Հանրագիտարան

Լատիներեն

Լատիներենը (Lingua latina) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի իտալական լեզվախմբին։ Այն իտալերենի հետ միասին հանդիսանում է պաշտոնական լեզու Վատիկանում։

Հին Հռոմի լեզուն է. ավանդված է գրական հուշարձաններով`   սկսած մ.թ.ա. 5-րդ դարից և հարուստ գրականությամբ`   մ.թ.ա. սկսած 2-րդ դարից։ 6-9-րդ դարերում դադարել է խոսակցական լինելուց։

Ծագման և զարգացման պատմությունը

Լատիներենը մեռած լեզու է, ինչպես գրաբարը, սանսկրիտը, հին հունարենը, քանի որ հռոմեական կայսրության անկումից հետո(476թ.) չկա այդ լեզուն կրող ժողովուրդը:
 
Լատիներեն բառը ծագում է Լացիում նահանգի անունից, որը գտնվում էր Ապենինյան թերակղզու միջին մասում, ներգրավելով Հռոմը և շրջակայքը, որի բնակիչները լատիններն էին: Հռոմը, որն ըստ ավանդության հիմնվել էր Ք.ա. 753թ-ին, հետզհետե իր իշխանության տակ է առնում հարևան իտալիկ ցեղերին`   սամիտներին, էտրուսկներին, օսկերին, ումբրերին, իսկ Ք.ա. 3-րդ դարից սկսած, նվաճողական քաղաքականության շնորհիվ, իր իշխանության տակ է առնում հին հունական գաղութները Միջերկրական ծովի եզերքով, Կարթագենը, Եգիպտոսը: Ք.ա. 19թ. Հռոմը վերջնականորեն նվաճում է Պիրենեյան թերակղզին`   ներկայիս Իսպանիան և Պորտուգալիան, 51թ-ին`   Գալիան`   ներկայիս Ֆրանսիան, իսկ 106թ-ին`  Դակիան`   ներկայիս Ռումինիայի և Մոլդովայի տարածքները: Ռոմանիզացված երկրներում Հռոմը բռնի կերպով տարածում է իր լեզուն, լատիներենը, որից սերում են ժամանակակից ռոմանական լեզուները`   պորտուգալերենը, իսպաներենը, ֆրանսերենը, իտալերենը, ռումիներենը, պրովանսալերենը, ռետո-ռոմաներենը, կատալաներենը և այլն: Հռոմեական կայսրության անկումից հետո (476թ.) Հռոմը,նրա հետ և լատիներենը, կորցնում են գերիշխող դերը: Նախկին հռոմեական կայսրության յուրաքանչյուր մարզ սկսում է ապրել իր մեկուսացած կյանքով և գնալով նրանց միջև եղած լեզվական տարբերությունները մեծանում են, իսկ 9-րդ դարում արդեն երևան են գալիս ռոմանական լեզուները: Միաժամանակ գրական լատիներենը շարունակում է իր գոյությունը, որպես գրքային,"գիտական" լեզու`   միջին դարերում (5-14դդ.) այսպես կոչված "միջնադարյան" լատիներենը, իսկ Վերածննդի ժամանակաշրջանում (15-16դդ.)`   "հումանիստական" լատիներենը: Որպես կանոն, այս գրքային լեզվով էր տարվում ուսուցումը դպրոցներում և համալսարաններում: Վերածննդի դարաշրջանում լատիներենը դարձավ գիտության հանրաճանաչ միջազգային լեզու,որով կատարվում էր տեղեկատվության գրավոր և բանավոր փոխանակությունը: 16-րդ դարում Եվրոպայի բոլոր երկրներում լատիներեն լեզվով ավելի շատ գրքեր են հրատարակվել, քան եվրոպական լեզուներով: Դեռևս 18-րդ դ. լատիներենը հանդիսանում էր դիվանագիտության միջազգային լեզու: Հատկապես վերածննդի դարաշրջանում է զարգանում լատիներեն լեզվով բժշկական տերմինաբանությունը: Լատիներեն էին գրում եվրոպացի ականավոր գիտնականներ Բեկոնը, Հոբսը, Նյուտոնը, Դեկարտը, Պարացելսը, Կոպերնիկը և այլն: 1723թ. Ստոկհոլմում և 1936թ. Լոնդոնում լատիներեն լեզվով են լուս տեսել մեր ժողովրդի պատմահայր Մովսես Խորենացու հայոց պատմություն աշխատությունը: Հայ հեղինակներից ականավոր հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը 1841թ. Դորպատի (Տարտուի) համալսարանում պաշտպանեց լատիներեն գրված "Starta et Athenae" (Սպարտան և Աթենքը) թեզը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: