
Գ. Դոնիցետտին իր տասնյակ օպերաներից այս մեկն ստեղծելիս ոգեշնչվել է ֆրանսիական կլասիցիստական դրամայի դասական Պ. Կոռնելի «Պոլիևկտ» ողբերգությամբ:
Պիեսի նյութը ֆրանսիացի դրամատուրգը, սեփական վկայությամբ, քաղել է 10-րդ դարի բյուզանդացի պատմաբան Սիմեոն Մետաֆրասթեսի «Վարք սրբոց» /«Սինասքար»/ աշխատությունից, որը բովանդակում է շուրջ 150 սրբերի կենսագրությունը, և 16-րդ դարի կարդինալ Ցեզար Պարոնիուսի «Եկեղեցական նոթեր»-ից:
Ողբերգության գործողությունները վերաբերում են 249-251 թվականներին, երբ նախաքրիստոնեական Հայաստանի մի զգալի մասը գտնվում էր Հռոմի տիրապետության ներքո: Ինչպես վկայում են վերոհիշյալ աշխատությունները, այդ ժամանակ ապրել է մի հայ ազնվական, որի անունն էր Պողիկտոս: Իր մտերիմ ընկերոջ՝ Ներսեսի հորդորներից ոգեշնչված՝ նա որոշում է քրիստոնեություն ընդունել և, «առանց նույնիսկ մկրտվելու, կամեցավ հիշատակելի մի գործ կատարել: Նա, չնայած որ փեսան էր Հայաստանի հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի /Ֆելիչե/, հակառակվեց կայսեր հրամանին, որով արգելվում էր քրիստոնեությունը»:
Կոռնելը, մասնավորապես, գրել է. «Պողիկտոսն ապրել է 250 թվականին, հայ էր… Նա պատռեց կայսեր հրամանը, փշրեց կուռքերի արձանները, որոնք դրվում էին պատվանդանների վրա՝ պաշտվելու համար հայերի կողմից… Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատքին, Պողիկտոսը քրիստոնեություն ընդունեց, ենթարկվեց հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ ի վերջո տանջամահ արվեց»:
Այս պատմությունը տեղի է ունեցել Մելիտենա քաղաքում, որը մեր օրերում առավել հայտնի է Մալաթիա անունով:
***
Օպերայի պարտիտուրը Հայաստան է հասցվել Վազգեն Ա կաթողիկոսի և Գոհար Գասպարյանի ջանքերով:
Պրեմիերան կայացել է 1993 թվականին՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի:
Գ. Դոնիցետտի
ՊՈՂԻԿՏՈՍ
Օպերա 3 գործողությամբ, 6 պատկերով՝
ըստ Պիեռ Կոռնելի «Պոլիևկտ» ողբերգության
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Նախերգ: Ողբերգու դերասանների թատերախաղը ներկայացնում է սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը:
Առաջին պատկեր: Դեպի խորհրդավոր քարանձավն են քայլում մի խումբ մարդիկ: Քրիստոնեություն դավանող հայերն են, որ եկել են գաղտնի աղոթելու. նոր կրոնը խստորեն հետապնդվում և պատժվում է իշխանությունների կողմից:
Հայերը դիմում են Արարչին, որ օգնի քրիստոնեությունն օրինական կրոն հռչակելու Հայաստանում:
Հանդիպում են հայազգի իշխան Պողիկտոսը /Պոլիուտո/ և հայ քրիստոնյաների առաջնորդ Ներսեսը /Նիարկո/: Պողիկտոսն անչափ հուզված է. նա կասկածում է, թե իր կինը՝ հռոմեուհի Պաոլինան, որը Հռոմի կողմից Հայաստանում վերակացու նշանակված Ֆելիչեի դուստրն է, անհավատարիմ է իրեն: Քրմապետ Կալիստենը հաստատել է, որ Պաոլինան իրոք թաքուն երկրպագու ունի:
Ներսեսը հանգստացնում է Պողիկտոսին՝ հարկ չկա հավատալու հեթանոս կրոնի սպասավորին…
Տագնապած Պաոլինան փնտրում է ամուսնուն:
Հայտնվում է Ներսեսը մի խումբ քրիստոնյաների հետ: Պաոլինան մեղադրում է Ներսեսին իրենց հին աստվածներին դավաճանելու մեջ: Ներսեսը խնդրում է նրան չվտանգել ամուսնու կյանքը և լռել:
Քարանձավից լսվում է Պողիկտոսի աղոթքը: Պաոլինան կլանված լսում է:
Լուր է ստացվում, որ Հռոմից ժամանում է զորապետ Սևերոսը: Պաոլինան ցնցված է, նա համոզված էր, որ իր վաղեմի սիրեցյալը զոհվել էր մարտադաշտում:
Երկրորդ պատկեր: Հրապարակում խմբված բազմությունը ցնծագին դիմավորում է Սևերոսին: Նա հայտարարում է, որ Հայաստան է ժամանել աշխարհակալ կայսեր հանձնարարությամբ՝ պատժելու այլադավաններին: Սևերոսը երազում է տեսնել իր չկայացած հարսնացուին՝ Պաոլինային:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Երրորդ պատկեր: Սևերոսը Կալիստենի օգնությամբ հանդիպում է Պաոլինայի հետ: Սևերոսն ասում է, որ իր մահվան լուրը կեղծ է եղել, որ ինքը Հայաստան էր սուրում Պաոլինայի հետ հանդիպման սպասումով: Պաոլինան թախանձում է Սևերոսին անմիջապես հեռանալ:
Հայտնվում է Պողիկտոսը: Նա արդեն գիտե, որ կնոջ գաղտնի երկրպագուն Սևերոսն է, և լի է ցասումով, թե ինչու է Պաոլինան հռոմեացուն պալատ հրավիրել: Պողիկտոսը երդվում է վրեժխնդիր լինել իր խաբված սիրո համար:
Լուր է ստացվում, որ շղթայակապ Ներսեսին Զևսի տաճար են տանում մահապատժի:
Չորրորդ պատկեր: Քուրմերը Կալիստենի գլխավորությամբ աղոթում են՝ խնդրելով փրկել հայերին անօրեն կրոնի քարոզիչներից: Նրանց պատժման սուրբ գործին կօժանդակի նաև Հռոմից ժամանած զորքը:
Բերում են շղթայակապ Ներսեսին: Կալիստենը հայտարարում է, որ Ներսեսը պետք է մահապատժի ենթարկվի: Ներսեսն աներեր է: Նա հրաժարվում է կատարել Սևերոսի պահանջն ու հայտնել իր համախոհի անունը:
Այդժամ Պողիկտոսն ինքն է հայտարարում, որ Ներսեսի դավանակիցն է: Նրան նույնպես մահվան են դատապարտում:
Պաոլինան աղերսում է աստվածներին ներումն պարգևել ամուսնուն: Պողիկտոսը դավաճան կնոջ կարեկցանքի կարիքը չունի, երկրային կյանքի գայթակղություններն ու կրքերը նրան այլևս չեն հրապուրում: Պաոլինան խնդրում է հորը, Սևերոսին և Կալիստենին փրկել Պողիկտոսին: Սևերոսը տատանվում է, իսկ Ֆելիչեն հրամայում է կրոնախևին նետել վայրի գազանների երախը:
Պողիկտոսի հոգում անդորր է: Նա երջանիկ է, որ մահն իրեն կազատի անհավատարիմ կնոջից, ում ինքն, ավաղ, խենթի պես սիրում է:
Անսփոփ Պաոլինան փորձում է հավատացնել ամուսնուն, որ ինքն անմեղ է, որ կյանքն առանց Պողիկտոսի անիմաստ ու սին է իր համար:
Սևերոսը քաջ գիտակցում է, որ Պողիկտոսի մահապատժից հետո ինքն անդառնալի կկորցնի Պաոլինային: Թող ուրեմն հեղվի այս անհնազանդ ու անհավատ ազգի արյունը…
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Հինգերորդ պատկեր: Ժողովուրդը շտապում է դեպի կրկես. Այնտեղ պետք է մահապատժի ենթարկվեն այլադավանները:
Գերագույն քուրմ Կալիստենը հայտարարում է, որ կպատժվեն քրիստոնյաների բոլոր առաջնորդները:
Վեցերորդ պատկեր: Կրկեսի բանտը: Պողիկտոսը քնած է: Երազում նա տեսնում է Պաոլինային և ի վերջո համոզվում, որ նա անմեղ է:
Մտնում է Պաոլինան: Նա խոստովանում է, որ ամուսնությունից առաջ իրոք սիրել է Սևերոսին, սակայն ամուսնանալուց հետո հավատարիմ է եղել Պողիկտոսին: Իսկ Կալիստենը, որը նույնպես սիրահարված է իրեն, դիտավորյալ է կասկած սերմանել Պողիկտոսի հոգում: Նա աղերսում է ամուսնուն հրաժարվել քրիստոնեությունից: Պողիկտոսը բացատրում է, որ մեռնելու է մարմնապես, որ իր հոգին հավերժ ապրելու է երկնքում: Պաոլինան տատանվում է. մի՞թե աստված իրոք մեկն է: Նոր կրոնի գաղափարներով պայծառացած՝ նա որոշում է հետևել ամուսնուն և մահ ընդունել նրա հետ:
Բերում են գերյալներին: Կալիստենը պահանջում է անհավատներին հանձնել գիշատիչների «դատաստանին»:
Սևերոսը խոստանում է կյանք պարգևել Պողիկտոսին, եթե նա հրաժարվի քրիստոնեությունից: Պողիկտոսը նախընտրում է մահը:
Լսելով Պաոլինայի խոստովանությունը, որ նա ևս ընդունել է նոր կրոնը, Կալիստենը պահանջում է նրան ևս մահապատժի ենթարկել: Սևերոսը աղերսում է Պաոլինային հրաժարվել իր վճռից:
Աղջիկն անհողդողդ է. նա ատում է անգութ հին աստվածներին և երջանկությամբ կզոհվի հանուն Հայաստանում քրիստոնեության հաստատման:
Սիրած էակի մարտիրոսությունը ցնցում է Սևերոսին: Նա դատապարտում է Զևսի անողոքությունն ու վրիժառությունը: Սևերոսը ևս հրաժարվում է հին աստվածներից և ընդունում նոր կրոնը:
Հնչում է մահվան դատապարտված քրիստոնյա նահատակների վերջին խոսքը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, հավիտյանս հավիտենից փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին. փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»