Հանրագիտարան

Գեա

Գեան (հին հունարեն՝ Γαία, նշ. է երկիր) երկրի անձնավորումն է։
Գեան համարվում էր մարդկանց նախամայրը և հողի գրկում թաղված մեռյալների մեծ օթևանը։

Ըստ Հեսիոդոսի Գեան առաջինը անջատվում է Քաոսից և իրենից ծնում է Ուրանոսին (Երկնքին), Հորաներին և Պոնտոսին (ծովը). Ուրանոսից Գեան ծնում է տիտաններին, կիկլոպներին, հեկատոնքեյրներին։ Գեան համարվում էր նաև Էրիննիաների, գիգանտների և մելիաների մայրը։ Պոնտոսի հետ Գեայի մերձեցումից լույս աշխարհ են եկել Ներևսը, Թավմասը, Փորկիսը, Կետոն և Եվրիբան։ Իբրև գիգանտների մայր, Գեան փորձել է օգնել գիգանտներին գիգանտոմաքիայի ժամանակ։

 
Գեայի պաշտամունքը մեծ դեր է խաղացել նախնիներին մեծարելիս։ Երդման ժամանակ նրա անունը ամենասրբազանն էր։ Իբրև բերք պարգևող (Գեա Կարպոֆորոս–բերքատու), Հունաստանում ամենուրեք մեծարում էին նրան։ Ըստ ավանդության, հին Դելփյան տաճարը, նախքան այստեղ Ապոլլոնի հայտնվելը, եղել է Գեայի սրբավայրը։ Դոդոնեում նա համարվում էր Զևսի կինը։ Հետագայում որպես Զևսի կին նրա մասին եղած պատկերացումները ետ են մղվում Դիոնեի, Հերայի, Դեմետրայի կերպարների շնորհիվ։ Ուշ շրջանում Գեային հաճախ շփոթել են Դեմետրիայի և Կիբելեի հետ։ Անտիկ աշխարհում Գեայի պատկերումները քիչ են. Պերգամի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին առատության եղջյուրը բռնած, նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: