Մրցույթներ

Շարադրությունների մրցույթ - 2010 / Աշխատանքներ
Վարկանիշ՝ 66
Դավիթ Սիրունյան Արմանի
Դպրոց՝ 8

Դասարան՝ 3-4
Իմ երազանքների դպրոցը
Հեռվում չէ այն օրը, երբ մայրիկիս ձեռքից բռնած առաջին անգամ կանգնեցի մեր դպրոցի առջև: Այդ պահին ես ընդամենը տեսա մի վարդագույն շենք, ինչպիսին մեր քաղաքի շատ շենքերն են: Րոպեներ հետո իմ նոր գնված պայուսակը գտավ իր տեղը աշակերտական սեղանի տակ, իսկ իմ ձեռքերը` նույն սեղանի վրա` հպված իրար: Անցան ևս րոպեներ, ժամեր, օրեր և դրանից չփոխվեց ո'չ դասարանում գրավված իմ տեղը, ո'չ ուսուցչուհուս սերն ու հոգատարությունը մեր նկատմամբ, միայն փոխվեց մի բան. ես զգացի թե ինչ է դպրոցը, ինչու պետք է նույն ուղղությամբ նայեմ քառասունհինգ րոպե, և ինչու եմ քնելուց մտածում այն մասին, թե երբ կգա հաջորդ օրը: Հիմա արդեն 3 տարի է սովորում եմ նույն դպրոցում և շատ ուրախ եմ, որ մայրիկս ինձ հենց այս դպրոցն է բերել:
Ես սիրեցի դպրոցը, ինչպես մեր տունը, հիմա չգիտեմ, թե ո՞ւմ եմ շատ կարոտում: Արդեն ես հասկացել եմ, որ դպրոցը միայն գեղեցիկ շենք չէ, այլ նոր աշխարհի դուռ, որտեղ ամեն ինչ կա, և' պատմություններ աշխարհի բոլոր երկրների և ժամանակների մասին, և' բոլոր մեծ մարդկանց, և' նրանց լավ ու վատ գործերի մասին: Իմ սիրելի ուսուցիչները ամեն օր պատմում են մեզ մեր պետության` Հայաստանի հին պատմության մասին: Դա ինձ անչափ հետաքրքրում է, ես ուզում եմ, որ ավելի շուտ այդ բոլորը իմանամ:
Մեր դպրոցը եղավ առատ գիտելիքների աղբյուր, ես իմացա, թե ով է Սասունցի Դավիթն ու Մեսրոպ Մաշտոցը, որ Դավիթը մեզ պաշտպանել է իր ուժով, իսկ Մաշտոցը` գրով: Մեսրոպ Մաշտոցի մասին մեր դասից ես հասկացա, որ Հայոց դպրոցի ստեցծողը հենց նա է եղել, իսկ դա նշանակում է, որ բոլորս ամենաշատը պարտական ենք հանց նրան: Ես սիրում եմ մեր բոլոր տառերը, որոնք շատ գեղեցիկ են: Ես շատ եմ ուզում շուտ մեծանամ և կարդամ մեր էպոսը, Դավթի` Մսրա Մելիքի դեմ կռվի մասին: Ես ցանկանում եմ , որ մեր երկրում միշտ լինեն Դավիթի նման հերոսներ, բայց էլ երբեք չլինի պատերազմ, երեխաները սովորեն խաղաղ և երջանիկ պայմաններում, ու ստանան լավ գիտելիքներ:
Մեր դպրոցը նման է տիեզերքին. Արևը մեր տնօրենն է և նրա շուրջ են պտտվում բոլոր մոլորակները, որոնք մեր ուսոցիչներն են, իսկ մեր դասարանները տիեզերքում գնվող աստղային համստաեղություններն են, որոնցում հավաքված ենք մենք` փոքրիկ աստղերը: Իհարկե մենք փոքր ենք դեռ, բայց առանց մեզ տիեզերքը դատարկ կլինի և երկինքը այդպես գեղեցիկ չի լինի: Ինչպես տիեզերքում , այդպես էլ մեր դպրոցում ամեն բան ունի իր տեղը և ամեն տեղ կա կարգ ու կանոն:
Ես զգացել եմ, որ գալով դպրոց, ավելի շատ եմ երազում մեր դպրոցի ու մեր դասարանի մասին: Ինձ թվում է ամենալավ դպրոցը հենց մեր դպրոցն է, որը կրում է մեծ գրողի Ա.Ս.Պուշկինի անունը: Ես վստահ եմ, որ մեր դպրոցի յուրաքանչյուր աշակեևտի համար հպարտություն է կրել ՊՈւՇԿԻՆՑՈւ բարձր անունը: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր մյուս դպրոցները նման լինեն մեր դպրոցին, բոլոր աշակերտները սովորեն լավ, որպեսզի մեծանան ու հզորացնեն Հայաստանը:
Ես գիտեմ, որ ամենալավ ուսուցիչները` իմ ուսուցիչներն են, իսկ իմ երազանքների դպրոցը` հենց իմ դպրոցն է: