Հանրագիտարան

Կուսակցական համակարգեր

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով:

Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն: Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

  • միակուսակցական,
  • երկկուսակցական,
  • բազմակուսակցական:
Այս դասակարգման հիմքում դրված է ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը: Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը: Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը: Միակուսակցական համակրգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ: Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ:
 
Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ: Մյուս կարևոր թերությունն այն է, որ պետական կուսակցական բյուրոկրատիան սերտաճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգարում է երկիրը արդյունավետ կառավարելու գործում: Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին: Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա եական ազդեցություն չունեն: Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր: Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին: Մեկի հաղթելու դեպքում, մյուսը դառնում է ընդդիմություն: Այս համակարգերում ընդդիմության դերակատարումը շատ բարձր է, որովհետև այն իրենից ներկայացնում է կառավարող կուսակցության ռեալ այլընտրանք: Երկկուսակցական համակարգը ունի նաև որոշ թերություններ: Այս համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից: Բացի այդ, երկկուսակցական համակարգի պարագայում որոշակի քաղաքական իրավիճակներում ձևավորվում են արմատական-ծայրահեղական մոտեցումները, ամեն ինչ սևի և սպիտակի մեջ ներկայացնելու միտումները, ինչը իր հերթին հասարակությունում առաջացնում է պառակտում 2 հակադիր ճամբարների միջև: Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները:
 
Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն: Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն: Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը: Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ: Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ: Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: