Հանրագիտարան

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ ստեղծվել է 1945թ.-ին: Նստավայրը Հռոմում է: ՊԳԿ-ի նպատակներն են`   կենսամակարդակիը սննդի որակի բարձրացումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ արդյունավետ բաշխման խթանումը, գյուղական շրջանների բնակչության կենսապայմանների բարելավումը եւ սովի նվազեցումը:

Ներկայումս ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգում գործող ամենամեծ մասնագիտացված կառույցն է, որն ունի 183 անդամ երկրներ 7 մեկ անդամ կազմակերպություն`   Եվրամիությունը: ՊԳԿ-ի հատուկ առաջնայնություններից է գյուղատնտեսության կայուն զարգացումը, սննդի արդյունաբերության եւ սննդի անվտանգության աճի ապահովումը եւ բնական ռեսուրսների պահպանման երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը:

Կազմակերպության ֆունկցիաները
 
ՊԳԿ-ն գործնական աջակցություն է ցուցաբերում զարգացող երկրներին իր բազմաբնույթ տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով, որոնցում ինտեգրված մոտեցում է ցուցաբերվում բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական գործոններին:
ՊԳԿ-ն հավաքագրում, վերլուծում, մեկնաբանում եւ տարածում է պարենին, գյուղատնտեսությանը, անտառտնտեսությանը եւ ձկնորսությանը վերաբերող տեղեկատվություն:
 
ՊԳԿ-ն տրամադրում է անկախ խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսական քաղաքականության եւ այլ կազմակերպչական եւ իրավական հարցերի շուրջ: Այն խորհրդատվություններ է անցկացնում նաեւ գյուղական շրջանների զարգացման, սննդի անվտանգության եւ աղքատության կրճատման ազգային ռազմավարությունների վերաբերյալ:
 
ՊԳԿ-ն, փաստորեն, հանդիսանում է յուրօրինակ խորհրդաժողով, որտեղ բոլոր ազգությունները կարող են քննարկել պարենի եւ գյուղատնտեսության հիմնախնդիրներ եւ մշակել համապատասխան քաղաքականություն:
 
Կառուցվածքը
 
Համաժողովը հանդիսանում է ՊԳԿ-ի բարձրագույն կառավարող մարմինը: Բաղկացած է ՊԳԿ-ի բոլոր 184 անդամներից եւ գումարում է իր նստաշրջանները երկու տարին մեկ: Համաժողովի գլխավոր ֆունկցիաներն են. սահմանել կազմակերպության քաղաքականությունը, հաստատել բյուջեն եւ խորհուրդներ տալ անդամ պետություններին ու միջազգային կազմակերպություններին ՊԳԿ-ի նպատակներին վերաբերվող խնդիրների առնչությամբ:
 
Համաժողովն ընտրում է Խորհուրդ, որը հանդիսանում է ՊԳԿ-ի գործադիր մարմինը եւ բաղկացած է 49 անդամ պետություններից: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ընտրվում է 3 տարի ժամկետով, ընդ որում ամեն տարի ընտրվում է խորհրդի անդամների 1/3-ը: Ընտրությունների համար ՊԳԿ-ի անդամները բաժանվում են 7 տարածաշրջանների միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ունի տեղերի հաստատուն քանակ: Խորհուրդը հանդիպումներ է գումարում համաժողովի նստաշրջանների միջեւ եղած ժամանակահատվածում առնվազն երեք անգամ: Խորհրդի նախագահը նշանակվում է Համաժողովի կողմից 2 տարի ժամկետով:
 
Խորհուրդն իր ֆունկցիաներն իրականացնում է իր 8 կոմիտեների միջոցով`   ծրագրային, ֆինանսական, սահմանադրական եւ իրավական հարցերով, ապրանքային հիմնախնդիրների, ձկնորսության, անտառտնտեսության, գյուղատնտեսության եւ համաշխարհային պարենային անվտանգության:
 
Համաժողովը ընտրում է նաեւ ՊԳԿ գլխավոր տնօրենին 6 տարի ժամկետով: Ներկայումս ՊԳԿ գլխավոր տնօրենն է Ժակ Դյուֆը (Սենեգալ), ընտրվել է 1994թ.-ին, վերընտրվել 2000 եւ 2006 թվականներին:
 
Ֆինանսներ
 
ՊԳԿ գործունեությունը բաժանվում է երկու ոլորտի`   մշտական եւ ճյուղային: Մշտական ծրագիրը ընդգրկում է ՊԳԿ ներքին գործառնությունների ֆինանսավորումը, ներառյալ աջակցություն ճյուղային աշխատանքներին, խորհրդատվություն կառավարություններին ագրարային քաղաքականության հարցերով, զարգացման բազմաբնույթ ծրագրեր: Այն ֆինանսավորվում է անդամ պետությունների կողմից, Համաժողովի կողմից սահմանված դրույքաչափերի չափով:
 
Ճյուղային ծրագիրը ապահովում է ՊԳԿ զարգացման ռազմավարության իրագործումը`   ազգային կառավարությունների կամ այլ գործակալությունների հետ համատեղ ձեռնարկված ծրագրերի միջոցով: Ճյուղային ծրագրի ֆինանսական միջոցների գրեթե 77%-ը ստացվում է ազգային հոգեբարձուական հիմնադրամներից, իսկ 9%-ը`   ՄԱԿ-ի զարգացման ծրագրից: ՊԳԿ-ը իր մշտական բյուջեից ապահովում է ճյուղային ծրագրերի միջոցների 13%-ը Տեխնիկական համագործակցության ծրագրի եւ 1%-ը Սննդի անվտանգության հատուկ ծրագրի միջոցով:
 
Բարեփոխումներ ՊԳԿ-ում
 
1994թ.-ից ի վեր ՊԳԿ-ն ենթարկվել է մի շարք բարեփոխումների`   գործունեության ապակենտրոնացման եւ ծախսերի կրճատման ուղղությամբ: Բարեփոխումները հիմնականում առնչվում էին հետեւյալ խնդիրներին`   սննդի անվտանգության խնդիրների կարեւորում, զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրների փորձագետների ներգրավում, մասնավոր հատվածի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապերի ընդլայնում, ՊԳԿ տվյալների բազաների եւ փաստաթղթերի էլեկտրոնային մատչելիության աճ:
 
1999թ. Համաժողովը հաստատեց մինչեւ 2015թ. ՊԳԿ հետագա գործունեությունը առաջնորդող Ռազմավարական հայեցակարգը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: