Հանրագիտարան

Գիգանտներ

Գիգանտները (հուն.՝ Γίγαντες, հուն հսկաներ) աստվածներին ու կիկլոպներին ցեղակից հսկաների վայրագ ժողովուրդ էր, որը բնակվում էր ծայր արևմուտքում։

Նրանցից էին Գեա (Երկրի) և Ուրանոս (Երկնքի) որդիները։ Հետագա առասպելները գիգանտներին շփոթեցնում են տիտանների հետ, որով և աստվածների ու տիտանների միջև տեղի ունեցած պատերազմի մասին զրույցի կողքին առաջանում է Գիգանտների և օլիմպոսյան աստվածների միջև մղված պատերազմի (գիգանտոմաքիայի) մասին առասպելը։

Գիգանտներին հաճախ պատկերում էին վիշապի պոչ ունեցող վիթխարի արարածների տեսքով։ Գիգանտները ապստամբում են օլիմպոսյան աստվածների իշխանության դեմ։ Նրանք Օլիմպոսի վրա շպրտում են ժայռաբեկորներ և բոցավառվող ծառեր։ Աստվածները օգնության են կանչում Զևսի կայծակը կռած կիկլոպներին հարյուր ձեռնանի հսկաներին՝ հեկատոնքեյրներին, Հերակլեսին և կատաղի մարտից հետո հաղթում և ոչնչացնում են Ալկիոնևսին, Պորփիրիոնին, Ադրիոսին և մյուս գիգանտներին։

Հնում կարծում էին թե պարտված գիգանտները թաղված են հրաբուխների տակ (երկրի հրաբխային գործունեությունը բացատրելու փորձ)։ Գիգանտների և աստվածների պայքարի մասին առասպելը, ըստ երևույթին, կոչված էր բացատրելու օլիմպոսյան կրոնի հաղթանակը նախահունական շրջանի պաշտամունքների նկատմամբ։ Հելլենիստական ժամանակաշրջանում առասպելն ստանում է փիլիսոփայական ընդհանրացում և ընկալվում է որպես լույսի ու բարու ուժերի հաղթանակը ընդդեմ խավարի և բարբարոսության։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: