Հանրագիտարան

ՈՒղղափառություն

Ուղղափառությունը կաթոլիկության և բողոքականության հետ միասին Քրիստոնեության երեք հիմնական ուղղություններից մեկն է:
  1. Հիսուս Քրիստոսի առաքյալների հիմնած առաքելական, ավանդական և պատմական եկեղեցիների դավանանքի, վարդապետության ու կարգերի ամբողջությունը: «Ուղղափառություն» անվանումն առաջին անգամ հանդիպում է II դ. քրիստոնյա գրողների մոտ (Կղեմես Ալեքսանդրացի և ուր.), երբ ի հայտ են եկել քրիստ. եկեղեցու ուսմունքի առաջին բանաձևերը: Նշանակել է բոլոր եկեղեցիների հավատը՝ ի հակադրություն հերետիկոսների տարամիտության և աղավաղումների: Ուղղափառության սահմանները և սահմանումը միշտ եղել են վեճի առարկա: Սակայն Ուղղափառության հիմնական չափանիշ է ճանաչվում Հիսուս Քրիստոսի և նրա առաքյալների ուսմունքի անփոփոխ պահպանումը և անշեղորեն հետևելը, ինչպես շարադրված է Աստվածաշնչում, սրբազան ավանդությունում, Հավատո հանգանակում, Ընդհանրական եկեղեցու գումարած տիեզերական ժողովների բանաձևերում, եկեղեցու հայրերի ուսուցումներում: 451-ի Քաղկեդոնի ժողովի հետևանքով Ընդհանրական եկեղեցու պառակտումից հետո եկեղեցիները կամ եկեղեցիների ընտանիքները, ունենալով տիեզեր. ժողովների և եկեղեցու հայրերի սեփական ցանկեր, տարակարծիք են Ու-յան բնորոշման, ինչպես նաև դավան. որոշ բանաձևերի Ու-յան հարցում: Քրիստ. եկեղեցու հիմն. հավատալիքները, որոնք կազմում են նրա դավանանքը, բանաձևվել են երեք տիեզերերական ժողովների վճիռներով: Այն բոլոր եկեղեցիները, որոնք ընդունել են երեք տիեզեր. ժողովների հաստատած հավատամքը՝ Հոր և Որդու համագոյությունը,  Սուրբ Հոգու Աստվածությունը, Ս. Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները, ս. Կույսի Աստվածածին կամ Աստվածամայր լինելը, ճանաչվում են ուղղափառ եկեղեցիներ: 
  2. Քրիստոնեության հիմն. երեք ուղղություններից (կաթոլիկության և բողոքականության հետ միասին) մեկը: Տվյալ դեպքում Ու. բնութագրում է տեղական ինքնավար,ազգ. եկեղեցիների կամ արևելաքրիստոնեության երկու խոշոր ընտանիքներին՝ Արևելյան ուղղափառ եկեղեցիներ (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի, Ասորի ուղղափառ եկեղեցի, Եթովպական ուղղափառ եկեղեցի, Ղպտի ուղղափառ եկեղեցի, Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցի) և Ուղղափառ (օրթոդոքս) կամ երկաբնակ (քաղկեդոնիկ) եկեղեցիներ: Վերջիններս կոչվում են նաև հունադավան, քանի որ ծագում են Հույն կամ բյուզ. եկեղեցուց, ունեն նույն եկեղեց. ավանդությունը, արարողակարգը և համանման կանոնական կառույցը: Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներն այսօր իրենց մեջ պարփակում են ազգ. ավանդություններ, լեզուներ և յուրահատկություններ: Սակայն նրանք բոլորն էլ ունեն միևնույն պատմ. սկիզբը, այն է՝ բյուզ. Ուղղափառ քրիստոնեությունը: Ընդհանրական եկեղեց. կազմակերպություն մեկ եկեղեց. կենտրոնով (ինչպես Վատիկանը Կաթոլիկ եկեղեցու համար) Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները չունեն:

Հռոմ. կայսրության բաժանումից (395) հետո կայսրության եկեղեցին կազմակերպորեն տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի: Քաղկեդոնի ժողովից հետո Հռոմի և Կ. Պոլսի աթոռները տարբեր պատճառներով հակառակությունների, տարանջատումների,  մրցակցության մեջ են եղել. 1054-ին Սուրբ Հոգու բխման վարդապետության մեջ «եւ Որդւոյ» (Filioque) հավելվածի (ըստ որի՝ Ս. Հոգին բխում է Հորից և Որդուց) ներմուծումը Հռոմի եկեղեցու կողմից՝հանգեցրել է երկու եկեղեցիների բաժանմանը և փոխադարձ նզովքների: Հռոմ. Եկեղեցին կոչվել է կաթոլիկական, իսկ հունաբյուզ. եկեղեցին՝ ուղղափառ: Խաչակիրների արշավանքն ավելի է խորացրել պառակտումը, քանի որ լատին եպիսկոպոսություններ են հիմնվել այնտեղ, որտեղ Հույն եկեղեցին ունեցել է իր պատրիարքական աթոռներն ու թեմերը: 1204-ին խաչակիրների կողմից Կ. Պոլսի գրավումով՝ բաժանումը դարձել է վերջնական, իսկ հետագա դարերի միութենական փորձերը ոչ մի արդյունքի չեն հասցրել: Հռոմի պապի և Կ. Պոլսի պատրիարքի 1054-ի փոխադարձ նզովքները վերացվել են 1964-ին՝ Հռոմի պապ Պողոս VI-ի և Կ. Պոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հանդիպման ժամանակ: IX–XI դդ-ից սկսած կազմավորվել են ինքնագլուխ (ավտոկեֆալ) երկաբնակ եկեղեցիներ (Վրաց եկեղեցին՝ ավելի վաղ), որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանք են՝ նախ՝ բյուզ. շրջանի հին պատրիարքությունները՝ Կ. Պոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի (Դամասկոսում, Սիրիա), Երուսաղեմի աթոռները, ապա՝ Մոսկվայի (Ռուս Պրավոսլավ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, հուն. եկեղեցիները՝ Հելլադայի (Հունաստանի), Կիպրոսի, Սինայի, Վրաց, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Ճապոնիայի, ինչպես նաև Աֆրիկայի, ԱՄՆ-ի ուղղափառ եկեղեցիները: Դրանք բոլորն էլ առաջնորդվում են նույն նվիրապետ. աստիճանակարգով (եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ): Եկեղեցու աշխարհիկ դասը կազմում է նրա գործուն տարրը, համաձայն 1848-ի արլ. պատրիարքների հղած կոնդակի՝ «Եկեղեցու ամբողջական մարմնին է պատկանում նրա ճշմարտության  պահպանումը» : Բոլոր Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների մեջ առաջնության պատիվը վայելում է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքությունը: Կ. Պոլսի  գրավումից (1453) և Բյուզ. կայսրության անկումից հետո մինչև 1917-ը Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների մեջ ղեկավար դեր է ունեցել Ռուս եկեղեցին: 

Ուղղափառ ավանդության մեջ  զատորոշվում են երեք կարևոր տարրեր՝ վարդապետական, ծիսական և հոգևոր  ավանդությունները: 842-ին պատկերապաշտության վերջնական հաղթանակի առիթով, երբ բյուզ. Թեոդորա կայսրուհին (842–856) վերականգնել է սրբապատկերների պաշտամունքը, սահմանվել է  «Ուղղափառության տոն», որն ամեն տարի քառասնօրյա պահքի առաջին կիրակին հանդիսավորությամբ տոնվում է որպես «ուղղափառության կիրակի» : Ուղղափառ երկաբնակ եկեղեցին պնդում է, որ քրիստ. հավատն իր ամբողջության մեջ ինքն է պահել և այդպիսով դարձել Մեկ, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական: Այդ պնդումը հիմնավորվում է Ուղղափառ  դավանության մեջ, որտեղ եկեղեցին համարվում է «ճշմարտության սյուն և արմատ»: Տիրոջ  մարմինը և Սուրբ Հոգին միասին հավիտենապես եկեղեցուն առաջնորդում են դեպի ճշմարտություն: Եկեղեցին անսխալականության միջոց չէ. նա անսխալական է իր ամբողջության մեջ, իր տիեզերական ըմբռնումով. նա չի ընդունում որևէ բան իբրև ճշմարտություն, եթե այն հակառակ է կամ հակասում է Սուրբ Հոգու առաջնորդությանը: Ուղղափառ երկաբնակ եկեղեցին ունի հավատի երկու աղբյուր՝ Աստվածաշունչը և սրբազան ավանդությունը, պայմանով, սակայն, որ ավանդության մեջ չլինի Ս. Գրքին հակասող որևէ բան: 
 
Ուղղափառությունը հավատում է, որ Աստվածաշունչն արդյունք է երկնային ներշնչանքի իր ամբողջության մեջ և ոչ մեկին չի զրկում Աստվածաշունչը կարդալու և մեկնաբանելու իրավունքից, պայմանով, որ դա լինի եկեղեցու ավանդությանը համապատասխան և առաջնորդվի եկեղեցու ս. հայրերի մեկնություններով: Ուղղափառ երկաբնակ եկեղեցին ընդունում է յոթ ժողովների տիեզերական հեղինակությունը (325-ի Նիկիայի, 381-ի Կ. Պոլսի, 431-ի Եփեսոսի տիեզերաժողովները, ինչպես նաև՝ 451-ի Քաղկեդոնի, 553-ի Կ. Պոլսի, 680–681-ի Կ. Պոլսի, 787-ի Նիկիայի, 869–870-ի Կ. Պոլսի ժողովները) և նրանց վարդապետ. սահմանումները: Ընդունում է եկեղեցու հայրերի (տարբերվում է Հայ  առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հայրերի ցանկերից) վկայությունը՝ իբրև ճշմարիտ մեկնիչներ, թարգմանողներ և եկեղեցու հավատի պահպանողներ: Ամենանշանավոր հայրերն են Աթանաս Ալեքսանդրացին, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Գրիգոր Նյուսացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Հովհան Ոսկեբերանը, ինչպես նաև Մաքսիմոս Խոստովանողը (VII դ.), Հովհաննես Դամասկացին (VIII դ.), Գրիգոր Պալամասը (XIV դ.): Նրանց վկայությունները  անսխալականության աղբյուր չեն: Եկեղեցու հայրերի գործերում Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին տեսնում է Ու-յան ընդհանուր ոգին, նրանց ամբողջական նվիրումը եկեղեցու վարդապետությանը՝ այդ աստվածաբանների գործերն ընդունելով իբրև օրինակելի նմուշներ: Արևելաքրիստ. Ու. չի ընդունում Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական ժողովները» և նրանց վարդապետ. որոշումները (Ս. Հոգու բխման վարդապետության մեջ  «և Որդւոյ» հավելումը, Մարիամ Աստվածածնի մարմնով համբառնումը, Մարիամ Աստվածածնի անարատ հղությունը, պապի անսխալականությունը, քավարանը, հացի ու գինու գոյափոխությունը Պատարագի ժամանակ ևն): Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին գտնում է, որ եկեղեց. օրենքները ձևակերպվել են իր ընդունած յոթ տիեզեր. Ժողովների ընթացքում՝ եկեղեցու հայրերի կողմից: Այդ կանոնները կարգավորում են եկեղեցու կյանքը, բայց դրանք իրավական չափանիշներ չեն: Այդ օրենքներն ավելի շուտ նկարագրում և պաշտպանում են Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին, քան սահմանում այն: 
 
Երկաբնակ ուղղափառների գլխ. Ժամերգությունը ս. Պատարագն է: Եկեղեցու համար ամենակարևոր  «արդիականացումը» ժողովրդի մասնակցությունն է Քրիստոսի փառավորյալ մարմնին՝ ս. Պատարագի ժամանակ, ինչպես երկնային թագավորության, որն այս աշխարհի համար դեռևս   «գալիք թագավորությունն է» խորհրդանշում: Պաշտամունքի միջոցով եկեղեցին դառնում է  «այն, ինչ որ էր», այսինքն՝ նոր ժողովուրդ Աստծո Սուրբ Հոգու ներգործությամբ: Հունադավան ուղղափառ ծիսական ավանդության մեջ զանազանվում են ընծայման՝ Մկրտության, ս. Մյուռոնի և Հաղորդության պատարագները, որոնք ամբողջապես և բարձրագույն ձևով իրականացնողը եկեղեցին է: Այդ պաշտամունքները սրբացնում են ժամանակը՝ օրվա ընթացքը, շաբաթվա օրերը և տարվա շրջանը: Հունադավան պաշտամունքները նկարագրված և բացատրված են մոտ երեք տասնյակ ծիսական գրքերում: Դրանցից ամենակարևորներն են՝ Ծիսարանը, որը բովանդակում է գրություններ ս. Պատարագի արարողությունների մասին և եկեղեց. խորհուրդները, Օկդոեխոս հոգևոր երգերի ժողովածուն (շաբաթվա շրջանի), տասներկու Մենայանները (տարեկան շրջանի) և երկու Տրիոդիաները (պահոց և Զատկական շրջանների): Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների մեծ մասի օրացույցը կազմվում է հուլյան տոմարով: Քահանաները պետք է ամուսնացած լինեն (ընդ որում՝ մեկ անգամ):
 
 Երկաբնակ ուղղափառ եկեղեցու վարդապետ. և ծիսական ավանդույթները շեշտում են կյանքում կատարելությունը: Սրբերի հանդեպ պաշտամունքը հաստատվել է նրանց մասին եղած հավաստի փաստերով և որ Աստծո շնորհը ՝ բաշխված Քրիստոսի միջոցով, իր մեջ պարունակում է վերափոխելու և պայծառակերպելու զորություն: Դրանով մարդկային բնությունը Հիսուսի  Մարդեղությամբ դառնում է կարողունակ՝ ընդունելու Ս. Հոգին և աստվածացումը (Թեոսիս): Հոգևոր հայրերը, սրբերը հավատի ուսուցիչներն են: Նրանք իրենց կյանքով ու գործով և հոգևոր փորձառությամբ սովորեցնում են մարդկանց ընդունել  Ս. Հոգին: Հոգևոր փորձառություններ են ունեցել վաղ եկեղեցու անապատական ճգնավոր հայրերը՝ Անտոն Անապատականը,Պախոմիոսը և ուր., բյուզ. միստիկները՝ Սիմեոն Երիտասարդը (XI դ.), Գրիգոր Պալամասը և XVIII–XIX դդ. Ռուս եկեղեցու սրբերն ու հոգևոր դաստիարակները՝ Տիխոն Զադոնսկին, Պայիսի Վելիչկովսկին, Սերաֆիմ Սարովսկին և ուր.: Հոգևոր  ավանդություններին վերաբերող դասական տեքստերը հավաքված են «Ֆիլոգալիա» խորագրով գրքի հատորներում: 
 
Հայոց մեջ հունադավան կամ քաղկեդոնիկ հայերը կոչվել են հոռոմներ և ծաթեր: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: