Հանրագիտարան

Հիսուս-ամենափրկչի արձանը

Հիսուս-ամենափրկչի արձանը հանրահայտ արձան է, որը տեղակայված է Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադու սարի վրա: Այն հանդիսանում է Ռիո դե Ժանեյրոյի և ամբողջ Բրազիլիայի խորհրդանիշը: Արձանն ընտրվել է որպես աշխարհի ժամանակակից 7 հրաշալիքներից մեկը:

Արձանի բարձրությունը 38մ է, այդ թվում՝ պատվանդանը 8մ է, թևերի բացվածքը՝ 28մ: Արձանը կշռում է 1145 տոննա: Համարվում է տարածքի ամենաբարձր կետը և պարբերաբար կայծակի հարվածների թիրախ է դառնում (միջինում՝ տարին 4 անգամ): Կաթոլիկ թեմը հատուկ պահպանում է արձանի կառուցման համար առանձնացված քարերի պաշարը, որպեսզի վերականգնի կայծակի հետևանքով վնասված հատվածները:

Հիսուսի արձանն աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Յուրաքանչյուր տարի այնտեղ են այցելում ավելի քան 1.8 միլիոն զբոսաշրջիկներ, բարձրանում նրա ոտքերի տակ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի քաղաքը, «Շաքարի գլուխ» հանրահայտ սարը, Կապակաբանա և Իպանեմա լողափերը և «Մարականա» հսկայական մարզադաշտը:

Դեպի վերին հատված է բարձրանում Բրազիլիայում առաջին էլեկտրաֆիկացված երկաթուղին իր փոքր գնացքով: Այն կառուցվել է ինժեներներ Պերեյր Պասսոսի և Տերսեյր Սոարեշի կողմից 1882-1884թթ.ին նախքան Հիսուսի արձանի կառուցումը և արդյունքում մեծ դեր է խաղացել հուշարձանի կառուցման գործում: Դեպի հուշարձանի վերին հատված հնարավոր է բարձրանալ նաև ավտոմեքենայով Տիժուկա ազգային այգու միջով:

1921թ.ին Բրազիլիայի անկախության 100-ամյա տարեդարձը ոգեշնչում է Ռիո դե Ժանեյրոյի «հայրերին» ստեղծել Հիսուս-ամենափրկչի հուշարձանը: Հուշարձանի կառուցումը տևել է մոտ 10 տարի՝ 1922-ից 1931թթ.:

Նախնական էսքիզը մշակվել էր նկարիչ Կարլոս Օսվանդի կողմից: Հենց նա է առաջարկել Հիսուսին ներկայացնել թևերը բացած օրհնող ժեստով, ինչի արդյունքում էլ հեռվից արձանը ստանում է հսկայական խաչի տեսք: Արձանի բոլոր մասերը պատրաստվել են Ֆրանսիայում: Այն կառուցված է երկաթբետոնից և ճարպաքարից:

1924թ.ին ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդովսկին ավարտում է արձանի գլխի (3.75 մ բարձրությամբ) և ձեռքերի մոդելավորումը:

1931թ.ի հոկտեմբերի 12-ին տեղի է ունենում հուշարձանի հանդիսավոր բացման և օծման արարողությունը:

1965թ.ին արձանը կրկին օծվել է Պավել 4-րդ պապի կողմից, իսկ 1981թ.ին հուշարձանի 50-ամյակի տոնախմբությանը ներկա էր նաև Հովհաննես Պողոս 2-րդ պապը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: