Հանրագիտարան

ԱՊՀ

ԱՊՀ-ն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը ԱՊՀ-ին:
 
1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը, որի համաձայն համագործակցության հիմնական նպատակներն են. 
 
- փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
 
- անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում, ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը,
 
- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն,
 
- անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը, միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը,
 
- աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ շփմանը ԱՊՀ-ում,
 
- փոխադարձ իրավական օժանդակունը և համագործակցությունը իրահարաբերությունների այլ ոլորտներում,
 
- ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը:
2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքմենստանը հայտարարեց, որմասնակցելու է ԱՊՀ-ին որպես «ասոցացված անդամ»:
 
Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով.
 
- Պետությունների ղեկավարների խորհուրդ
- Կառավարությունների ղեկավարների խորհուրդ
- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ
- Տնտեսական խորհուրդ
- Պաշտպանության նախարարների խորհուրդ 
- Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ 
- Միջխորհրդարանական վեհաժողով
- Տնտեսաական դատարան:
 
Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների
ղեկավարների խորհուրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող- մարմին է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը, որոնք գործում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կից:
 
Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և
համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկ քաղաքում`  Մոսկվայում մասնաճյուղով:
 
1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19 ):
 
ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում ճյուղային համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը:
 
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում պետության ունեցած շահերով:
 
ՀՀ մասնակցում է ԱՊՀ բոլոր մարմինների գործունեությանը, բացառությամբ ԱՊՀ տնտեսական դատարանի:
 
2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում ԱՊՀ գագաթաժողովն ընդունեց Համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը և նրա իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:
 
2009 թվականի նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԿՂԽ կողմից Յալթայում հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների երկարատև համագործակցության հիմնական ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև որոշում կայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին`   ուղղված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը:
 
2010 թվականի դեկտեմբերի 9-10-ին Մոսկվայում կայացան ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:
 
ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստին քննարկվեցին 18 փաստաթղթերի նախագծեր`  ուղղված միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը տնտեսության բնագավառում, ինչպես նաև հումանիտար և անվտանգության ապահովման ոլորտներում:
 
2010 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԱՊՀ ՊՂԽ նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ընթացակարգային հարցերի, ինչպես նաև ԱՊՀ հետագա ամրապնդման և ակտիվության բարձրացման արդիական խնդիրների վերաբերյալ: Նիստին քննարկվել և ընդունվել են որոշումներ ավելի քան 20 փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են համագործակցության ակտիվացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման և Համագործակցության գործունեության այլ ուղղություններով:
 
Համաձայն մոսկովյան հանդիպման`   ԱՊՀ մարմիններում նախագահությունը Ռուսաստանի Դաշնությունից 2011 թվականի հունվարի 1-ից անցավ Տաջիկստանի հանրապետությանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: