Կարինե | Տ. Չուխաջյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Տիգրան Չուխաջյանի ստեղծագործություններից «Լեբլեբիջի Հոր Հոր աղա» («Կարինե») օպերետը թերևս ամենասիրվածն է: Գրվել է 1875 թվականին, Կոստանդնուպոլսում:

Օպերետի բնագրի նվագամասը, այդ թվում նաև բնագիր ամբողջական լիբրետոն կարծես թե լիովին անհետացել էին:

1943 թվականից ի վեր «Լեբլեբիջիի» բեմադրությունները հիմնված են եղել դաշնամուրային նվագամասերի վրա, որոնք գործիքավորվել են հայտնի կոմպոզիտորների կողմից: Իսկ լիբրետոն թարգմանվել է հայերեն և վերնագրվել՝ ԿԱՐԻՆԵ:

«Տիգրան Չուհաճեան Միջազգային ինստիտուտը» (Փարիզ) 2010-ին հայտնաբերել է Չուխաջյանի ձեռագրով ամբողջական գործիքավորումը:

Այժմ, երաժշտասերները պատմական հնարավորություն են ստանում վայելելու այս գլուխգործոցը` ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ գործիքավորմամբ:

Մեր ներկա բեմադրությունը նաև այլ անակնկալներ ունի: Անսպասելի են ինչպես օպերետի նոր ընթերցման սյուժեն, այնպես էլ որոշ երաժշտական համարներ: Ձեր տպավորություններին անհամբեր սպասող՝

Ժիրայր Բաբազյան

«Տիգրան Չուհաճեան Միջազգային ինստիտուտի» հիմնադիր տնօրեն

 

Տ. Չուխաջյան

ԿԱՐԻՆԵ

Օպերետ 2 գործողությամբ

Հեղինակային գործիքավորման առաջին ամբողջական կատարում`

ըստ կոմպոզիտրի վերջին opus–ի  (մոտ՝ 1888 – 1889թթ.)

Նոր լիբրետոյի հեղինակ՝ Ժիրայր Բաբազյան

ըստ Թագվոր Նալյանի «ԼԵԲԼԵԲԻՋԻ ՀՈՐ ՀՈՐ ԱՂԱ» թատերախաղի

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ա ՊԱՏԿԵՐ

Կոստանդնուպոլիս, 1875թ.: Արմենը երազում է մի պատկառելի հայկական թատրոն ստեղծել: Նրա առաջին բեմադրությունը ողբերգություն է՝ ներշնչված ավանդական «Հազար ու մի գիշերներից»: Առաջնախաղի նախօրեին թատրոնի երկրպագուները հավաքվել են ձեռնարկմանը հաջողություն մաղթելու: Այստեղ ռուսախոս մի պարոն է հայտնվում, որին առժամանակ ոչ ոք որևէ ուշադրություն չի դարձնում:

Բայց, ներկայացման գլխավոր դերակատարուհին, ինչպես պարզվում է, միացել է մեկ այլ, ընդ որում մրցակից, թատերախմբի: Շուշանը՝ Արմենի խմբի պարուսույցը, բացատրում է, որ դերասանուհին այդ կերպ վրեժ է լուծել, քանի որ Արմենը մերժել է նրա սիրային նկրտումները՝ պատրվակելով, թե նշանված է իր՝ Շուշանի, հետ: Արմենի ընկեր Մարգարն առաջարկում է  կրկեսի իր նախկին ընկերներին բերել՝ նրանցով փրկելու ներկայացումը: Հանկարծ մոտիկ անցնող նավակից լսվում է Կարինեի զարմանահրաշ երգը: Երբ աղջիկը ափ է դուրս գալիս, Արմենը խնդրում է նրան միանալ իր թատերախմբին և փրկել ներկայացումը: Կարինեն հրաժարվում է, քանի որ հայրը՝ Հոր Հորը, որն ունևոր լեբլեբիջի է, երբեք չի հանդուրժի աղջկա այդ «անամոթությունը»: Իր բեմադրած ողբերգությունից քաղած մի զուգերգով, Արմենը փորձում է համոզել Կարինեին, և դա նրանց սիրո սկիզբն է դառնում:

Արմենի դերասանախմբից հեռացված երկու («Կասկածելիները») անձինք դավադրաբար, իբրև վրեժ, որոշում են հորդորել Կարինեի հորը «փրկել» դստերը՝ նման անբարոյական քայլից: Հոր Հորը Կարինեին փակում է տանը:

Բ ՊԱՏԿԵՐ

Առաջնախաղի երեկոն է, սակայն Կարինեն չկա․ նա փակի տակ է: Նրան փրկելու համար  Հոր Հորին խաբում են, թե  սուլթանը իրեն  կանչել է պալատ ու տանում են Արմենի փորձասենյակներից մեկը: Դերասանները, պարուհիները՝ արաբական տարազներով, անում են ամեն ինչ համառ հայրիկին հմայելու համար:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բ ՊԱՏԿԵՐ (շարունակություն)

Կարինեն պատրաստվում է բեմ դուրս գալ, սակայն նույն երկու դավադիրները համոզում են նրան լքել թատրոնն ու հարգել իր հոր խորհուրդը, հրաժարվելով «անբարոյական» քայլից: Մինչդեռ ներկայացումն ընթանում է, և Կարինեն մեծ հաջողություն է ունենում: Այստեղ հանկարծ հայտնվում է Հոր Հորը, խստորեն սպառնում Կարինեին՝ նրան հասցնելով ուշաթափության: Մարգարը խորհուրդ է տալիս հորը, որ զսպի իր հայրական առարկությունը. ժամանակը չէ իրարանցում ստեղծելու, չէ՞ որ այժմ Կարինեն արդեն աստղ է դարձել: Նա խոստանում է, որ հաջորդ օրը վաղ առավոտյան, Կարինեին դուրս կբերի թատրոնի ետնամուտքից, միայն թե Հոր Հորը պետք է նշան տա «ծուղրուղու» կանչով: Հոր Հորը ձևացնում է, թե համաձայն է: Երբ Կարինեին՝ որոշ չափով շփոթահար, բերում են ներս, և երբ նա տեսնում է Շուշանին՝ իբր Արմենի նշանածին, Մարգարի հետ համբուրվելիս՝ դուրս է փախչում ի դեմ ապականված այս միջավայրի: Մինչդեռ Շուշանը արդարանում է, թե ինքն իրականում Արմենի հարազատ քույրն է և ոչ թե նշանածը:

Գ ՊԱՏԿԵՐ

Թատրոնի ետնամուտքում, հայտնվում է Մարգարը՝  ծպտված իբրև ողբերգության աստվածության ոգի, ու մեղադրում Հոր Հորին արվեստին թշնամաբար վերաբերվելու համար: Վախեցած՝ Հոր Հորը խոստանում է իր ողջ ունեցվածքը նվիրել բեմին ու, անշուշտ, փառաբանվում՝ որպես թատրոնի բարերար: Ի վերջո, հասկանալով, որ խաբվել է, Հոր Հորը վճռում է վրեժ լուծել:

Տագնապած սրտով՝ Կարինեն մտադիր է ամեն ինչ լքել ու հեռանալ, օգտվելով առիթից նույն այն զույգ դավադիրները, առևանգում են նրան՝  այդպիսով կործանելու համար Արմենի բոլոր ապագա ծրագրերը:

Արմենը հուզված կարդում է Կարինեի հրաժեշտի նամակը: Տղան անչափ սիրում է Կարինեին և շտապում է փրկել նրան՝ դիմելով Մարգարի օգնությանը: Երբ Հոր Հորը հայտնվի նա պիտի Կարինեի դերը խաղա, ժամանակ շահելու համար: Մարտականորեն տրամադրված Հոր Հորը Կոստանդնուպոլսի բոլոր լեբլեբիջիներին հավաքած երդվում է թատրոնը կործանել: Բայց  հանկարծ ներս է վազում Կարինեն ու ընկնում հոր գիրկը: Նրան հետևում են սարսափահար դավադիրները, որոնց հալածում է փայտե սուրը ճոճող, հաղթական Արմենը: Նրա խիզախությունը սաստիկ տպավորում է Հոր Հորին:

Շուշանն ու Մարգարը հայտարարում են, որ ուզում են ամուսնանալ, և Կարինեն վերջապես հասկանալով, որ Շուշանը Արմենի քույրն է, ուրախությամբ ընդունում է վերջինիս ամուսնության առաջարկը: Եվ ահա այստեղ, վերջապես անցուդարձին հետևող ռուսախոս պարոնը հայտարարում է, որ ինքը եկել է մի մեծ, գրավիչ թատերական շրջագայության առաջարկով:

Ժանր՝
օպերետ

Հեղինակ՝
Տ. Չուխաջյան

Նկարիչ՝
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան
Բեմադրիչ՝
Ժիրայր Բաբազյան

Կոմպոզիտոր՝
Տ. Չուխաջյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
8
5
4
3
2
1
22 փետրվար, շաբաթ