Հանրագիտարան

Աստղադիտակ

Աստղադիտակը հնարավորություն է տալիս տեսնել անզեն աչքով անտեսանելի առարկաները`   հավաքելով լույսը և ձագարի նման ուղղելով դիտորդի աչքի մեջ:

Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝ ամենապարզից մինչև հատուկ կառույցներում տեղակայված վիթխարի աստղադիտակները:

XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը  սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:
Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը  բազմաթիվ նոր աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:
 
Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ:
 
1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով: 
 
Աստղադիտակները, որոնք հավաքում են լույսը, կոչվում են օպտիկական: Պարզագույն ռեֆրակտորը կազմված է խողովակից և դրա ծայրերում դրված 2 ոսպնյակներից: Առաջին ոսպնյակը՝ օբյեկտիվը, հավաքում է հեռավոր առարկայից եկող լույսը և դրա ճառագայթները կենտրոնացնում միատեղ՝ առարկայի պատկերը ստանալու համար: Այդ պատկերը մեծացվում է երկրորդ ոսպնյակով՝ օկուլյարով, որի միջով մենք դիտում ենք հեռավոր առարկան:
 
Որքան մեծ է աստղադիտակի գլխավոր հայելին կամ ոսպնյակը, այնքան ավելի շատ լույս է հավաքում, և այնքան ավելի թույլ օբյեկտներ է հնարավոր դիտել նրանով: Մթնոլորտի գետնամերձ շերտում կատարվող տարբեր երևույթներ հաճախ խանգարում են ստանալ այն ամբողջ տեղեկությունները, որոնք կարող է աստղադիտակը տալ: Ուստի հաճախ  հարկ է լինում աստղադիտարանները կառուցել բարձր լեռներում կամ տեղադրել Տիեզերք ուղարկվող սարքերի վրա: 
 
Գիտնականները սովորել են հաշվարկել հեռավոր աստղերի ջերմաստիճանները, չափերն ու զանգվածը, դրանց հեռավորությունը Երկրից: Այդ ամբողջ աշխատանքը կատարվում է աստղադիտարաններում, որոնց աշտարակների գմբեթը կարող է պտտվել: Եթե գմբեթում տեղադրված աստղադիտակն ուղղվում է դեպի ընտրված աստղը, և համակարգիչով կարգավորվում է հետևող համակարգի մեխանիզմը, ապա աստղադիտակն ինքն է սկսում հետևել աստղին՝ նրա օրական շարժման ուղղությամբ: Իսկ աստղադիտակի սարքերը լուսանկարչական թիթեղի կամ ժապավենի վրա ինքնուրույն դրոշմում են այն ամենը, ինչ կատարվում է աստղի հետ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: