Հանրագիտարան

Ղազախերեն

Ղազախերենը (қазақ тілі, قازاق ٴتىلى, qazaq tili) Ղազախստանի Հանրապետության հիմնական բնակչության պետական լեզուն է: Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի ղփչազական խմբին: Ղազախերենը օգտագործում են Ղազախստանում, ինչպես նաև ՉԺՀ-ում և Աֆղանստանում:

Ժամանակակից ղազախերեն

Ժամանակակից ղազախերենում առկա է 3 բարբառ`  

  • Հյուսիս-արևելյան
  • Հարավային
  • Արևմտյան
Ժամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հյուսիս-արևելյան բարբառը: Ղազախերենի հիմնական առանձնահատկությունը շ հնչյունի համապատասխանությունն է չ-ին և ս հնչյունի համապատասխանությունը`   շ-ին: Գրական ղազախերենը ձևավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսին`   ղազախ լուսավորիչներ Կունանբաևի և Ալթընսարինի ջանքերով: Այբուբենը սկզբնական շրջանում արաբագիր էր, ապա`   լատինագիր, 1940 թվականից ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործածությամբ): Մոտ 8-8.5 մլն մարդկանց համար համարվում է մայրենի լեզու:
 
Գրականություն
 
Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Ալփամըս») երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունը: 18-19րդ դարերում ղազախական մշակույթի զարգացմեն նոր փուլ սկսվեց`   կապված Ղազախստանի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ: 19-րդ դարի 2-րդ կեսին Ասետ Նյամբաևը, բանաստեղծուհի Սառա Տսանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը և ուրիշներ զարգացրին այտըսը (ժողովրդական երգերի մրցույթներ)`   ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշումների դեմ ուղղված միջոց: Ղազախական խորհրդային գրականության (սոցիալիստական ռեալիզմի) հիմնադիրներն են բանաստեղծ-հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը, բանաստեղծներ Բայմագամետ Իզտոլինը, Իլիաս Ջանսուգուրովը, Սաբիթ Մուքանովը և այլն: 1941-1945 թթ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ղազախական գրականությունը նույնպես արտացոլեց խորհրդային պետությունների մարտական, աշխատանքային սխրանքները: Զարգացած է հայ-ղազախական գրական կապը: Հայերեն են թարգմանվել Ալիմժանովի, Կունանբաևի, Մուքանովի և այլոց մի շարք գործեր: Ղազախերեն են թարգմանվել Խաչատուր Աբովյանի, Շիրվանզադեի, Ստեփան Զորյանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Հովհաննես Թումանյանի և այլոց ստեղծագործությունները:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: