Հանրագիտարան

Հռոմեական կրոնը

Հին հռոմեացիները երկրպագում էին բազմաթիվ աստվածների: Դրանք ներկայացնում էին բնության և հասարակության ուժերը:

Բազմաստվածությունը

Հեթանոսական աստվածները միավորված էին մեկ ընտանիքի մեջ: Համաձայն հռոմեական պատկերացումների՝ ողջ տիեզերքը նույնպես մեկ միասնական ընտանիք էր, որտեղ ամեն ոք կատարում էր իր պարտականությունները: Հռոմեական գլխավոր աստվածները հունականի պես 12–ն էին: 
 
Յուպիտերը աստվածների հայրն էր, երկնքի, ամպրոպի, օրենքի դիցը: 
Յունոնան՝ Յուպիտերի կինը, աստվածների մայրն էր, ընտանիքի դիցուհին: 
Կվիրինը հասարակական կարգի և արդարության դիցն էր: 
Մարսը ռազմի դիցն էր: Վեներան սիրո և գեղեցկության դիցուհին էր: 
Միներվան արհեստների, արվեստների, իմաստության և ռազմի դիցուհին էր: 
Նեպտունը գետերի, լճերի, ծովերի, օվկիանոսի դիցն էր: 
Վուլկանը ընդերքի, հրաբխի, դարբնության դիցն էր: 
Մերկուրիոսը Յուպիտերի բանբերն էր, առևտրի, ճանապարհների, նավագնացության դիցը: 
Դիանան անտառների, բուսականության,լուսնի դիցուհին էր:
Սատուրնոսը երկրագործության, բերքատվության, առատության դիցն էր:
Լիբերոսը խաղողի, գինու դիցն էր:
 
Կային նաև բազում տեղական աստվածություններ: Հռոմեացիները հատուկ ակնածանքով էին վերաբերվում նախնիների հիշատակին: Պաշտում էին նրանց՝ իբրև ընտանիքի պահապան ոգիների: Աստվածներին ու նախնիներին նվիրված շատ տոներ կային: Այսուհանդերձ, հռոմեացիների և աստվածների հարաբերությունները բավական գործնական էին: Դիմելով վերջիններիս՝ նրանք սովորաբար կրկնում էին. «Տալիս եմ, որ տաս»: Այսինքն՝ քեզ նվերներ եմ բերել և երկրպագում եմ, որպեսզի դու էլ ինձ տաս այն, ինչ ուզում եմ:
 
Քրիստոնեության ծագումը և տարածումը
 
Առաջին դարում Պաղեստինում ձևավորվեց մի նոր կրոն`   քրիստոնեությունը: Այն նվիրված էր Տիեզերքն արարող ամենակարող Աստծու պաշտամունքին: Աստված հայրական սիրով է վերաբերվում աշխարհին ու մարդկանց և հանուն նրանց աշխարհ է առաքել իր միակ որդուն`   Հիսուս Քրիստոսին: Նա փրկիչ է. եկել է աշխարհ, որպեսզի մարդկանց ցույց տա ճշմարիտ կյանքի ուղին:Քրիստոսի հետևորդները հավատում էին, որ կատարելով նրա պատվիրանները`   կարող են ապրել երջանիկ կյանքով, իսկ մահվանից հետո հայտնվել դրախտում: Քրիստոնյաների համայնքները սկզբնական շրջանում սակավաթիվ էին`   բաղկացած հիմնականում ստորին խավերի ներկայացուցիչներից: Նրանց հետապնդում էին և ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց կենդանի այրել են կամ կրկեսներում գցել գիշատիչներին ի կեր: Սակայն հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնյաներին սկսեցին հարել նաև վերնախավի շատ ներկայացուցիչներ: Քրիստոնեությունը տարածվեց Հռոմեական կայսրության բոլոր ծագերում՝ Ասորիքում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հունաստանում, Իտալիայում, ավելի ուշ նաև Իսպանիայում, Գալլիայում, Բրիտանիայում և այլուր: Ամենուրեք ստեղծվեցին նրանց համայնքներն՝ իրենց հոգևոր հովիվներով ու առաջնորդներով:
Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը և հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից:
Քրիստոնեության տարածման գործում մեծ նշանակություն ունեցավ նրանց Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը: Այն բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից: Նոր Կտակարանը բաղկացած է չորս Ավետարաններից: Այն նվիրված է Քրիստոսի և նրա տասներկու աշակերտների (առաքյալներ) գործերին և ուսմունքին:
Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք (301 թ.): Սակայն հռոմեական վերնախավի շրջանում հասունանում էր այն գաղափարը, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարևոր միջոց է:
Նրանց ազդեցությամբ ընդունվեց Միլանի հրովարտակը (313 թ.), որով քրիստոնեությունը հավասար ճանաչվեց այլ կրոններին և ստացավ գործունեության ազատություն: Այս գործընթացի ավարտը եղավ այն, որ հետագայում (381 թ.) քրիստոնեությունը դարձավ Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: