Հանրագիտարան

Կարմիր խաչ

Կարմիր խաչը կամ պաշտոնապես՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժումը տարբեր երկրներում ՝ կամավոր ընկերություններ են, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին:

Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Պակիստանում կոչվում է «Կարմիր մահիկ», Իրանում՝ «Կարմիր առյուծի և արևի ընկերություն»:

Պատմություն

1863 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921թ.: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ: Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր: Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու: Բացել է հիվանդանողցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: