Հանրագիտարան

Հայերեն

Հայերենը հնդեվրոպական լեզուների ընտանիքի նույնանուն խմբի լեզու է։ Այն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պետական լեզուն է։

Օգտագործվում է նաև Վրաստանում (հիմնականում Ջավախքում և Թբիլիսում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), ԱՄՆ-ում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը ըստ այս հայերեն հոդվածը գրողի ունեցած տարբեր աղբյուրների`   կազմում է 7-9 միլիոն մարդ, այնինչ "Հնդեվրոպական լեզուներ" հոդվածի անգլերեն և ռուսերեն տարբերակները գրած անձինք ունեն տվյալներ, որ հայերեն խոսողների թվաքանակը աշխարհում հասնում է 10 մլն 700 հազար մարդու։

 

Ընդհանուր տեղեկություններ
 
Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ վերջին վարկածի՝ նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիսում (հեղ.՝ Վ. Իվանով, Թ. Գամկրելիձե «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուն», Թբիլիսի, 1984 թ., ռուսերեն)։ Մի քանի հազար տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդեվրոպական ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից։ Ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները։
 
Քերականական առանձնահատկություններ
 
Հայերենը նման է այլ հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։
 
Հնչյունաբանություն
 
Հայերենն ունի վեց ձայնավոր, մեկ կիսաձայն և երեսուն բաղաձայն հնչյուններ։
 
Ձևաբանություն
 
Հայերենը չունի քերականական սեռ, և դերանունները նույնպես սեռ չունեն։ Սակայն բանաստեղծական գրականության մեջ Պետրոս Դուրյանը օգտագործել է իգական սեռի համար «նե» «ներա» դերանվանական ձևերը։
Հայերենի գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով`   ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին`   այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ:
 
Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգ՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի) և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնեությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի) և եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական, պոտենցիալ, պայմանական և այլն)։
 
Կետադրություն
 
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը ((), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը (...), բազմակետը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քնայմացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։

 

Զարգացման պատմություն
 
Հայերենը անցել է զարգացման երեք փուլով՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։
 
Գրերի պատմություն
 
Հայերենի այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 4-րդ դարի վերջում - 5-րդ դարի սկզբում։
 
Բարբառներ
 
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու Արևմտահայերենի հիմնական տարբերությունը կայանում է որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: