Հանրագիտարան

Բողոքականություն

Բողոքականությունը կաթոլիկության և ուղղափառության հետ միասին համարվում է Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկը: Բողոքականությունը սկիզբ առավ XVI-րդ դարում Եվրոպայում, Ռեֆորմացիայի`   հակակաթոլիկ շարժման, հետևանքով: Բողոքականությունն ունի երկու`   պահպանողական և լիբերալ ճյուղեր: Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյաներից մոտ 800 միլիոնը բողոքական է, որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը Ասիայում և 10 միլիոնը Օվկիանիայում:

Բողոքականությունը քրիստոնեական այն եկեղեցիների ընդհանուր անվանումն է, որոնք XVI դ. Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կրոնագաղափարական, հասարակական-քաղաքական շարժման`   Ռեֆորմացիայի ժամանակ անջատվել են հռոմեակաթոլիկական եկեղեցուց, մերժել Կաթոլիկ եկեղեցու, պապականության և հոգևորականության անհրաժեշտությունը, հավատի աղբյուր հռչակել միայն Աստվածաշունչը, մերժել սրբազան ավանդությունը:

Բողոքականությունն իր մեջ ընդգրկում է դավանական, պաշտամունքային և եկեղեցական առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, անկախ եկեղեցիներ և դավանանքներ (լյութերականություն, կալվինականություն, անգլիկանություն, անաբապտիստներ, մկրտականներ, պուրիտանություն, պրեսբիտերականներ ևն): Բողոքական եկեղեցիները բաժանվում են երկու մեծ խմբի`   լյութերական և ռեֆորմատական (Եվրոպայում`   կալվինականություն, ցվինգլիականություն ևն, Հյուսիսային Ամերիկայում`   մեթոդիստներ ևն): Ռեֆորմատական և լյութերական եկեղեցիների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններն ընդունում են երկու խորհուրդ (Մկրտություն և Հաղորդություն), իսկ ռեֆորմատական եկեղեցիները մերժում են բոլոր խորհուրդները: Բողոքական եկեղեցիները կոչվում են նաև ավետարանական եկեղեցիներ:
 
Սկզբնական շրջանում ավետարանական անունը կրել են բոլոր բողոքական`   թե լյութերական և թե ռեֆորմատական եկեղեցիները, քանի որ նրանք իրենց ուսմունքի հիմքը համարել են Սուրբ Գիրքը: XIX դ. ավետարանական անունը տարածվել է հատկապես նոր բողոքական եկեղեցիների վրա`   ի տարբերություն հին լյութերական և ռեֆորմատական եկեղեցիների: Հայերի մեջ Բողոքականությունը տարածվել է XVII–XVIII դդ., առանձին համայնքների ձևով, իսկ XIX դ. սկզբնավորված ավետարանական շարժման արդյունքում, 1846-ին վերածվել կազմակերպված ավետարանական եկեղեցու:
 
Բողոքական և ավետարանական եկեղեցիների ընդհանուր գաղափարաբանությունը, կարգը և եկեղեցական կառուցվածքը հիմնականում հանգում են հետևյալին: Աստծո և մարդու հարաբերությունն իրականացվում է առանց միջնորդության: Աստծո շնորհին մարդ հաղորդակցվում է ուղղակի Քրիստոսի միջոցով`   նրան ընդունելով որպես անձնական Փրկիչ: Միակ և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որտեղ Քրիստոսի խոսքը համարվում է գերագույն, հայտնութենական ճշմարտություն: Ամեն տեսակ ավանդություն ստորադաս է նկատվում Աստվածաշնչին: Հասարակությունը բաժանված չէ կղերական և աշխարհիկ դասի: Ըստ այդմ, քահանան չունի Սուրբ Հոգու պարգևներն ընդունելու և բաշխելու մենաշնորհ: Յուրաքանչյուր ոք կարող է և իրավունք ունի հոգևոր պաշտոն կատարել, քարոզել, մեկնաբանել Աստվածաշունչը: Բողոքականությունն ընդունում է հավատացյալների հավասարությունն ու միությունը: Եկեղեցու առավել գործուն անդամները, որոնք աչքի են ընկնում քարոզելու շնորհքով, ժամանակի ընթացքում ձեռնադրումով դառնում են եկեղեցու երեցը (ավագը) և ստանում պատվելի, ավելի ուշ`   փորձ և հմտություն ձեռք բերելուց հետո`   վերապատվելի կոչումը: Հոգևոր պաշտամունքն իրականացվում է բացառապես քարոզի, Աստվածաշնչի բարոյաբանական մեկնաբանության և աղոթքի միջոցով:
 
Բողոքական և ավետարանական եկեղեցիները չունեն պատմական եկեղեցիներին (Հայ առաքելական, Ուղղափառ-օրթոդոքս, Կաթոլիկ) հատուկ ծիսակարգ: Բացառապես ընդունում են իբրև առավել նախնական, Աստվածաշնչի հեղինակությամբ վկայված ձեռնադրման և մկրտության (ջրի մեջ ընկղմում) պարզ արարողությունը: Չունեն պատմական եկեղեցիներին հատուկ այնպիսի հայտանիշներ (ատրիբուտներ), որպիսիք են ճարտարապետությունը (իր հին տարազի մեջ`   եկեղեցի, տաճար, վանք), զգեստավորումը, սուրբ անոթները, սրբանկարները, մոմերը, խունկը, մյուռոնը ևն: Ավետարանական եկեղեցիները նախանձախնդիր են պահպանելու քրիստոնեական եկեղեցու տիեզերականությունը, միությունը և ազատությունը: Բողոքական և ավետարանական եկեղեցիների աստվածաբանությունը հիմնական գծերով հետևյալն է. Աստվածաշունչը Աստծո շունչն է և բացարձակ հեղինակություն, և լիազոր իրավասություն ունի (Բ Տիմ. 3.16, Եբր. 4.12): Սուրբ Երրորդությունը բնությամբ մեկ Աստվածություն է, որ բաղկացած է երեք Անձերից. Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված (Մատթ. 28.19, Բ Կորնթ. 13.13): Արարչագործությունը բացառապես Աստծո ձեռքի գործն է (Ծննդ. 1.1–31, Հովհ. 1.1–3): Դրախտը (երկինքը) իբրև վիճակ և տարածք Սուրբ Երրորդության կենտրոնավայրն է, ինչպես նաև`   հրեշտակների ու հավատացյալների հավիտենական բնակավայրը (Եսայի 6.1–3, Ե-զեկ. գլ. 1,10, Եբր. 1.14): Մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ և պատկերով, մարմինը`   հողից, հոգին ու շունչը`   Աստծո կողմից (Ծննդ. 1.26, 2.7): Սուրբ Հոգով մկրտությունը, լրումը, սուրբ կյանքը Աստծո պահանջն է, նաև`   եկեղեցու (հավատացյալների) մենաշնորհն ու պարտքը (Գործք 1–6, Ա Թեսաղ. 5.26): Եկեղեցին (հավատացյալների ամբողջությունը) Քրիստոսի մարմինն ու Հարսն է (Եփես. 5.23–32, Հայտն. 19.7): Սատանան անձ է, չարության մարմնացում, չարության աշխարհի իշխանը և ստի հայրը (Հովհ. 8.44): Դժոխքը, իբրև դրախտի (երկնքի) հակառակ բևեռ, հավիտենական տարածք է սատանայի, նրա սպասավոր հրեշտակների համար: Դժոխքը մեղավորների տանջանքի վայրն ու վիճակն է (Ղուկ. 16.23, Մատթ. 25.41, 13.42, Հայտն. 20.10, 15):
 
Մեղքը սատանայից է (Ա Հովհ. 3.8): Մարդն իր կամքը հանձնելով և միանալով սատանային`   մեղք է գործում, նահանջելով աստվածադիր պատվիրաններից`   դառնում հին մարդ (Քրիստոսի արյամբ տակավին չփրկված հին Ադամ) և զրկվում օրհնությունից, դիրքից, կյանքից ու Աստծուց (Եփես. 4.17–22): Քավությունը բովանդակ աշխարհի փրկության համար Քրիստոսի`   խաչի վրա զոհվելով պատարագվելն է (Հռովմ. 3.25, Ա Հովհ. 2.2): Արդարացումը և վերստին (հոգևոր) ծնունդը (Հռովմ. 4.20–24) Հիսուս Քրիստոսի քավչարար արյամբ սրբվելն է և նրա շնորհն անվերապահորեն ընդունելով`   նոր մարդ (նոր Ադամ) լինելը: Քրիստոսի Երկրորդ գալուստը եկեղեցու հույսն է: Քրիստոսով մեռածները հարություն են առնելու, և ապրող հավատացյալները հափշտակվելու են երկինք: Երկրի վրա մնացողներին մեծ նեղություններ են գալու: Հետո Քրիստոս իր սրբերով երկիր է իջնելու, կապելու է սատանային և թագավորելու է հազար տարի (Ա Թեսաղ. 4.15, Հայտն. 3.10, 20.1–4): Վերջին դատաստանի ժամանակ, հազարամյակից հետո, սատանան արձակվելու է, չարերը հարություն առնելով`   դատվելու են և նետվելու կրակի ու ծծումբի լճի մեջ (Հայտն. 20.7–15): Արդարները հավիտենական երանության մեջ պետք է հարատևեն (Հայտն. 21, 22):
 
Բացի Նոր կտակարանի գրքերից (27) բողոքական և ավետարանական եկեղեցիներն ընդունում են Աստվածաշնչի մաս կազմող միայն Հին կտակարանի հրեական կանոնը (39 գիրք): Այստեղ բացակայում են Հայ առաքելական եկեղեցու ընդունած Աստվածաշնչի երկրորդականոն (ըստ բողոքականների`   պարականոն գրքերը): Թեպետ այդ գրքերը աստվածաշունչ չեն համարում, սակայն ճանաչում են իբրև բարոյապատմական արժեք ունեցող գրվածքներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: