Հանրագիտարան

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²
Հապավումներ`   Փոստային ինդեքս `   0201-0514
ISO 3166-2`   AM.AG
FIPS 10-4`   AM01

Մարզի ընդհանուր նկարագիրը

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:
 
Բնական պայմանները և հարստությունները
 
Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:
Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս - սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:
Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
 
Արագածոտնի մարզի քաղաքները
 
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:
Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:
Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք: Մարզային կենտրոն դառնալուց հետո (1995թ.) կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառություն: Քաղաքում մարզային ղեկավար մարմիններից բացի գործում են հայտնի գիտական հաստատություններ, ժամանակակից արդյունաբերական ձեռնար­կություններ, կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկներ:
Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: