Երևանի մնջախաղի պետական թատրոն

 

Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ անշուշտ կապվում է անվանի ծաղրածու - մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ են այս զարմանալի ծաղրածուի մնջախաղային երեկոները` բարություն քարոզող լուսավոր մանրապատումները: Որպես կոլեկտիվ բեմարվեստ, մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի Աշխատողների Տանը: 1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում: 1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ:

2001թ. թատրոնը կազմակերպում է ՙՆազենիկ՚ մնջախաղի միջազգային փառատոնը, որը անկախ Հայաստանի առաջին միջազգային թատերական փառատոնն էր: 2008թ. թատրոնը կազմակերպեց Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն Ծաղկաձորում, որն այսուհետև անցկացվում է երկու տարին մեկ: 2010թ.Մնջախաղի միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: 2012թ. Մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը : 2014թ. անցկացվեց Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, և ծրագրում ընդրկվեց նաև ավազանկարչություն, աճպարարություն, կենդանի արձան: 2016թ. Օգոստոսին անցկացվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: 2017 թվականի մայսի 4-ին ՀՀ Կառավարության Որոշմամբ թատրոնին հանձնվեց սեփական տարածք՝ Գևորգ Քոչար 21 հասցեում, որը ենթակա է վերանորոգման: 2017թ. Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը դարձավ ամենամյա և 6-րդ փառատոնն անցկացվեց հուլիսի 22-27-ը: