Հանրագիտարան

Բելգիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Բրյուսել
Տարածքը՝ 30,5 հզ. կմ քռ
Բնակչությունը՝ 10,4 մլն
Պետական լեզուները՝ ֆլամանդերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.`   բելգիական ֆրանկ)

 

Բելգիան եվրոպական ոչ մեծ երկիր է, որը ծայրից ծայր ավտոմեքենայով կարելի է կտրել անցնել 4–5 ժամում: Երկրի տարածքով, աննշան տարբերությամբ, ՀՀ-ի չափ է: 
Հյուսիս-արևմուտքում ափերը ողողում են Հյուսիսային ծովի ջրերը: Ծովափից դեպի երկրի խորքն են ձգվում տափարակ հարթավայրերը, որոնք դեպի հարավ-արևելք աստիճանաբար բարձրանում են և վերածվում բլրավետ վայրի: Երկրի հարավում անտառածածկ Արդեններ լեռներն են (առավելագույն բարձրությունը՝ 694 մ, Բոտրանժ լեռ): Եվրամիության անդամ է, իսկ մայրաքաղաք Բրյուսելը նաև Եվրամիության մայրաքաղաքն է:
Կան քարածխի, բազմամետաղների, շինանյութերի պաշարներ: 
Կլիման բարեխառն ծովային է: Հյուսիսային ծովից փչող խոնավ քամիները մեղմում են ձմռան ցուրտն ու ամռան շոգը: Ձմռանը շատ հաճախ ամպամած ու մռայլ է, ամառը`   զով, շատ են անձրևներն ու ամպրոպները: Գետային ցանցը խիտ է. Մաասը և Շելդան նավարկելի են:
Մ.թ.ա. 300 թ-ին Բելգիայի տարածքում բնակվել են բելգեր կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը): Տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային, Հոլանդիային:
Բրյուսելում սկսված բուրժուական հեղափոխությունը վերջ դրեց հոլանդացիների տիրապետությանը, և 1830 թ-ին Բելգիան հռչակվեց ինքնուրույն պետություն: XIX դարի 70-ական թվականներին Բելգիան եվրոպական զարգացած երկիր էր և մասնակցում էր Աֆրիկայի գաղութային բաժանմանը:
Բելգիան աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: 
Բելգիայում հիմնականում բնակվում են 2 ազգեր՝ վալոններն ու ֆլամանդացիները: Նա, ով առաջին անգամ ոտք է դնում Բելգիա, նկատում է, որ բոլոր գրություններն ու ճանապարհային ցուցանշանները 2 լեզվով են. ֆրանսերեն, որով խոսում են վալոնները, և ֆլամանդերեն:
Երկրի պետական զինանշանի նշանաբանն է «Միասնությունը ուժ է»: Այդուհանդերձ, երկար ժամանակ է՝ չեն հանդարտվում ազգային հակամարտությունները ֆլամանդացիների և վալոնների միջև, որի հիմքում ընկած են տնտեսական և սոցիալական պայմանները: 
Ժամանակակից Բելգիան բարձր զարգացած երկիր է. արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմեքենաներ, էլեկտրասարքեր, հեռուստացույցներ, ապակի, գործիքներ, գորգեր: Անտվերպենում մշակում-երեսակում են ալմաստը՝ դարձնելով ադամանդ, պատրաստում են ալմաստե սայրով փորող գործիքներ: Բելգիայում զարգացած է և՜ որսորդական, և՜ մարզական զենքի արտադրությունը: Բոլոր այս ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Սակայն արդյունաբերության շատ ճյուղերի համար հումքը  ներմուծվում է: 
Բելգիայում զարգացած է գյուղատնտեսությունը: Նրանք հացահատիկի, բանջարեղենի առատ բերք են ստանում: Բելգիայում բուծում են բարձր մթերատու կովերի ցեղեր: 
Տարբեր երկրների դրոշներով նավերը բեռներ են բերում Բելգիայի ամենամեծ նավահանգիստը՝ Անտվերպեն:
Բելգիան վաղուց ի վեր հռչակված է իր ծաղկաբույծներով, մեծարվեստ ժանյակագործներով ու ոսկերիչներով: Այստեղ կան բազմաթիվ հինավուրց հուշարձաններ, քաղաքները քաղաք-թանգարաններ են, որտեղ պահպանվել են XIII–XIV դարերի շենքեր: Բելգիայում են ապրել ու ստեղծագործել հայտնի նկարիչներ Պիտեր Ռուբենսն ու Անտոնիս վան Դեյքը, գրող Շառլ դը Կոստերը՝ բելգիական ժողովրդի սիրելի հերոս Թիլ Ուլենշպիգելի մասին վեպի հեղինակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: