Հանրագիտարան

Դանիա

Դանիա (դան.՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի թագավորություն (դան.՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում`   Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։

 

Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից`   հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց`   Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից`   Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թ. Դանիան դարձավ Եվրոմիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրոմիություն չմտնել։
Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը՝ Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում։ Սա նշանակում էր, որ լինելով Շվեդիայի և Գերմանիայի միջև, Դանիան հայտնվել էր Բալթիկ ծովին տիրանալու փոխադարձ պայքարի կենտրոնում, քանի որ մինչև Քիլի ջրանցքի փորելը, ջրային ուղիները դեպի Բալթիկ ծով հնարավոր էին միայն երեք ջրանցքներով, որոնք հայտնի էին որպես Դանիական ջրանցքներ։ Դանիան երկար ժամանակ վիճարկում էր Շվեդիայի հետ Սկանիայի վրա (Սկանիական պատերազմ) վերահսկողություն ունենալու համար և Նորվեգիայի հետ Հանսական Միություն Շլեզվիգ (Դանիական կալվածք) և Հոլշտայն (Գերմանական կալվածք) հերցոգությունների վրա վերահսկողություն ունենալու համար։ Ի վերջո Դանիան հակամարտությունը տանուլ տվեց և արդյունքում սկզբում Սկանիան զիջեց Շվեդիային, իսկ ավելի ուշ Շլեզվիգ-Հոլշտայնը Գերմանական կայսրությանը։ Չնայած Դանիական կայսրությունը կառավարում էր Դանիան և Նորվեգիան, սակայն 1814 թ. Դանիա-Նորվեգիայի լուծարումից հետո Դանիան ձեռք բերեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները, որոնք տասնչորսերորդ դարից գաղութի կարգավիճակում էին։ Քսաներորդ դարում Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան երկուսն էլ դարձան Դանիայի Ոստանի անքակտելի մասերը և ստացան ինքնակառավարման իրավունք համապատասխանաբար 1948 և 1979 թթ.։
Միավորված Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ Դանիան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության անդամ է։ Գերզարգացած խառն արդյունաբերություն ունեցող տնտեսությամբ և համատարած բարեկեցիկ Դանիան առաջատար երկրներից է բնակչության եկամտի հավասարաչափ բաշխվածության ցուցանիշով և մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով յոթերորդն է աշխարհում: Հաճախ Դանիան գնահատվում է որպես ամենաերջանիկ երկիրը, իսկ կաշառակերությամբ`   վերջինը:  Պաշտոնական լեզուն դանիերենն է, որը սերտորեն կապված է շվեդերենի և նորվեգերենի հետ, որոնց հետ այն ունի մշակութային և պատմական սերտ կապեր: Դանիան Շվեդիայի և Նորվեգիայի հետ միասին Սկանդինավիա մշակութային տարածքի մասն է, ինչպես նաև Հյուսիսային խորհրդի անդամ է։
 
Կլիման
Դանիայի կլիման հանդարտ է, ծովային, մեղմ անկայուն ձմեռներով, զով ամառներով և ձգված անցումային շրջաններով։ Միջին ջերմաստիճանը`   փետրվարին 0,0 °C, օգոստոսին`   15,7 °C։ Դանիայում տարվա ընթացքում անձրև է գալիս միջինը 121 օր, տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ 712 մմ տեղումներ, աշունը ամենախոնավ տարվա եղանակն է, իսկ գարունը ամենաչոր։
Դանիայի հյուսիսային դիրքի պատճառով օրվա լուսավորության երկարության մեծ տատանումներ են լինում տարվա ընթացքում։ Ձմռանը օրերը կարճ են, արևածագը լինում է մոտ 8:45 և մայրամուտը`   15:45, իսկ ամռանը համապատասխանաբար օրերը երկար են, արևածագը`   4:30, և մայրամուտը`   22:00-ին։
 
Շրջակա միջավայր
Դանիան պատմականորեն առաջատար տեղ է ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության գործում։ 1971 թ. Դանիան հիմնեց իր Բնապահպանության նախարարությունը, և դարձավ առաջին պետությունը աշխարհում, որը ներդրեց բնապահպանության օրենք 1973 թ.։ Շրջակա միջավայրի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ պայքարելու նպատակով Դանիայի Կառավարությունը ստորագրել է հետևյալ միջազգային համաձայնագրերը`   Անտարկտիկական համաձայնագիր, Կիոտոյի արձանագրություն, Վտանգված կենդանիների ակտը։
Կոպենհագենը առաջատար է հանդիսանում Դանիայում պայծառ կանաչ բնապահպանական շարժման շրջանակներում։ Կոպենհագենի ամենակարևոր շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող հետազոտական հաստատություններն են Կոպենհագենի համալսարանը, Կոպենհագենի գործարարության դպրոցը, Ռիսո ԴՏՈւ կայուն էներգիայի ազգային լաբորատորիան և Դանիայի տեխնիկական համալսարանը։
 
Տնտեսություն
Դանիան արդյունաբերագյուղատնտեսական երկիր է զարգացման բարձր մակարդակով։ Արդյունաբերության մասնաբաժինը կազմում է ազգային եկամտի 40%-ը։ Երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը մեկ շնչին ընկնող արտաքին առևտրաշրջանառության առումով։ Հիմնական արտահանման արտադրանքներն են՝ մեքենաշինության արտադրանքներ, միս և մսամթերք, կաթնամթերք, ձուկ, դեղորայք, կահույք։
Առաջատար արդյունաբերություններն են՝ մետաղամշակում, մեքենաշինություն (հատկապես էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրական), սննդի, քիմիական, տեքստիլ արդյունաբերություն։ Գյուղատնտեսության բնագավառում առաջատար դեր է զբաղեցնում մսակաթնատու անասնաբուծությունը։ Դանիան զբաղեցնում է 7-րդ տեղը աշխարհում խոզերի թվաքանակով՝ 25 մլն, դրանցից 87%-ը արտահանվում է։ 
 
Տարադրամ
Դանիան չի մտնում Եվրագոտու մեջ և ունի սեփական տարադրամը՝ դանիական կրոնը։ 2000 թվականին հանրաքվե անցկացվեց եվրոյին անցնելու համար, սակայն բնակչության մեծամասնությունը դեմ արտահայտվեց։ Սակայն Դանիան հետևում է Եվրոպական արժութային միության հանձնարարականներին և ապահովում է ազգային տնտեսության համապատասխանեցումը Մաաստրիխտյան չափանիշերին։ Դանիայի Ազգային բանկը պահպանում է դանիական կրոնից եվրո ֆիքսված փոխարժեքի կուրսը։
Ֆարերյան կղզիներում բացի դանիական կրոնից շրջանառվում է նաև ֆարերյան կրոնը։ Գրենլանդիայում ծրագրվում էր գրենլանդական կրոնի շրջանառությունը, սակայն այդ առաջարկը մերժվեց։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: