Հանրագիտարան

Հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցները

Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին, որոնց կազմավորման գործընթացների մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Այդ պատճառով պատմաբանները ստիպված են դիմել ժողովրդական ավանդազրույցներին, որոնք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։

Դրանց մեջ ժամանակագրական առումով առավել հինը հունականն է, որը գրի է առել և սերունդներին թողել հույն աշխարհագետ Ստրաբոնը։ Հունական ավանդազրույցը, որի ակունքները, անշուշտ,նույնպես հայկական են, հարմարեցված է հունա-մակեդոնական քաղաքական շահերին։ Պատմվում է այն մասին, թե ինչպես արգոնավորդ Յասոնի հետ Կողքիս (Կոլխիդա) եկած Արմենոսը, որ Հունաստանի Թեսալիա երկրամասից էր`   Արմենիոն քաղաքից, չի  վերադառնում Հունաստան: Նա՝ իջնելով հարավ, իր ուղեկիցների հետ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում`   տարածվելով անգամ մինչև Հյուսիսային Միջագետք։ Ավանդազրույցի համաձայն երկիրը Արմենոսի անունից ստանում է Արմենիա անվանումը։

Հայկի և Բելի պատմությունից, որ մեզ է հասել Մովսես Խորենացու (V դարի պատմիչ) և Սեբեոսի (VII դարի պատմիչ) աշխատությունների միջոցով, պարզ է դառնում, որ հայկական և հունական ավանդապատումները ոչ թե իրար հակասում են, այլ լրացնում։ Հայկական ավանդապատումը ծագում է հեթանոսական անհիշելի ժամանակներից։ Հետագայում քրիստոնյա հայ պատմիչների կողմից այն հարմարեցվել է քրիստոնեական աշխարհընկալմանը: Ասվում է, որ հայերի նախնի Հայկը չի կամենում ճանաչել բռնակալ Բելի իշխանությունը։ Բաբելոնում անհաջող աշտարակաշինությունից հետո, իր ամբողջ գերդաստանով և միացած մարդկանցով ու ստրուկներով, թվով 300 հոգի, չվում է դեպի Արարադի երկիրը։ Հաստատվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում։ Հնազանդեցնելով տեղի սակավաթիվ բնակիչներին և երկիրը հանձնելով իր թոռ Կադմոսին՝ նա շարժվում է հյուսիս-արևմուտք և բնակություն հաստատում Հարքի դաշտավայրում։ Բելը փորձում է խաղաղ միջոցներով իրեն ենթարկել Հայկին, սակայն, հաջողության չհասնելով, որոշում է ուժով հպատակեցնել Հայկին և Հայկյաններին։
 
Իմանալով Բելի հարձակման մասին՝ Հայկը շարժվում է նրան ընդառաջ և ճակատամարտ տալիս նրա զորքերին Վանա լճից արևելք՝ Հայոց ձորում։ Հայկի և Հայկյանների կատաղի դիմադրությունից զարհուրած Բելը փորձում է նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը և սպասել իր հիմնական զորքերի գալստյանը։ Սակայն աղեղնավոր Հայկը, կռահելով այդ, առաջ է շարժվում և նետով խոցում Բելի զրահապատ կուրծքը։ Բելը տապալվում է և հոգին փչում, իսկ նրա զորքը ցրվում է։ Հայկը հաղթանակի վայրում դաստակերտ է շինում՝ անվանելով Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է Հայք։ Հայկի մահից հետո Արամանյակը, շարժվելով հյուսիս, Հաստատվում է Այրարատյան դաշտում, իսկ նրա որդի Արամայիսը հիմնադրումէ Արմավիրը։
 
Նրա հաջորդներից էր Արա Գեղեցիկը, որի անունով էլ Արագած և Մասիս լեռների միջև ընկած դաշտը ստանում է Այրարատ անունը։ Ավանդության շարունակությունից պարզվում է, որ Հայկի սերնդից էր Արամը, որն ընդարձակում է Հայաստանը բոլոր ուղղություններով, և նրա սխրագործությունների պատճառով օտարները Հայաստանը կոչում են Արամի անունով Արմենիա, իսկ հայերին՝ արմնիկ (իմացի՛ր արմանիկ)։
 
Վրացական ավանդապատումի համաձայն՝ Հայկը և նրա եղբայրներ Քարթլոսը, Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել են Թարգամոսի (Թորգոմի) որդիները։ Կովկասի ժողովուրդների նախահայր Թորգոմն իր որդիներով և ամբողջ ժողովրդով Բաբելոնից գալիս է և հաստատվում Մասիս և Արագած լեռների միջև փռված դաշտում։ Շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և նրա որդիները տարածվում են ու ընդարձակում իրենց բնակության սահմանները մինչև Կովկասյան լեռները և դրանից հյուսիս։ Հոր մահից հետո անդրանիկ որդի Հայկն իր եղբայրների հետ ապստամբում է աշխարհի առաջին բռնակալ Նեբրովթի (Բելի) դեմ և մարտում սպանում նրան։ Դրանից հետո Հայկի եղբայրները շարժվում են իրենց երկրները և ապրում փոխադարձ սիրո մեջ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: