Արշակ Բ | Տ. Չուխաջյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Տ. ՉՈՒԽԱՋՅԱՆ

ԱՐՇԱԿ Բ

Oպերա 2 գործողությամբ

Lիբրետո՝ Ա. Գուլակյան

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին: Հայոց արքա Արշակ Երկրորդը, հաղթելով պարսից Շապուհ թագավորին, փառքով վերադառնում է մայրաքաղաք Արմավիր: Նա ողջունում է ամենքին, ցանկանում ժողովրդին հավիտենական փառք: Սպարապետը երդվում է մինչև վերջ ջախջախել թշնամիներին ի փառս հայրենիքի: Ներսես կաթողիկոսը օրհնում է հաղթողներին: Իշխանուհի Փառանձեմը նույնպես ողջունում է արքային:  Իր ամուսնու՝ Արշակի եղբայր Գնելի մահվան պատճառով, նա սգի մեջ է: Իշխանուհին խնդրում է թագավորին թույլ տալ, որ վերադառնա իր հայրենի Սյունիք: Իշխան Տիրիթը սիրում է Փառանձեմին և ձգտում է, որ նա մնա արքունիքում:

Թագուհի Օլիմպիան նույնպես ողջունում է Արշակին` Հայաստանի և Բյուզանդիոնի ընդհանուր թշնամուն հաղթողին: Օլիմպիային ուղեկցում են Վաղես կայսեր դեսպանները: Արքան հետաձգում է տեսակցությունը նրանց հետ:

 

Պատկեր երկրորդ: Փառանձեմը եկել է նորից խնդրելու արքային, որ թույլ տա իրեն Սյունիք վերադառնալ: Նա չի կարող մնալ պալատում, ուր ամեն ինչ հիշեցնում է իր սիրեցյալ ամուսնուն` Գնելին, որն սպանվել է թագավորի հրամանով: Արշակը բացատրում է Փառանձեմին, որ Գնելը մահապատժի է ենթարկվել դավաճանության պատճառով:

Դարանակալ Տիրիթը հետևում է արքայի ամեն մի քայլին: Նա պատրաստ է օգնել պարսից Շապուհ թագավորին: Այդ կերպ նա կխլի արքայական գահն ու կտիրանա Փառանձեմին:

Գալիս են Օլիմպիան և իշխան Սպանդարատը: Վերջինս հայտնում է Օլիմպիային, որ պատահական չէ թագավորի անբարյացակամ վերաբերմունքը Վաղես կայսեր դեսպանների նկատմամբ, ինչպես և պատահական չէ, որ նա խուսափում է թագուհուց: Սպանդարատը խորհուրդ է տալիս թագուհուն հեռացնել Փառանձեմին արքունիքից: Այդ կերպ միայն կարելի է վերստին նվաճել արքայի սիրտը: Օլիմպիան չի կարող հաշտվել այն մտքին, որ Արշակը չի սիրում իրեն:

 

Պատկեր երրորդ: Մի խումբ նախարարներ՝ իշխան Տիրիթի գլխավորությամբ, դավ են նյութում թագավորի դեմ: Նրանք օգնություն են սպասում Շապուհ թագավորից և դավաճան Մերուժանից:

Փառանձեմը ողբում է իր դաժան բախտը: Տիրիթը հայտնում է Փառանձեմին, որ մնալով պալատում` նա դարձել է արքայի գերին: Իսկ ինքը` Տիրիթը, պատրաստ է արքայասպան դառնալ և թագուհի կարգել Փառանձեմին:  Այդ առաջարկը վրդովում է իշխանուհուն:

Ներս է մտնում Արշակը: Արքան ցանկանում է իմանալ, թե ինչի մասին էին նրանք զրուցում: Տիրիթը հայտնում է թագավորին, որ սիրում է Փառանձեմին: Արշակի համար պարզ է, որ Տիրիթը դավել է Գնելին, որպեսզի տիրի Փառանձեմին:

Սպարապետն իր շքախմբով ներս է բերում պարսիկ գերուն, որի միջոցով դավադիրները պիտի նամակ ուղարկեն Շապուհին: Այսպիսով Տիրիթի դավաճանությունը ապացուցված է: Հանցանքների մեջ մերկացված և բարոյապես պարտված Տիրիթին Արշակը մահապատժի է ենթարկում:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր չորրորդ: Արշակը տեղյակ է Սպանդարատի գլխավորած նոր դավադրության մասին: Մթության մեջ նա նկատում է Փառանձեմին: Վերջինս շատ հուզված է: Շուրջը նա զգում է միայն նենգություն ու դավ, իսկ թագավորը թվում է նրան ահեղ ու դաժան մի մարդ, որին մեծարում են միայն երկյուղից դրդված: Արշակը բացատրում է նրան, որ ինքը սոսկալի է միայն դավաճանների ու դավադիրների նկատմամբ:

Արքան ցույց է տալիս Փառանձեմին դավադիր նախարարներին, որոնց հետ է նաև Օլիմպիան: Սպանդարատը համոզում է թագուհուն խնդրել Վաղես կայսրին ջախջախել և հպատակեցնել Արշակին: Միայն այդ կերպ թագուհին կարող է վերադարձնել Արշակի սերը:

Հետևելով նենգ խորհրդին` Օլիմպիան երդվում է պատերազմ հրահրել Բյուզանդիայի և Հայաստանի միջև: Արքան հրամայում է կալանավորել դավադիրներին:

Արշակն իր սերն է խոստովանում Փառանձեմին, վերջինս էլ համոզում է նրան ներել թագուհուն:

 

Պատկեր հինգերորդ: Ներսես կաթողիկոսին անսալով՝ թագավորը ներում է շնորհում թագուհուն:

Կաթողիկոսը օրհնում է ժողովրդին, հորդորում դավադիրներին մոռանալ չար ծրագրերը, հավատարմության երդում տալ թագավորին և հայրենիքին:

 

Պատկեր վեցերորդ: Արքունիքում տոնախմբություն է: Շեփորներն ազդարարում են հաշտության հանդեսի սկիզբը: Սպանդարատը Օլիմպիային է տալիս գինով լի գավաթը: Թագուհին մատուցում է գավաթն Արշակին ու խնդրում խմել ի նշան հաշտության: Մռայլ նախազգացումները տանջում են Փառանձեմին: Նա խնդրում է թագավորին` թույլ տալ իրեն, որ նախ ինքն ըմպի գավաթից: Վստահ, որ գավաթի մեջ միայն գինի է, ի հեճուկս Փառանձեմի, Օլիմպիան առաջինն է որոշում ըմպել և ապա փոխանցել Արշակին: Գինին թունավորված է: Օլիմպիան իր մահվան գնով փրկում է Արշակին:

Ամեն ինչ պարզ է. արքան հրամայում է ձերբակալել Սպանդարատին: Դավադիրն այլևս ապրելու իրավունք չունի:

Թագավորն՝ անդրդվելի ու վճռական, առաջարկում է նորից լցնել գավաթները և խմել միասնության ու միասնականության կենացը:

Ժանր՝
օպերա

Հեղինակ՝
Տ. Չուխաջյան

Նկարիչ՝
Գրիշա Սահակյան /ՀՀ մշակույթի վաստ. գործիչ/
Բեմադրիչ՝
Գեղամ Գրիգորյան /ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/

Կոմպոզիտոր՝
Տ. Չուխաջյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

4.7
26
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ