Հանրագիտարան

Կենսաբանություն

Կենսաբանությունը կենդանի բնության մասին գիտությունների համալիր է: Այն ուսումնասիրում է կյանքի դրսևորումները, կենդանի օրգանիզմների բոլոր ձևերի (վիրուսներից մինչև մարդ) կառուցվածքը, ֆունկցիաները, ծագումը, զարգացումը, տարածվածությունը, կապը միմյանց և շրջակա միջավայրի հետ:

Կենդանի օրգանիզմներն ուսումնասիրում է կենդանաբանությունը, բույսերը՝ բուսաբանությունը, վիրուսները՝ վիրուսաբանությունը, սնկերը՝ սնկաբանությունը, բակտերիաները՝ բակտերիաբանությունը: Կենսաբանության առանձին բաժիններ ուսումնասիրում են կենդանի օրգանիզմների կառուցվածքը (անատոմիա, հյուսվածաբանություն, բջջաբանություն), դրանց գործառույթները (ֆիզիոլոգիա), հատկանիշների ժառանգման ու դրանց փոխանցման օրինաչափությունները (գենետիկա), կենդանիների և բույսերի կենսակերպն ու փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ (էկոլոգիա), կենդանիների անհատական ու խմբային վարքի և անհատական զարգացման առանձնահատկությունները (զարգացման կենսաբանություն), ինչպես նաև Երկրի վրա կյանքի պատմական զարգացման օրինաչափությունները և այլն:

Ֆիզիկայի, քիմիայի և այլ գիտությունների նվաճումների ու հետազոտման եղանակների լայնորեն օգտագործումը հանգեցրեց մոլեկուլային կենսաբանության հիմք հանդիսացող կենսաքիմիա, կենսաֆիզիկա գիտությունների ձևավորմանը: Տիեզերագնացության սկզբնավորմանը զուգահեռ ծնվեց տիեզերական կենսաբանությունը, որի հիմնական խնդիրն է մարդկանց կենսապահովումը տիեզերական թռիչքների պայմաններում, նաև կյանքի դրսևորումների որոնումն այլ մոլորակներում: Կենսաբանական հետազոտությունների գործնական նշանակությունը չափազանց մեծ է ժողտնտեսության բոլոր ճյուղերի և հատկապես բժշկության համար:
 
Բակտերիաների, վիրուսների, սնկիկների, մարդու և կենդանիների այլ վարակիչ ու մակաբուծական հիվանդությունների հարուցիչների կենսագործունեության ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին մշակել մարդու և կենդանիների մի շարք հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներ:
Էլեկտրոնային մանրադիտակով հետազոտությունները, ռադիոակտիվ իզոտոպները, կենսաքիմիական ու կենսաֆիզիկական հետազոտությունների ժամանակակից եղանակները հնարավորություն տվեցին մոլեկուլային մակարդակով հետազոտել ենթաբջջային կառուցվածքները և դրանց դերը բջիջների կենսագործունեության մեջ, ուսումնասիրել իմունիտետի նուրբ մեխանիզմներն ու հյուսվածքային անհամատեղելիության հաղթահարման շարժընթացը: 
 
Հակաբիոտիկների հայտնագործումը հեղաշրջում կատարեց մի շարք վարակիչ հիվանդությունների բուժման մեջ: Գենետիկայի հաջողությունները թույլ են տալիս ախտորոշել քրոմոսոմների թվի և մարդու գենետիկական ապարատի այլ փոփոխությունների հետ կապված հիվանդությունները: Շրջադարձային է մոլեկուլային կենսաբանության նոր ճյուղի՝ գենային ճարտարագիտության ծագումը, որի գլխավոր խնդիրն է ժառանգականության կառավարումը՝ կենդանի օրգանիզմների գեների վրա ազդելու միջոցով: Այս ձեռքբերումները կարևոր գործնական նշանակություն ունեցան արտադրության նոր ճյուղի՝ կենսատեխնոլոգիայի ստեղծման համար, որը հնարավորություն տվեց արդյունաբերական մասշտաբներով դեղամիջոցների, հորմոնների, վիտամինների և հակաբիոտիկների կենսասինթեզի իրագործման համար, իսկ ապագայում հնարավոր կդառնա նաև սննդի հիմնական բաղադրամասերի՝ ածխաջրերի, ճարպերի ու լիպիդների ստացումը: 
 
Կյանքի ծագման փուլերի հաջորդական վերականգնման, կենսաբանական տեսակների առաջացման ընթացքի և այլ հիմնահարցեր շարունակում են մնալ արդիական նաև կենսաբանության զարգացման ժամանակակից փուլում:
Երկրի կենսոլորտի ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին բացահայտելու կենդանի օրգանիզմների կապն անկենդան բնության հետ. ուսումնասիրվում են կենդանի օրգանիզմների բնական համակեցությունների ու կենսոլորտի փոխադարձ կապը, ինչպես նաև արագ աճող բնակչության ազդեցությունը կենսոլորտի բնականոն շարժընթացների վրա, մշակվում են պահպանման ու արդյունավետության բարձրացման եղանակներ: Այս ճյուղը ներառում է բնության պահպանության ու տնտեսությունների վարման, ինչպես նաև Երկրի վրա կանաչ գոտու ստեղծման արդյունավետ եղանակների մշակման հարցերը: 
 
Կենսաբանության զարգացումը Հայաստանում
 
Վաղ միջնադարի մտածողներ Եզնիկ Կողբացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին և Մովսես Խորենացին դեռևս V դարում իրենց աշխատություններում արծարծել են կենսաբանության հիմունքները: Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստացել XII–XIII դարերում: Բժշկապետ Մխիթար Հերացուն արդեն հայտնի էր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը: Ամիրդովլաթ Ամասիացին տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը:
 
ՀՀ-ում ներկայում գործում են կենսաբանության տարբեր հարցերով զբաղվող մի շարք ինստիտուտներ՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Բուսաբանության, Մանրէաբանության, Ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային կենսաբանության և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: