Հանրագիտարան

Հնդեվրոպական լեզուներ

Հնդեվրոպական լեզուների ընտանիքը աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Կրողների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

Անվանումը

«Հնդեվրոպական լեզուների» տերմինը (անգլ.՝ Indo-European languages) առաջին անգամ ներկայացվեց Թովմաս Յունգի կողմից 1813 թ: Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝  indogermanische Sprachen): Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիք, ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկը, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանայի զգալի մասում: Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի:
 
Հնդկական ճյուղ
 
Հնդկական ճյուղի մեջ է մտնում հին հնդկերենը, որով գրված են Վեդաները և մի քանի արձակ գրվածքներ, Վեդաները կազմում են հին հնդկերենի սրբազան գիրքը: Հին հնդկերենով գրված է նաև գեղարվեստական, փիլիսոփայական ու գիտական գրականությունը. այս լեզուն կոչվում է սանսկրիտ: Ժամանակակից հնդկական լեզուներն են`   հինդի, բենգալի, ուրիա, հուջարաթի, փենջաբի, մինդհի, մարաթի, նեպալի, քաշմիրի և այլն: Այս տեղական լեզուներին զուգընթաց Հնդկաստանում գործածվում է գրական ընդհանուր մի լեզու, որ կրուն է հինդուստանի կամ ուրդու անունը արաբական այբուբենով և հինդի`   հնդկական այբուբենով:
 
Իրանական ճյուղ
 
Իրանական ճյուղը բաժանվում է երկու մասի`   արևմտյան և արևելյան: Արևմտյան իրանական լեզուներն են`   պարսկերենը, թաջիկերենը, քրդերենը, բելուջերենը, թալիշերենը, թաթերենը, գիլաներենը: Պարսկերեն լեզուն բաժանվում է երեք շրջանի. ա) հին պարսկերեն (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ բարբառ է համարվել Ավեստայի լեզուն, որը սխալ կերպով կոչվել է երբեմն զենդերեն: Հին պարսկերենին մոտ է համարվում նաև սկյութերենը, որից ավանդված են միայն շատ քիչ բառեր. բ) միջին պարսկերեն կամ պահլավերեն, որ Սասանյանների և Պարթևների շրջանի լեզուն է. գ) նոր պարսկերեն, որ զարգանում է արաբական արշավանքների դարաշրջանից (7-րդ դարից), պարսկերենի գրական լեզուն է դառնում 9-րդ դարից և իբրև այդպիսին մնում է նաև մեր օրերում: Արևելյան իրանական լեզուներն են`   աֆղաներենը, շուգնաներենը, յաղնոբերենը, օսեթերենը, սոգդիերենը (2-7-րդ դարերի գրավոր հուշարձաններով է ավանդված), խորեզմերենը (հայտնի է 13-րդ դարի արաբերենով գրված աշխատության տվյալներով) և սակերենը (խոթաներենը):
 
Սլավոնական լեզուներ
 
Սլավոնական լեզուներն արևելյան, հարավային և արևմտյան: Արևելյան սլավոնական լեզուներն են`   ռուսերենը, բելոռուսերենը և ուկրաիներենը, որոնցից ռուսերենը գրավոր հիշատակարաններ ունի 9-րդ դարից, իսկ մյուսները`   11-րդ դարից: Հարավային սլավոնական լեզուներն են`   սլովեներենը, սերբերենն ու խորվաթերենը, բուլղարերենը և մակեդոնական խոսվածքները: Այս խմբի մեջ են մտցնում նաև մեռած հին սլավոներենը`   ավանդված 9-րդ դարից, որ սլավոնական ժողովուրդների ընդհանուր գրական լեզուն է: Արևմտյան սլավոնական լեզուներն են`   լեհերենը (ավանդված 14-րդ դարից), կաշուբերենը, չեխերենը (ավանդված 13-րդ դարից) և սլովակերենը, լուժիերենը, պոլաբերենը (մեռած 18-րդ դարում):
 
Հայերեն
 
Հայերենը առանձին ճյուղ է կազմում հնդեվրոպական ընտանիքի մեջ և բաժանվում է երեք շրջանի`   հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն, որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և ժամանակակից հայերեն, իր երկու գրական ճյուղավորումներով`   արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի: Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում է երեք ճյուղի`   ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի`   ում, կը, ել, ս: Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ`   Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ): 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն) ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ: Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հարատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ`   որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ: Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը լագարդ և այլոք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» աշխատությունը: Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե' իրանական, թե' հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ: Դրա հիման վրա էլ նա այն եզրակացությանը եկավ, որ հայերենն իբրև հնդեվրոպական լեզու ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ: Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը: Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչ որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից: Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)`   Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով`   հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ:
 
Կելտական ճյուղ
 
Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի`   մայրցամաքային և կղզիների: Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայուն և Իտալիայի հյուսիսում: Թե' գալլերենը և թե' մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ են: Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ: Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի`   գաելյան և բրիտական: Գաելյան լեզուներն են`   իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում): Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից`   այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա`   7-րդ դարից`   իռլանդական գրականությամբ: Բրիտական լեզուներն են`   վալլիերենը կամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կորներենը (մեռած 18-րդ դարում):
 
Ռոմանական ճյուղ
 
Ռոմանական լեզուների մեջ են մտնում`   պորտուգալերենը, իսպաներենը, կատալաներենը, պրովանսալերենը, ֆրանսերենը, իտալերենը, ռետոռոմաներենը կամ լադինականը, սարդիներենը, ռումիներենը և մոլդավերենը: Ռոմանական լեզուների մեջ են մտնում նաև հին լատիներենը և այսպես կոչված ժողովրդական լատիներենը, որը նոր ռոմանական լեզուների (իտալերեն, ռումիներեն, ֆրանսերեն, կատալաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլն) հիմք է հանդիսացել: Թե' ժողովրդական, թե' գրական լատիներենը (ավանդված մ. թ. ա. 6-րդ դար) օսկերենի և ումբրերենի հետ կազմում են ռոմանական ճյուղի իտալյան ենթաճյուղը: Ումբրերենը ծանոթ է մ. թ. ա. գրված արձանագրություններով: Այս երեք լեզուներն էլ մեռած լեզուներ են: Ոմանք այս երկուսը`   օսկերենը և ումբրերենը, համարում են առանձին ճյուղ`   հնդեվրոպական լեզուների շարքում և կոչվում են իտալյան ճյուղ:
 
Գերմանական լեզուներ
 
Գերմանական լեզուները բաժանվում են երեք երեք ենթաճյուղերի`   արևելյան, արևմտյան և հյուսիսային կամ սկանդինավյան: Արևելյան գերմանական լեզուներն են`   գոթերենը, վանդալերենը և բուրգունդերենը. բոլորն էլ մեռած են: Գրավոր աղբյուրներ մնացել են միայն գոթերեն լեզվով`   4-րդ դարից (Աստվածաշունչ մի մասի թարգմանությունը): Արևմտյան գերմանական լեզուներն են`   անգլերենը (ավանդված 8-րդ դարից`   հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն), ֆրիզերենը, ստորին գերմաներենը (ավանդված 9-րդ դարից), հոլանդերենը և ֆլամանդերենը, վերին գերմաներենը, որ ավանդված է 8-րդ դարից`   հին վերին գերմաներեն (Althochdeutsch) արձանագրություններով, և որը ժամանակակից գրական գերմաներենի հիմքն է կազմում: Արևմտյան գերմանական ենթաճյուղին են պատկանում նաև ժամանակակից հրեերենը (իդիշ), որ կազմվել է միջին դարերում գերմանական բարբառների հիմքի վրա և բուրերենը կամ աֆրիկանս: Հյուսիսային գերմանական (սկանդինավյան) լեզուներն են`   իսլանդերենը, նորվեգերենը, շվեդերենը, ֆառյորականը և դանիերենը. իսլանդերենը ավանդված է հնագույն «Էդդա» էպոսով և 3-րդ դարի արձանագրություններով:
 
Բալթիական լեզուներ
 
Բալթիական լեզուների մեջ են մտնում լիտվաներենը, լատիշերենը (ավանդված 16-րդ դարից) ու լատհալերենը (ավանդված 18-րդ դարից) և պրուսերենը`   մեռած 17-րդ դարից:
 
Ալբաներեն
 
Բաժանվում է երկու բարբառի`   հյուսիսային և հարավային: Ենթադրում են, որ ալբաներենը հնում պատկանել է իլլիրական ճյուղին, որի մեջ մտել են քիչ հայտնի վենետերենը, մեսսապերենը և իլլիրերենը:
 
Հունարեն
 
Բաժանվում է երեք շրջանի`   ա) հին հունարեն (ավանդված մ. թ. ա. 7-րդ դարից), որի գլխավոր բարբառներն են եղել յոնիալան-ատտիկյանը, դորիականը, աքեականը և էոլականը: Մ. թ. ա. 3-րդ դարում ատտիկյան բարբառի հիման վրա զարգացավ ընդհանուր հունարեն գրական լեզուն (կոյնե): Յոնիական-ատտիկյան բարբառով են գրված Հոմերոսի ստեղծագործությունները, Հերոդոտոսի «Պատմությունը և հետագայի գիտական ու փիլիսոփայական ամբողջ գրականությունը. բ) միջին հունարեն կամ բյուզանդական հունարեն (5-15-րդ դարեր), գ) ժամանակակից հունարեն, որ կազմավորվել է 16-րդ դարում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: