Հանրագիտարան

ԵԱՀԿ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 պետություններ:

ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է եւ համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 ուղղություններով, այսպես կոչված «զամբյուղներով»`   ռազմաքաղաքական, տնտեսական/բնապահպանական եւ մարդկային/հումանիտար: ԵԱՀԿ տեսանկյունից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը նույնքան կարեւոր են անվտանգության, խաղաղության եւ կայունության հաստատման համար, որքան ռազմաքաղաքական խնդիրների լուծումը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝ հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով`   ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:

Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.
  • Գագաթաժողովը
  • Նախարարների խորհուրդը  
  • Մշտական խորհուրդը 
  • Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը 
ԵԱՀԿ աշխատանքը առաջնորդելու, համակարգելու եւ կազմակերպության ղեկավարման համար այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար ԵԱՀԿ-ն մեկ տարով ընտրում է նախագահություն: ԵԱՀԿ-ն 2011թ. նախագահում է Լիտվան: Նրան աշխատանքներն իրականացնելիս աջակցում են նախկին եւ հաջորդ նախագահությունները, որոնք գործող նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ տրոյկան. ներկայումս`   Ղազախստան, Լիտվա եւ Իռլանդիա: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է Վիեննայում:
 
Կազմակերպության մասնագիտացված մարմիններն են.
 
  • Ժողովրդավարական հաստատություների եւ մարդու իրավունքների գրասենյակը 
  • Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը 
  • Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը 
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների եւ համագործակցության մարմին է: 
 
ԵԱՀԿ աշխատանքները տեղերում արդյունավետ կերպով իրականացնելու, կազմակերպության նպատակներն ու սկզբունքները տարածելու եւ մասնակից-երկրների հետ համագործակցության համակարգման նպատակով գործում են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ տրոյկան կազմող երկրները եւ Մինսկի խմբի համանախագահները`   Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա խաղաղապահ գործողության իրականացման նախապատրաստման համար ԵԱՀԿ շրջանակներում գործում է Բարձր մակարդակի ծրագրման խումբը (մանդատն ընդունվել է 1995թ. մարտին):
 
1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպրժիկը (Լեհաստան):
 
Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն
 
Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը համատեղության կարգով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանն է:
 
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ Ա. Սաֆարյանը (պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան»), Ա. Դավթյանը («Հայաստանի հանրապետական կուսակցություն»), Խ. Հարությունյանը («Օրինաց երկիր»), Լ. Ալավերդյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «Ժառանգություն») եւ Լ. Գալստյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «ՀՅԴ»):
 
Հիմնական փաստաթղթեր
 
  • Հելսինկիի եզրափակիչ ակտ -1975թ. 
  • Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա – 1990թ. 
  • Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթ - 1994թ.: 
  • Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթուղթ – 1996թ.
  • Եվրոպական անվտանգության խարտիա – 1999թ. 
  • 21-րդ դարում անվտանգությանը եւ կայունությանը սպառնացող վտանգներին ԵԱՀԿ հակազդեցության ռազմավարությունը – 2003թ. 
  • Աստանայի հռչակագիր – 2010թ.
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: