Հանրագիտարան

Արեգակ

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:

Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:

Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են:
 
Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: 
 
Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
 
Արեգակի ակտիվությունը
 
Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես արտահոսում է միջմոլորակային տարածություն: 
 
Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր. այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում: Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է: Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է ճառագայթումը:
 
Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝ պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ:
 
Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում:
 
Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում:
ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը`   էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: