Հանրագիտարան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ- Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 3 ասոցիացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 մլն., որից 220 մլն. ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը (պաշտոնական կայքի հասցեն`   www.francophonie.org)։

ՖՄԿ առանցքային գործունեությունն է հանդիսանում աջակցությունը անդամ երկրների կողմից որդեգրած քաղաքականության ամրապնդմանը և համագործակցության ոլորտում բազմակողմանի ծրագրերի իրականացումը։
 
ՖՄԿ գերակայությունների և հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը և լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային և քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը և գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացումը`   ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման։
 
Ֆրանկոֆոնիայի որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը Երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, և ՖՄԿ գլխավոր քարտուղարը: 2003 թվականից ի վեր ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է Սենեգալի Հանրապետության նախկին նախագահ պարոն Աբդու Դիուֆը, որը ՖՄԿ ղեկավարի պաշտոնին վերընտրվել է 2010թ. Մոնթրե քաղաքում կայացած գագաթաժողովում։
 
Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթաժողովում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ստանձնել է գագաթաժողովի ներկայիս նախագահությունը:
 
Ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությունն իրականացվում է ՖՄԿ-ի և վերջինիս չորս գործընկեր կառույցների կողմից`   Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (Agence Universitaire de la Francophonie - AUF), TV5 Monde հեռուստաընկերություն, Ալեքսանդրիայում Սենգորի անվան համալսարան (Université Senghor d’Alexandrie) և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա (Association Internationale des Maires Francophones -AIMF)։
 
ՖՄԿ խորհրդարանը խորհրդատվական մարմին է և կոչվում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով (ՖԽՎ - Assemblée parlementaire de la Francophonie)։ Վերջինիս դերն է ՖՄԿ գործադիր ատյաններում ֆրանկոֆոն երկրների ժողովուրդների շահերի և ակնկալիքների ներկայացումը, այդ երկրներում ժողովրդավարության և իրավունքի ամրապնդումը և ամենակարևորը`   մարդու իրավունքների պաշտպանությունը ֆրանկոֆոն հանրության ներսում։
 
ՖԽՎ-ում ընդգրկված են 48 անդամ, 16 ասոցացված և 13 դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: