերգերն են` Փառանձեմ, Ալմաստ, Ամներիս, Ազուչենա, Ադալջիա, Սանտուցցա: Նրա երկացանկը ընդգրկում է բազմաթիվ համերգային ստեղծագործություններ (Մոցարտ «Ռեքվիեմ», Ջ. Վերդի «Ռեքվիեմ», Դվորժակ «Ռեքվիեմ», Պերգոլեզի «Stabat Mater», Ռոսսինի «Stabat Mater», Բախ «Մատթեոսի չարչարանքները»):
2002թ.-ից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Հյուրախաղեր

Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոնների և ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիբանանում, Հունաստանում:
Ընդգրկված է եղել պետական նշանակության համերգային բազմաթիվ ծրագրերում: 2013թ. նոյեմբերին ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումների «Հիշում եմ և պահանջում...» խորագրի շրջանակներում մասնակցել է մի շարք Գալա համերգների՝ Սանկտ Պետերբուրգում՝ Դ. Շոստակովիչի անվան մեծ ֆիլհարմոնիայի դահլիճ, Մոսկվայում՝ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում, Երևանում՝ «Սպիվակովը հրավիրում է…» խորագրով փառատոնին:
Որպես մեներգչուհի բազմաթիվ ելույթներ է ունեցել Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Պետական ֆիլհարմոնիկ նվագախմի, Պետական երիտասարդական նվագախմբի, Պետական կամերային «Սերենադ» նվագախմբի, Պետական կամերային նվագախմբի հետ:
Ելույթներ է ունեցել հանրահայտ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Սպիվակովը, Լիոր Շամբադալը, Բայրոն Ֆիդետցիսը, Յուրի Կոչնևը, Յարեմա Սկիբինսկին, Օհան Դուրյանը, Էդիկ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Վահան Մարտիրոսյանը, Սերգեյ Սմբատյանը:

Մրցանակներ

Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:
ՀՀ վաստակավոր արտիստ: