Հանրագիտարան

Համակարգիչներ

Համակարգիչներն էլեկտրոնային համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար:

Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ: 

Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով: Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը, ջանքերն ու գումարը։
 
Համակարգիչների ստեղծման պատմությունից
 
Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:
 
Համակարգչի ապարատային և ծրագրային ապահովումը
 
Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից: 
  • Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, էկրանը և ստեղնաշարը:
  • Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝ բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար:
  • Ծրագրային կիրառական ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը, հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:

Ինչպես է կառուցված համակարգիչը

Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»: 
 
Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային:
  • Գործութային հիշողությունը համակարգչին հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը: Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց հետո:
  • Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:
Լրացուցիչ (ծայրամասային)սարքեր
 
Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
  • Ներմուծիչ սարքերը նախատեսված են համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է, ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները: 
  • Արտանցիչ սարքերն ապահովում են տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող սարքերը: Արտանցիչ սարքեր են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk`   թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: