Հանրագիտարան

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն
ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ») -  մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամբ:
 
Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու `   Սիրո մասին:
Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:
Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:
 
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:
 
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
 
Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:
Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն: 
«Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:
 
Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը:
Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը: 
Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր: 
Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:
 
Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար: 
Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ (երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ:
 
Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր`   Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները:
 
XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:
1996 թ-ի տվյալներով՝ աշխարհի 2 մլրդ քրիստոնյաներից 981 մլն-ը կաթոլիկներ են, 600 մլն-ը՝ բողոքական, 182 մլն-ը՝ ուղղափառ:
 
Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է. սկզբնավորվել է սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ: 301 թ-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի օրոք, Սբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն (առաջինը`   աշխարհում):
 
Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Հայ եկեղեցին տևական ժամանակ համախմբել է պետականությունը կորցրած հայ ժողովրդին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: