Հանրագիտարան

Հալիձորի ճակատամարտ

Հալիձորի ճակատամարտ, զինաբախում Սյունիքի հայ ազատագրական շարժման զինված ուժերի և օսմանյան բանակի ու նրան միացած մի քանի ֆեոդալների միացյալ զորքերի միջև։ Տեղի է ունեցել 1727 թվականի մարտին, Հալիձորի բերդի մոտ։

Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք։ Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում։ Պաշարման յոթերորդ օրը հայկական զորաջոկատները Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի առաջնորդությամբ անսպասելի հարվածել են թշնամու համեմատաբար թույլ`   աջ թևին։ Օսմանցիների և նրանց դաշնակիցների բազմահազար բանակը, խուճապի մատնված, հետապնդողների հարվածների տակ նահանջել է Մեղրի՝ մարտադաշտում թողնելով հազարավոր սպանվածներ, մարտական դրոշներ, զինամթերք, հանդերձանք։ Հալիձորի ճակատամարտում ձեռք բերած հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: