Հրազդանի երկրագիտական թանգարան

         Հրազդանի երկրագիտական թանգարանը  հանդիսանում է  Հրազդանի տարածաշրջանի միակ թանգարանը, որը ամբողջական պատկերացում է տալիս Հրազդանի տարածաշրջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների  և  պատմաաշխարհագրական պայմանների մասին:

          Հրազդանի երկրագիտական թանգարանը  ստեղծվել է 1980 թվականին: 1982թ. թանգարանը  ժամանակավորապես  փակվել է՝  հատուկ թանգարանի համար նախատեսված և  վերանորոգված  նոր  շենք  տեղափոխվելու պատճառով:Թանգարանի նոր շենքում մշտական ցուցադրություն  կազմակերպելուց  և ձևավորելուց  հետո, 1989թ.  դեկտեմբերի 1-ից թանգարանը  սկսել է գործել և գործում է  մինչև օրս:

         Թանգարանի հավաքածուն  ընդգրկում է Հրազդանի       տարածաշրջանի դամբարաններից  պեղված, ինչպես նաև  պատահականորեն  հայտնաբերված նյութական  մշակույթի առարկաներ՝ պատրաստված  վանակատից, որձաքարից, ոսկորից, պղնձից, բրոնզից և երկաթից, բնակչության կենցաղը  ներկայացնող և կենցաղում օգտագործված  արհեստագործական արտադրանքի  նմուշներ, թղթադրամներ և մետաղադրամներ, ինչպես  նաև  գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներ, կենցաղային տեխնիկայի նմուշներ, կահույք  և այլն:

        Թանգարանը ունի հնագիտական, միջնադարյան, 3 ազգագրական  և  նորագույն ժամանակներին վերաբերող  բաժիններ: