Հանրագիտարան

Սև խոռոչ

Աստղը վերածվել է Սև խոռոչի, երբ Արեգակի զանգվածը մի քանի անգամ գերազանցող զանգվածով աստղն իր սեփական ձգողության ուժի ազդեցությամբ սեղմվում է այն աստիճան, որ նրանից այլևս ոչինչ չի արձակվում, նույնիսկ լույսի ճառագայթ:

Մոտավորապես 1000 աստղից միայն մեկի զանգվածն է բավականաչափ մեծ, որպեսզի այն ենթակա լինի վերածվելու Սև խոռոչի: Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն:

Սև խոռոչն առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարն սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել: Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից, և աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»: 
 
Արեգակից ավելի փոքր զանգվածով աստղը չի կարող այդ աստիճան սեղմվել, որովհետև նրա ձգողության ուժը բավականաչափ մեծ չէ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Արեգակի զանգվածը 10 անգամ գերազանցող Սև խոռոչի տրամագիծը կարող է լինել 60 կմ: Եթե Արեգակը փոխարկվեր Սև խոռոչի, ապա նրա տրամագիծը կկազմեր ընդամենը 6 կմ, իսկ Երկրի զանգվածին հավասար զանգվածով Սև խոռոչը կունենար 2 սմ-ից էլ փոքր տրամագիծ:
 
Որոշ գալակտիկաների կենտրոններում հավանաբար կան գերխոշոր զանգվածներով Սև խոռոչներ, որոնց անվանում են քվազարներ: Իսկ նրանց շատ պայծառ կենտրոնները լուսարձակում են, որովհետև գալակտիկական Սև խոռոչները «խժռում» են շրջակա առանձին գոյացությունների, որոնց նյութն այդ ընթացքում շիկանում է, և անջատում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ լույսի և այլ ճառագայթումների ձևով: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: