Հանրագիտարան

Գիգանտոմաքիա

Գիգանտոմաքիան (հին հունարեն՝ γιγαντo-μαχια) աստվածների կռիվն էր գիգանտների հետ։

Հին Հունաստանի ամենատարածված առասպելներից, հին աշխարհի քանդակագործության սիրված սյուժեներից մեկը։ Գիգանտոմաքիայի հոյակապ տեսարաններ պահպանվել են Պերգամյան թագավորության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ՝ Բերղամա քաղաք Թուրքիայում) կառուցված Զևսի զոհարանի ֆրիզի վրա։ Զոհարանը հայտնաբերվել է 1870 Հումանի կատարած պեղումների ժամանակ և պահպանվել Բեռլինի Պերգամոն թանգարանում։ Մարմարյա զոհարանը կառուցվել էր մ.թ.ա. 2–րդ դարում։ Այն ունի գրեթե քառակուսի ձև (36,44x34,20 մ), բարձրությունը ավելի քան 9 մ։

Գիգանտոմաքիա պատկերող մոնումենտալ ֆրիզն ունի մոտ 120 մ երկարություն։ 20 աստիճան ունեցող սանդուղքը տանում է երկրորդ դստիկոն, որտեղ գտնվում է փոքր ֆրիզը, որի վրա պատկերված է Տելեփոսի մասին առասպելը։ 115 մարմարե սալերից բաղկացած մեծ ֆրիզից պահպանվել են մինչև 50 աստվածների և նույնքան գիգանտների քանդակներ։

Գիգանտոմաքիաի հետ աստվածների մարտի տեսարանները լի են դրամատիզմով ու պաթոսով. վարակում են ակնառու ռեալիզմով և առասպելի փիլիսոփայական ընդհանրացման խորությամբ։ Զոհարանը պատկանում է անտիկ արվեստի առաջնակարդ հուշարձանների շարքին, հռոմեական շրջանում այն համարվել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: