Հանրագիտարան

ԵվրԱզԷՍ

Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ) միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ունի անդամ երկրներում (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ, Տաջիկստան, Ոզբեկստան) ընդհանուր արտաքին մաքսային սահմանների ձեւավորման, միասնական արտաքին տնտեսական քաղաքականության, սակագների, գների եւ ընդհանուր շուկայի գործառնության այլ բաղկացուցիչների մշակման նշանակություն:

ԵվրԱզԷՍ կազմակերպությունը դարձել է Մաքսային միության իրավահաջորդը: Եվրասիական Տնտեսական Ընկերակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 10-ին Աստանայում: 2001թ. մայիսի 31-ին բոլոր անդամ երկրների կողմից այն վավերացնելուց հետո, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի եւ Տաջիկստանի ղեկավարները հայտարարեցին նոր միջազգային կազմակերպության փաստացի գործունեության մասին: ԵվրԱզԷՍ-ի հիմնադրումը դարձավ նախ եւ առաջ տնտեսական ոլորտում խոր եւ դինամիկ ինտեգրացման ուղի ընտրած ԱՊՀ 5 երկրների կազմակերպա-իրավական միավորման գործընթացի տրամաբանական ավարտը:

ԵվրԱզԷՍ-ի հիմնական խնդիրներն են.
  • ամբողջ ծավալով ազատ առեւտրի ռեժիմի ձեւակերպման, միասնական մաքսային սակագների եւ ոչ սակագնային կարգավորման միասնական համակարգի ձեւավորման եզրափակում,
  • ապրանքների եւ ծառայությունների առեւտրի ընդհանուր կանոնների հաստատում ապահովելով ապրանքների եւ ծառայությունների ազատ ելքը արտաքին շուկաներ,
  • արտարժութային կարգավորման եւ վերահսկման միասնականացված համակարգի ներդրում,
  • մաքսային կարգավորման ընդհանուր միասնականացված համակարգի ստեղծում,
  • սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի մշակում եւ իրականացում,
  • արտադրության եւ ձեռնարկատիրական գործունեության համար հավասար պայմանների ստեղծում,
  • տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի եւ միասնական տրանսպորտային համակարգի ստեղծում,
  • էներգետիկ ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում,
  • օտարերկրյա ներդրումների շուկա մուտք գործելու համար հավասար պայմանների ստեղծում,
  • ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների տարածքում դրանց քաղաքացիներին կրթություն եւ բժշկական օգնություն ստանալու հավասար իրավունքների տրամադրում,
  • ազգային օրենսդրությունների մոտեցում եւ ներդաշնակեցում,
  • համագործակցության շրջանակներում ընդհանուր իրավական դաշտի ստեղծման նպատակով ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների իրավական համակարգերի փոխգործունեության ապահովում:
ԵվրԱզԷՍ-ի կառավարման մարմիններն են`   Միջպետական խորհուրդը, Ինտեգրացիոն կոմիտեն, Միջխորհրդարանական ասամբլեան եւ Ընկերակցության դատարանը:
 
Միջպետական խորհուրդ
 
ԵվրԱզԷՍ-ի բարձրագույն մարմինն է, որի կազմում են Համագործակցության անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարները: Միջպետական խորհուրդը հրավիրվում է պետության ղեկավարների մակարդակով առնվազն տարին մեկ անգամ, իսկ կառավարության ղեկավարների մակարդակով առնվազն տարին 2 անգամ: 2007թ. հոկտեմբերի 6-ից Միջպետական Խորհրդի նախագահն է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
 
Ինտեգրացիոն Կոմիտե
 
ԵվրԱզԷՍ -ի մշտական գործող մարմինն է, որի կազմում են ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալները: Հիմնական խնդիրը հանդիսանում է ԵվրԱզԷՍ-ի մարմինների փոխգործունեության ապահովումը, Միջպետական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման վերահսկումը (նիստերը հրավիրվում են տարին առնվազն 4 անգամ):
 
Քարտուղարություն
 
Քարտուղարությունը իրականացնում է Միջպետական խորհրդի եւ Ինտեգրացիոն Կոմիտեի աշխատանքների կազմակերպման եւ տեղեկատվատեխնիկական ապահովման խնդիրները: ԵվրԱզԷՍ-ի գլխավոր քարտուղարը նշանակվում է Միջպետական Խորհրդի կողմից (2007թ. հոկտեմբերի 6-ից Գլխավոր քարտուղարն է Թաիր Մանսուրովը: Քարտուղարությունը գտնվում է Մոսկվայում եւ Ալմա-Աթայում):
 
Մշտական ներկայացուցիչների հանձնաժողով
 
Պետության ղեկավարները ԵվրԱզԷՍ-ում նշանակում են մշտական ներկայացուցիչներ: Մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը կոչված է ապահովել Ընկերակցության աշխատանքները Ինտեգրացիոն Կոմիտեի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ Ընկերակցության եւ ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների համապատասխան մարմինների, գերատեսչությունների ու կազմակերպությունների փոխգործունեությունը:
 
Միջխորհրդարանական ասամբլեա
 
Միջխորհրդարանական համագործակցության մարմինը ԵվրԱզԷՍ-ի շրջանակում դիտարկում է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում կնքված պայմանագրերին վերոնշյալ օրենսդրությունների համապատասխանեցման հարցերը: (Միջխորհրդարանական ասամբլեայի մեջ մտնում են 28 խորհրդարանականներ ՌԴ-ից, 14-ը Բելառուսից եւ Ղազախստանից, 7-ը Ղրղզստանից եւ Տաջիկստանից: Քարտուղարությունը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում):
 
Ընկերակցության դատարան
 
Ընկերակցության դատարանն ապահովում է պայմանավորվող պետությունների կողմից Եվրասիական Տնտեսական Ընկերակցության ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաեւ Ընկերակցության շրջանակում գործող այլ պայմանագրերի եւ ընդունված որոշումների միասնական իրագործումը: Ընկերակցության դատարանը քննարկում է նաեւ ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների միջեւ առաջացող տնտեսական բնույթի վեճեր: (Ընկերակցության դատարանը գտնվում է Մինսկում):
 
Ընկերակցության շրջանակում գործում են նաեւ մի շարք օժանդակ մարմիններ: Ինտեգրացիոն կոմիտեին կից գործում է Էներգետիկ քաղաքականության խորհուրդ, Տրանսպորտային քաղաքականության խորհուրդ, Սահմանամերձ հարցերի խորհուրդ, Մաքսային ծառայությունների կառավարիչների խորհուրդ, Հարկային ծառայության կառավարիչների խորհուրդ, Արդարադատության նախարարների խորհուրդ:
 
2003-ին Ընկերակցությունը ստացավ դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի ԳԱ-ում:
 
Հայաստանում ի տարբերություն ԵվրԱզԷՍ-ի անդամ երկների գործում է արտարժութային կարգավորման ավելի ազատ եւ պարզեցված ռեժիմ, ինչ վերաբերում է Ընկերակցությանը անդամակցության խնդիրներին, ապա, ելնելով վերոնշյալ օրենսդրական տարբերություններից`   ՀՀ որոշում է ընդունել միանալ Ընկերակցությանը դիտորդի կարգավիճակով:
 
2003թ. ապրիլի 27-ին Դուշամբեում կայացած Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Միջպետական Խորհրդի հերթական նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստացավ դիտորդի կարգավիճակ: Հայաստանը, որպես դիտորդ երկիր, կարող է լիարժեք մասնակցություն ունենալ տնտեսական համագործակցության ընթացիկ բոլոր ծրագրերում, կարող է նաեւ հանդիսանալ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում ստեղծված Գործարար Խորհրդի լիարժեք անդամ:
 
ՀՀ-ին դիտորդի կարգավիճակ շնորհվելուց հետո վարչության կողմից առավել հետեւողական աշխատանք է տարվում ԵվրԱզԷՍ-ում ընթացող գործընթացներին համապատասխան մասնակցության առումով:
 
ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի եւ Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման մասին համապատասխան որոշումները ընդունվել են ս/թ. փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած կազմակերպության Միջպետական խորհրդի նիստի ժամանակ, որտեղ մասնակցում էին ԵվրԱզԷՍ-ի անդամ-երկրների, ինչպես նաեւ Հայաստանի`   որպես դիտորդ-երկրի նախագահները:
 
Հիմնադրամի ընդհանուր գումարը`   10 մլրդ ԱՄՆ դոլար է: ՌԴ մասնաբաժինը կկազմի 7.5մլրդ., Ղազախստանինը`   1 մլրդ. դոլար, , Բելառուսինը`   10 մլն., հայկական, ղրղզական եւ տաջիկական մասնաբաժինները`   մեկական մլն. դոլար յուրաքանչյուրը:
 
2009թ. ապրիլ ամսին ՀՀ կառավարության որոշման համաձայն Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ընդգրկվեց ԵվրԱզԷՍ-ի բարձր տեխնոլոգիաների Կենտրոնի դիտորդական խորհրդի կազմում եւ ներկայումս համակարգում է Կենտրոնի հետ կապված բոլոր խնդիրները, իսկ Հակաճգնաժամային ֆոնդի խնդիրները համակարգում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:
 
2009թ. մայիսի 8-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ԱԳՆ ներկայացվեցին Եվրասիական տնտեսական համագործակցության »Հակաճգնաժամային ֆոնդի հիմնադրման մասին» համաձայնագրի եւ «Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման» հայեցակարգի նորացված նախագծերը, որոնք անցան միջգերատեսչական համաձայնեցման համապատասխան փուլերով:
 
2009թ. մայիսի 14-16-ը ՌԴ-ում կայացած ԵվրԱզԷՍ-ի Ինտեգրացիոն Կոմիտեի քարտուղարությունում կազմակերպված խորհրդակցությանը ՀՀ-ից մասնակցեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Այդ խորհրդակցության ընթացքում ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ ՀՀ ներկայացուցչի կողմից քննարկվեցին հետեւյալ փաստաթղթերի նախագծերը.
 
  • ԵվրԱզԷՍ-ի «Հակաճգնաժամային ֆոնդի հիմնադրման մասին» պայմանագիրը եւ «Հակաճգնաժամային ֆոնդի միջոցների կառավարման մասին» համաձայնագիրը:
  • «Հակաճգնաժամային ֆոնդի հիմնադրման մասին» համաձայնագրերը
  • «Հակաճգնաժամային ֆոնդի հիմնադրման մասին» դրույթները
  • «Հակաճգնաժամային ֆոնդի միջոցների կառավարման մասին» համաձայնագրերը
  • ԵվրԱզԷՍ-ի «Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի» հայեցակարգերը
  • ԵվրԱզԷՍ-ի «Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի» մասին դրույթներ:

Հարկ է նշել, որ ՀՀ-ն, չհանդիսանալով ԵվրԱզԷՍ-ի լիիրավ անդամ, Հակաճգնաժամային ֆոնդի եւ Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հետ կապված իր բոլոր գործառույթները կատարում է հատուկ կարգավիճակով եւ ընթացակարգով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: