Հանրագիտարան

Քիմիա

Քիմիան գիտություն է քիմիական տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի ու հատկությունների, նյութերի քիմիական փոխազդեցությունների և նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փոխարկումների՝ քիմիական երևույթների օրինաչափությունների մասին:

Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին: 

Միջնադարյան Հայաստանում քիմիական գիտելիքների բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ, որդան կարմիր, աղաղանյութեր, օծանելիք արտահանելու փաստը: Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ: Ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են հայկական կավ, հայկական աղ, հայկական ձու և այլ արտահայտություններ: Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից: Հայ ալքիմիկոսները զբաղվել են ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի պատրաստմամբ:
 
Ալքիմիան նախագիտական քիմիան էր, որը ձևավորվել էր III–IV դարերում Եգիպտոսում: Այն միջնադարյան մշակույթի յուրահատուկ շերտ է: Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու սնդիկի միացություն: Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն: Ոսկին ծածկագրված էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով: Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների արտադրությունները: 
 
Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռոբերտ Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը: XVIII դարի կեսերին ռուս գիտնական Միխայիլ Լոմոնոսովը մշակեց նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեի կողմից քիմիական ռեակցիաներում նյութի զանգվածի պահպանման օրենքի ձևակերպումով ավարտվեց քիմիան իսկական գիտության վերափոխվելու շրջանը:
 
Նյութի կառույցի ատոմամոլեկուլային պատկերացումները հաստատվեցին 1860-ական թվականներին, երբ ռուս քիմիկոս Ա. Բուտլերովը մշակեց օրգանական միացությունների կառուցվածքի տեսությունը, իսկ Դմիտրի Մենդելեևը բացահայտեց պարբերական օրենքն ու կազմեց տարրերի պարբերական համակարգը:
 
Ժամանակակից քիմիայի առանձին ուղղությունները՝ անօրգանական քիմիան, ֆիզիկական քիմիան, օրգանական քիմիան, էլեկտրաքիմիան, վերլուծական քիմիան, դեղագործական քիմիան, պոլիմերների քիմիան և այլն, վերածվել են ինքնուրույն գիտությունների: XIX դարի վերջից քիմիայի կարևոր ուղղություն է քիմիական ռեակցիաների ընթացքի օրինաչափությունների ուսումնասիրությունը: 
 
Քիմիական ռեակցիաները պատկերում են քիմիական հավասարումներով: Մեր շուրջն ամենուր ընթանում են բազմաթիվ ու բազմատեսակ ռեակցիաներ, որոնցով բնությունը նորանում ու վերականգնվում է, թափոնները նեխում ու վերանում են, քիմիական գործարաններում սինթեզվում են բազմազան նյութեր: Այսպիսով, մարդն ամենուր և ամեն պահի առնչվում է քիմիական ռեակցիաների հետ, որոնց խելամիտ ու նպատակային օգտագործման համար անհրաժեշտ է սովորել այս զարմանահրաշ ու շատ պիտանի գիտությունը:
 
Հայաստանում քիմիական առաջին գիտական օջախն ստեղծվել է 1921 թ-ին Երևանի պետական համալսարանում, որտեղ Ս. Ղամբարյանի, Ա. Հակոբյանի, Լ. Ռոտինյանի, Պ. Քալանթարյանի, Հ. Ակունյանի և այլոց ջանքերով ձևավորվել է հայկական քիմիական դպրոցը: Նրանք ուսումնասիրել են այդ շրջանում տնտեսության համար կարևոր հարցեր, հետազոտել Արարատյան դաշտի կրաքարերը, կավահողերը, մերձարաքսյան ճահիճները, բազալտներն ու դրանց հալման արգասիքները: Ներկայումս քիմիական գիտությունը Հայաստանում գիտության զարգացած ճյուղերից է. գործում են մի շարք քիմիական ինստիտուտներ ու լաբորատորիաներ:
 
Հայ հայտնի քիմիկոսներից են Ա. Մնջոյանը, Ա. Նալբանդյանը, Մ. Մանվելյանը և ուրիշներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: