Հանրագիտարան

Արբանյակներ

Արբանյակները երկնային մարմիններ են, որոնք պտտվում են որոշակի հետագծով ավելի խոշոր երկնային մարմինների շուրջը:

Լինում են բնական և արհեստական արբանյակներ: Արհեստական արբանյակներն ստեղծել է մարդը: 1957 թ-ի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը երկրամերձ ուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4 անտենաներով: 

Մեր օրերում Երկրի շուրջն արդեն պտտվում են հազարավոր արհեստական արբանյակներ: Երկրի արհեստական արբանյակները մերձերկրյա ուղեծիր են դուրս բերվում կրող հրթիռների, «Կոսմոս» կամ «Շաթլ» տիպի տիեզերական սարքերի օգնությամբ: Արհեստական արբանյակների մի մասը հաղորդում է ռադիո-, հեռուստա- և հեռախոսային ազդանշաններ, մյուսները նկարահանում են Երկրի մակերևույթը և ուսումնասիրում տիեզերական տարածությունը: Արբանյակը տիեզերքում շարժվում է որոշակի`   շրջանաձև կամ ձվաձև հետագծով, որն անվանում են ուղեծիր: Արբանյակը շարժվում է իր ուղեծրով և չի թռչում հեռավոր Տիեզերք, որովհետև նրան պահում է մոլորակի ձգողության ուժը: 
 
Երկրի մակերևույթից 300 կմ հեռավորության վրա գտնվող արբանյակը 1 պտույտը կատարում է 90 րոպեում, իսկ մոտ 36 հզ. կմ հեռավորությամբ պտտվող արբանյակի պտտման պարբերությունը հավասար է արդեն 24 ժամի, այսինքն՝ 1 օրվա: 
 
Արբանյակային հեռուստահաղորդակցման միջազգային միությունը (Ինթելսաթ) կապի արբանյակների լայն ցանց ունի երկրակայուն ուղեծրում: Այժմ պատկերացրեք տիեզերական տարածությունում գտնվող 2 կետ, որտեղ Երկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են, և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետ գտնվում են միևնույն հարթության մեջ (այդ կետերն անվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր): Այդտեղ տեղավորված արբանյակները կգտնվեն կայուն հավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբ մշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը: 
 
Գիտական արբանյակներում փորձարկվում են նաև տիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվող սարքեր, կատարվում կենսաբանական, բժշկական, տարբեր տեխնոլոգիական փորձեր: Օդերևութաբանական արբանյակներն արժեքավոր տեղեկություններ են տալիս օդային զանգվածների շարժման մասին և օգնում կանխագուշակելու եղանակը: Գեոդեզիական արբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում են Երկրի առանձին կետերի կոորդինատները, լուսանկարում մեր մոլորակի մակերևույթը: Նավագնացության արբանյակներով, ինչպես առաջներում`   աստղերով, Արեգակով և Լուսնով, կողմնորոշվում են նավերն ու օդանավերը: Կապի արբանյակների շնորհիվ կարելի է հեռախոսային կապ հաստատել, լսել ու դիտել ռադիո¬ հեռուստահաղորդումները երկրագնդի ցանկացած վայրից:  Արբանյակներն օգտագործվում են նաև հետախուզական նպատակներով: Լրտես-արբանյակները լուսանկարում են Երկրի վրա գտնվող ռազմական օբյեկտները:
 
Երկրի արհեստական արբանյակների հատուկ տարատեսակներ են ուղեծրային կայանները: Ուղեծրային կայանի և Երկրի կապն իրականացվում է տիեզերանավերով: 
 
Արհեստական արբանյակներում մեծ մասամբ օգտագործվում է արևային մարտկոցների էներգիան. դրանք արևի լույսը փոխարկում են էլեկտրաէներգիայի: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: