Հանրագիտարան

Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել է 1949 թվականի մայիս 5-ին: Այն հանդիսանում է եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկը, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։

Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով։

 

Եվրախորհրդի ձևավորումը
 
Եվրախորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո՝ 1949 թվականին, ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։ Այժմ այն միավորում է 47 երկիր, ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ։
ԵԽ-ի նպատակը համակարգված քաղաքականության մշակումը և անդամ երկրներում ընդունված օրենքների ու չափանիշների կիրառումն է։ Կազմակերպության գործունեությունն ընթանում է խորհրդարանականների, նախարարների, կառավարական պաշտոնյաների, փորձագետների, տեղական և տարածաշրջանային միությունների, երիտասարդական, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստերի, հանդիպումների, քննարկումների տեսքով։ Հիմնադրումից ի վեր Եվրոպայի խորհուրդը մշակել և ընդունել է ավելի քան 160 կոնվենցիա, պետություններին և կառավարություններին ուղղված գործունեության տարբեր ոլորտների բազմաթիվ հանձնարարականներ։
 
Եվրոպական միասնության գաղափարը ծնվել է երկրորդ աշխարհամարտի հետևանքով ջախջախված ու ծխացող քաղաքների փլատակներից։ Այն առաջինը ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը Ցյուրիխում`   1946 թվականի սեպտեմբերի 19-ի ելույթի ժամանակ. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան»։
 
1948 թվականին Հաագայում «Հանուն եվրոպական միասնության» միջազգային կոմիտեների շարժման հրավերով հավաքվում է Եվրոպական համաժողովը՝ 20 երկրների ներկայացուցիչներից։ Համաժողովի պատվիրակները համակարծիք էին, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ճշմարիտ արժեքներ են, հանուն որոնց պաշտպանության արժե միավորվել։ Սակայն վիճաբանության առիթ են դառնում միավորման ուղիները։ Ֆրանսիան և Բելգիան առաջարկում են ստեղծել համադաշնություն, մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների կարծիքով անհրաժեշտ էր պարզապես միջկառավարական համաձայնագրեր ստորագրել։ Արդյունքում որոշվում է հիմնել կազմակերպություն`   կազմված Նախարարների խորհրդից (եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներից) և ազգային կառավարություններից անկախ, միաժամանակ, իշխանական լիազորություններից զուրկ Խորհրդարանական վեհաժողովից։ 1949 թ մայիսի 5-ին Արևմտյան Եվրոպայի 10 երկրներ`   Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան Լոնդոնում ստորագրում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությունը, որի առաջին գլուխը հռչակում է. ՙԵվրոպայի խորհրդի խնդիրը անդամ-երկրների ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարներն ու սկզբունքները պաշտպանելու և իրագործելու, ինչպես և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով երկրների միջև առավել մեծ համերաշխության ձեռքբերումն է՚։ ԵԽ ներկայացուցիչների առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Ստարսբուրգում, որն այնուհետև վերածվել է կազմակերպության պաշտոնական նստավայրի։ 1949 թ ԵԽ-ն դեռևս չուներ իրեն հատկացված շինություն, ուստի նիստը հրավիրվում է տեղի համալսարանում։ ԵԽ-ն համաեվրոպական առաջին կազմակերպությունն է, մինչև որը Հին աշխարհի երկրները միավորվում էին միայն ռազմական կամ քաղաքական դաշինքներում։ Կազմակերպության ընդունած առաջին փաստաթուղթը «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիան է, որը ստորագրվել է 1950 թ նոյեմբերի 4-ին Հռոմում և ուժի մեջ մտել 1953 թ սեպտեմբերի 3-ին։ ԵԽ անդամների միջև մինչև այդ բոլորին խորթ հավասարության սկզբունքը, անկախ պետությունների տնտեսական հզորությունից և տարածքից, նոր Եվրոպայի հիմք է դառնում։
 
Կառուցվածքը
 
Եվրոպայի խորհուրդն ունի աշխատանքային 3 հիմնական մարմին։ I. Նախարարների կոմիտեն գործադիր-կարգադրողական մարմին է, որի կազմում են 46 անդամ-երկրների արտգործնախարարները կամ նրանց տեղակալները։ Նիստերն ընթանում են Ստրասբուրգում։ Նախարարների կոմիտեն միաժամանակ և° կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և° կոլեկտիվ համահավաք, որտեղ մշակվում են նշված խնդիրների եվրոպական համընդհանուր լուծումները։ Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Անդամ-երկրների արտգործ նախարարները հանդիպում են տարին երկու անգամ (մայիսին և նոյեմբերին) եվրոպական համագործակցության և քաղաքական հարցերի վերանայման նպատակով։ Կազմակերպության հետ մշտական կապ ապահովելու համար յուրաքանչյուր երկիր նշանակում է մշտական ներկայացուցիչ`   սովորաբար դեսպանի կամ գործերի հավատարմատարի աստիճան ունեցող դիվանագետի, որը բնակվում է Ստրասբուրգում։ Յուրաքանչյուր նախարար կարող է նշանակել տեղակալ`   օժտված որոշում կայացնելու`   նախարարին հավասար լիազորություններով։ Տեղակալները, ովքեր սովորաբար անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներն են նաև, իրենց շաբաթական հանդիպումներում իրականացնում են Կոմիտեի ամենօրյա գործունեությունը և նախաձեռնում մարդու իրավունքների և պարտավորությունների վերահսկման առանձին հանդիպումներ։ Նախարարների կոմիտեն իրականացնում է քաղաքական երկխոսություն, համագործակցում Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ, վերահսկում անդամ-երկրների պարտավորությունների կատարումը, կնքում կոնվենցիաներ և համաձայնագրեր, ընդունում բյուջեն, առաջարկություններ անդամ պետությունների համար, գործողությունների ծրագրեր և վերահսկում դրանց կատարմանը, իրականացնում համագործակցության և օժանդակության ծրագրեր, հետևում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։ II. Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները։ Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի 46 անդամ-պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։ Իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում Խորհրդարանական վեհաժողովը`   որպես միջխորհրդարանական մարմին, մեծ մասնակցություն է ունեցել Եվրոպայում ընթացող զարգացումներում և պատմական արմատական փոփոխություններում։ Խորհրդարանական վեհաժողովը զբաղվում է արդիական և հեռանկարային հարցերով, որոնք ընդգրկում են ժամանակակից հասարակության խնդիրներն ու միջազգային քաղաքականության ասպեկտները։ ԵԽԽՎ շրջանակում ընդունված որոշումները ուղեցույց են Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական հատվածների գործունեության համար, կառույցը խրախուսում է եվրոպական ազգերի միջև խորհրդարանական իրական համագործակցությունը`   առավել մեծ Եվրոպայի կառուցմանը։ Խորհրդարանական վեհաժողովն ունի 315 ներկայացուցիչ իրենց 315 տեղակալներով, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից։ Կախված բնակչության թվից`   յուրաքանչյուր երկիր ունի 2-18 ներկայացուցիչ։ Վեհաժողովում ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն իրենց խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչությունը։ ԵԽԽՎ նախագահը, նրա տասնութ տեղակալները և քաղաքական խմբերի կամ նրանց ներկայացուցչությունների ղեկավարները կազմում են Վեհաժողովի բյուրոն, որը նախապատրաստում է Վեհաժողովի օրակարգը, փաստաթղթերի վերաբերյալ հղումներ ուղղում հանձնաժողովներին, կազմակերպում առօրյա գործերը, ապահովում միջազգային այլ մարմինների հետ հարաբերությունները։ ԵԽԽՎ կազմում գործում են նաև ընդլայնված միացյալ հանձնաժողովը, որն ապահովում է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի համագործակցությունը, մշտական հանձնաժողովը, որը գործում է Վեհաժողովի անունից, երբ վերջինս նստաշրջանում չէ, քաղաքական, իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների, տնտեսական և զարգացման, սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերով, բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերով և մի շարք այլ հանձնաժողովներ ու սոցիալական խմբեր։ III. Մարդու իրավունքների եվրոպական դատարան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում փոփոխությունը հնարավորություն ստեղծեց հիմնադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը`   կազմված անդամ-երկրների թվին համապատասխան դատավորներից (այժմ`   46), որոնք ներկայացված են որպես մասնագետներ և ոչ թե պետությունների ներկայացուցիչներ։ Դատավորներին ընտրում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 6-ամյա ժամկետով։ Լիակազմ Դատարանն ընտրում է իր Նախագահին, երկու տեղակալներին և երկու ստորաբաժանումների Նախագահներին`   եռամյա ժամկետով։ Դատարանն ունի չորս ստորաբաժանում, որոնց երեք տարով ամրագրված միացությունն ունի աշխարհագրական և սեռային հավասարակշռվածություն և հաշվի է առնում անդամ պետությունների տարբեր իրավական համակարգերը։ Ստորաբաժանումները ղեկավարում են նախագահները, որոնցից երկուսը նաև դատարանի Նախագահի տեղակալներն են։ Յուրաքանչյուր ստորաբաժանում հիմնում է երեք դատավորից կազմված հանձնաժողով`   մեկամյա ժամկետով։ Յուրաքանչյուր ստորաբաժանման ներքո ստեղծվում է յոթ անդամներից կազմված պալատ, հերթագայության հիմունքով, ըստ որի ստորաբաժանման նախագահը և դատավորն ընտրվում են յուրաքանչյուր գործին առնչվող պետության համապատասխան։ Ընդ որում դատավորը ստորաբաժանման անդամ չէ, նա մասնակցում է որպես պալատի ex oficio անդամ։ Դատարանի Մեծ պալատը կազմված է 17 դատավորից. նրա մեջ ընդգրկված են Նախագահը, Նախագահի տեղակալները և ստորաբաժանումների Նախագահները`   որպես ex oficio անդամներ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր երկիր կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան`   վկայակոչելով Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում ԵԽ որևէ անդամի կողմից։ Անհատ դիմողները կարող են իրենց դիմումներն անձնապես հանձնել։ Եվրոպայի խորհուրդը նախատեսել է անվճար իրավաբանական աջակցության հնարավորություն այն դիմողների համար, որոնք չունեն բավարար միջոցներ։ Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են հանձնվել անդամ երկրների պաշտոնական լեզուներից որևէ մեկով։ Դատավճիռները`   Պալատների որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։ Դատարանի բոլոր վերջնական վճիռները պարտադիր են գործին առնչվող Պետությունների համար։ Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (Նախարարների կոմիտեն որոշում է, թե արդյոք Պետությունները, որոնց իրավասության ներքո հայտնաբերվել են Կոնվենցիայի խախտումներ, ձեռնարկել են բավարար մեղմացնող միջոցներ`   կատարելու Դատարանի կայացրած հատուկ կամ ընդհանուր վճիռները)։ Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է տալ խորհրդատվական կարծիքներ իրավական հարցերում`   կապված Կոնվենցիայի և Արձանագրությունների մեկնաբանությունների հետ։ Խորհրդատվական կարծիքները տրվում են Մեծ պալատի կողմից և ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր դատավոր կարող է խորհրդատվական կարծիքին կցել առանձին կարծիք կամ տարակարծության բաց հայտարարություն։ Բացի նշված 3 գլխավոր մարմիններից`   ԵԽ-ի կազմում են նաև Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը և Գլխավոր քարտուղարություն։ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես Հիմնադրումը - 1994 թ Եվրոպայի խորհուրդը հիմնեց Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որը գործում է Նախարարների կոմիտեի կողմից օրենքով սահմանված վճռի հիման վրա։ Կոնգրեսը, որ հավաքվում է տարին մեկ անգամ Ստրասբուրգում, կազմված է երկու պալատից`   Տեղական իշխանությունների պալատ և Տարածքային պալատ, որոնց ընդհանուր կազմում ընդգրկված են 313 անդամներ`   իրենց 313 տեղակալներով։ Կոնգրեսն իր աշխատանքը կազմակերպում է չորս կանոնադրական հանձնաժողովների շրջանակներում`   ինստիտուցիոնալ հանձնաժողով, մշակույթի և կրթության հանձնաժողով, կայուն զարգացման հանձնաժողով, սոցիալական համախմբվածության հանձնաժողով։
 
Կոնգրեսը
 
Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտողն է, ներկայացուցչական համահավաք, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները։ Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին տալիս է խորհրդատվություններ տեղական և տարածքային քաղաքականության բոլոր հարցերի վերաբերյալ, սերտորեն համագործակցում է տեղական և տարածքային իշխանության մարմինները ներկայացնող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպում է տեղական և տարածքային մակարդակով լսումներ և համաժողովներ հասարակության լայն ներգրավմամբ, որը ծայրահեղ կարևոր է իրական ժողովրդավարության ստեղծման համար, կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները, գործնական օժանդակություն է ցուցաբերում նոր անդամագրված պետություններին արդյունավետ գործող տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների ստեղծման գործում։
 
Գլխավոր քարտուղարություն
 
Այս մարմինը բաղկացած է Գլխավոր քարտուղարից (ԳՔ), Գլխավոր քարտուղարի տեղակալից և համապատասխան աշխատակազմից։ Գլխավոր քարտուղարին ընտրում է Խորհրդարանական վեհաժողովը`   Նախարարների կոմիտեի առաջարկությամբ, հինգ տարի ժամկետով։ 2004 թ սեպտեմբերից Կազմակերպության Գլխավոր քարտուղարն է բրիտանացի Թերրի Դեյվիսը, իսկ նրա տեղակալն է Մոուդ Ֆրոկ դե Բյոր-Բուքիքիոն։ Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի ռազմավարական ուղղվածության համար և վերահսկում է Կազմակերպության և Քարտուղարության ամենօրյա կառավարումը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: