Հանրագիտարան

Բժշկագիտություն

Բժշկագիտությունը տեսական և փորձնական գիտելիքների համակարգ է, որի նպատակը մարդու առողջության պահպանումն ու ամրապնդումն է, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը:

Բժշկագիտությունն ամենահին գիտություններից է: Դեռևս նախամարդու կենցաղում գոյություն են ունեցել անձնական հիգիենայի տարրական կանոններ: 

Վաղ շրջանում բժշկագիտությունը կրել է փորձնական բնույթ: Այն զարգացած է եղել Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում, Հնդկաստանում, Իրանում: Բաբելոնի թագավոր Համուրապիի (մ.թ.ա. XVIII դար) օրենսգրքում շարադրված են եղել բժշկի պարտականությունները: Հին Չինաստանում պատվաստումներ են կատարել բնական ծաղիկի դեմ, ցավազրկման նպատակով օգտագործել հաշիշ, օպիում, մշակվել են անոթազարկի և մեզի քննությամբ ախտաճանաչման եղանակներ: Հին հույն բժիշկ, «բժշկության հայր» Հիպոկրատը (մ.թ.ա. 460–377 թթ.) հիվանդությունների առաջացումն ու զարգացումը կապել է արտաքին ազդակների (օդ, ջուր, տեղանք) հետ: Հելլենիստական Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում բժիշկներ Հերոփիլոսը, Էրազիստրատոսը (մ.թ.ա. III դար) կատարել են կենդանահատումներ, դիահերձումներ և վիրաբուժական միջամտություններ:
 
XIX դարի կեսին որպես ցավազրկող և անզգայացնող նյութեր սկսեցին օգտագործել եթերը և քլորոֆորմը: Այդ ժամանակ ֆիզիոլոգիան առանձնացավ որպես ինքնուրույն գիտություն: Ստեղծվեց էլեկտրաֆիզիոլոգիայի բաժին, կիրառվեցին կենսահոսանքների գրանցման, էլեկտրասրտագրության, էլեկտրաուղեղագրության եղանակներ: XIX դարի 2-րդ կեսին հայտնաբերվեցին վարակիչ հիվանդությունների (հետադարձ տիֆ, ամեոբային դիզենտերիա) հարուցիչները, տուբերկուլոզի ցուպիկը, խոլերայի վիբրիոնները, մշակվեցին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման նոր եղանակներ, հիմնադրվեց իմունաբանությունը: Ռենտգենյան ճառագայթների գյուտով հիմք դրվեց ռենտգենաբանությանը և ճառագայթաբանությանը: XX դարի սկզբին հիմնադրվեցին վիրուսաբանությունը և բժշկական ներզատաբանությունը, վիտամինների մասին ուսմունքը: Օրգանական քիմիայի նվաճումները նպաստեցին նոր դեղամիջոցների հայտնագործմանը. Գերմանիայում ստացան սուլֆանիլամիդային միացություններ, իսկ Անգլիայում՝ պենիցիլին: Կատարելագործվեցին անզգայացման ու վերակենդանացման միջոցները (անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա), արյան ու շիճուկի փոխներարկման (տրանսֆուզիոլոգիա) եղանակները և այլն:
XX դարի սկզբին գենետիկայի զարգացման արդյունքում հնարավոր եղավ փաստացի նյութ հավաքել մարդու ախտաբանական հատկանիշների ժառանգման վերաբերյալ: Իսկ մարդու օրգանիզմում քրոմոսոմների ճշգրիտ թիվը որոշելուց հետո հայտնաբերվեցին քրոմոսոմային հիվանդությունները: Զարգացավ գենետիկական ճարտարագիտությունը, որի խնդիրն էր լաբորատոր պայմաններում ստեղծել նոր ժառանգական հատկանիշներով օժտված օրգանիզմներ, գիտական հիմքերի վրա դրվեց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը:
 
XX դարի 2-րդ կեսին ախտորոշման բնագավառում հատուկ նշանակություն ձեռք բերեց էլեկտրոնային հաշվողական տեխնիկան: Ստեղծվել են վիրահատության ժամանակ անզգայացման, շնչառության և զարկերակային ճնշման մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգեր, կառավարվող պրոթեզներ:
 
XX դարի վերջը նշանավորվեց նաև կլոնավորման առաջին հաջողությամբ. 1997-ին անգլիացի կենսաբան Ուիլմութը հասուն ոչխարի կաթնագեղձի բջիջները փոխպատվաստեց ոչխարի ձվաբջջի մեջ և պտուղ ստացավ՝ հայտնի Դոլի գառնուկը: Այդ նույն եղանակով XXI դարում հնարավոր է թվում մարդու կլոնավորումը, այսինքն կարելի կլինի ստանալ մի քանի երկվորյակներ, որոնք շատ նման կլինեն միմյանց:
 
Ժամանակակից բժշկագիտությունը միտված է սիրտանոթային հիվանդությունների (որոնք կազմում են մահվան բոլոր պատճառների 50 %-ը), քաղցկեղի (ամեն տարի քաղցկեղից մահանում է 2 մլն մարդ), նյարդահոգեկան հիվանդությունների (որոնց մեջ հատուկ տեղ ունեն ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը), վնասվածքների, ՁԻԱՀ-ի ախտորոշման, բուժման ու կանխարգելման եղանակների կատարելագործմանը, շրջակա միջավայրի առողջացման և բնապահպանության համար պայքարի միջոցառումների մշակմանը, բնակչության «ծերացման» խնդիրների (բժշկական օգնություն, ապրելակերպ, սոցիալ-տնտեսական հետևանքներ) լուծմանը: 
 
Բժշկագիտությունը Հայաստանում
 
Հայաստանում բժշկական գործիքներ հայտնաբերվել են դեռևս ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումներից: III–IV դարերում գոյություն է ունեցել նաև բորոտանոց: IX–XIV դարերում ստեղծվել են բժշկական դպրոցներ ու «բժշկանոցներ»: Այդ ժամանակաշրջանի ականավոր բժիշկներից են Մխիթար Հերացին (XII դար), Գրիգորիսը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար) և ուրիշներ: 
 
1930 թ-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց Երեվանի պետական բժշկական ինստիտուտի (ներկայումս`   Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան), որի ամբիոններում և տարեցտարի ավելացող գիտահետազոտական հաստատություններում ուսումնասիրվում են տեսական և կիրառական բժշկագիտության կարևորագույն խնդիրներ: 
 
Աստիճանաբար սկսեցին առանձնանալ և որպես ինքնուրույն գիտություններ ձևավորվել բժշկագիտության հետևյալ ճյուղերը. 
բժշկասոցիալական բժշկագիտությունը. ձևավորվել է ընդհանուր, երեխաների և դեռահասների հիգիենայի, սննդի ու ճառագայթային, ջրամբարների պահպանության և ջրամատակարարման հիգիենայի բնագավառների ուսումնասիրություններով: Բացահայտվել է գլխուղեղային արյան շրջանառության մեջ պրոստագլանդինների և գամմաամինակարագաթթվի մասնակցությունը:
 
Ուսումնասիրվել են ՀՀ տարածքի առողջարանային պաշարները, մշակվել սրտային, ստամոքսաղիքային հիվանդությունների հանքային ջրերով բուժման ցուցումներն ու հակացուցումները:  Վիրաբուժության բնագավառում մշակվել են երկարատև ու դժվար ապաքինվող վերքերի հատման, ծնկոսկրի կոտրվածքների բուժման եղանակներ, ազդրի բնածին հոդախախտումների բուժման համար ներդրվել են հատուկ սարքավորումներ: Հիմնվել է վիրաբուժության նոր ուղղություն՝ թոքերի վիրաբուժությունը: Ուսումնասիրվել են որովայնի օրգանների, սրտի և արյունատար անոթների վիրաբուժության տեխնիկայի հարցերը:
 
Սրտային վիրաբուժության բնագավառում ներդրվել են սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման փորձարարական ու կլինիկական տեսակետներ, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժման նոր եղանակներ:
 
Մշակվել են արյան փոխներարկման, անեսթեզիոլոգիայի հրատապ խնդիրեր:
 
Մանկաբուժության բնագավառում զբաղվել են վերին շնչուղիների վիրուսային, վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ:
 
Մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում մշակվել է նոր ուղղության՝ պերինատոլոգիայի դրույթները, ներդրվել պտղի վիճակի ուսումնասիրման նորագույն եղանակներ: 
 
Ակնաբանության բնագավառում կիրառվում է աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստումը: 
 
Ռենտգենաբանության և ուռուցքաբանության բնագավառում մշակվել են ստամոքսաղիքային  և շնչառական համակարգի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման եղանակներ, ստեղծվել է բազմավալենտ սաղմնային հակաուռուցքային պատվաստանյութ:  

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: