Հանրագիտարան

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից Տաշքենդում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ: Հաջորդ տարի պայմանագրին են միանում Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում 1994թ. ապրիլի 20-ին: Այն նախատեսված էր 5 տարով եւ երկարաձգման հնարավորություն ուներ:

Հինգ տարի անց, 1999թ. ապրիլի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահներն արձանագրություն են ստորագրում պայմանագրի գործողությունը եւս 5 տարով երկարաձգելու մասին, սակայն Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը հրաժարվում են երկարաձգել պայմանագիրը:
 
2002թ. մաիսի 14-ին մոսկովյան նստաշրջանի ժամանակ որոշվում է ՀԱՊ-ը վերածել լիարժեք միջազգային կազմակերպության`   Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ): Մի քանի ամիս անց ստորագրվում են կազմակերպության Կանոնադրությունը եւ ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը, որոնք, բոլոր անդամ-պետությունների կողմից վավերացվելուց հետո, ուժի մեջ են մտնում 2003թ. սեպտեմբերի 18-ին:
ՀԱՊԿ խնդիրներն են`   պաշտպանել անդամ-երկրների տարածքային-տնտեսական տարածությունը բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր չափերի բնական աղետներից:
     
2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձեւ է ընդունում Գլխավոր Ասամբլեայում ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ:
2006թ. օգոստոսի 16-ին Սոչիում որոշում է ստորագրվում Ուզբեկստանի`   ՀԱՊԿ-ի անդամության վերականգնման մասին:
2009թ. փետրվարի 4-ին, երբ ՀԱՊԿ նախագահող երկիրն էր Հայաստանը, Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հավանության են արժանացնում Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը: Այս ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիան հետ մղելու, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, տրանսազգային կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիքի դեմ պայքարում հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու համար:
     
2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարում է, որ հեռանկարում Իրանը կարող է ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրի կարգավիճակ ստանալ:
2009թ. հոկտեմբերին Ղազախստանում անցկացվում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները:
ՀԱՊԿ շրջանակներում գործում են հետեւյալ մարմինները. Արտգործնախարարների խորհուրդ, Պաշտպանության նախարարների խորհուրդ, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտե, ՀԱՊԿ միացյալ շտաբ, կազմակերպության քարտուղարություն:
     
ՀԱՊԿ գերագույն մարմինն է հանդիսանում Հավաքական անվտանգության խորհուրդը: Կազմակերպության գլխավոր քարտուղարը նրա բարձրագույն վարչական պաշտոնյան է եւ իրականացնում է մշտապես գործող Քարտուղարության ղեկավարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ-պետությունների քաղաքացիներից եւ հաշվետու է Խորհրդին: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: